Ով աշխատի,` ով ուտի


 

Հսկողությունից դուրս մնացած իշխանությունն այլասերում է մարդկանց: Այս իրավիճակը բնորոշ է Ադրբեջանի վերնախավին, քանզի երկրի իշխանությունները, հանձին Ալիևների, մեկուսացած լինելով հասարակությունից և չկրելով հասարակական վերահսկողության գործոնը, լիովին հայտնվել են այլասերման ճանապարհին: Ադրբեջանական նավթի առավելություններից ամենաշատ խոսողը հենց այդ նույն նավթապաշարներից առավելագույն շահույթ ստացող չինովնիկը Իլհամ Ալիևն է.

- Ալիևների ընտանիքը բիզնես ու հարստություն է դիզել ողջ աշխարհում, որի ընդհանուր արժեքը գերազանցում է միլիոնավոր դոլարները: Ալիևի ժառանգներից ամենակրտսերը, որն ընդամենը 13 տարեկան է, Դուբայում 75 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքի սեփականատեր է դարձել,- այս փաստը արձանագրել է CNBC հեռուստաընկերության «Ստոր հարուստներ» (Filthy Rich) փաստավավերագրական ֆիլմի հեղինակ Սքոթ Քոնը, ով ֆիլմի նկարահանման շրջանակներում եղել է Ադրբեջանում:

Ֆիլմը պատմում է նավթով հարուստ երկրների, այդ թվում` Ադրբեջանի ղեկավարների կողմից նավթադոլարների շնորհիվ արտասահմանում շքեղ ունեցվածք կուտակելու փաստերի մասին: Ալիևների ընտանիքի հարստացման փաստը առանձին թեմա է, սակայն ուշագրավ է այդ գերդաստանի հղփացածության չափերը: Նավթապաշարներից միլիոններ կուտակող իշխանավորներից ամենաշատը տուժում են հենց նավթագործները: «Կովկասյան լրատու» պարբերականը վերջերս անդրադարձել էր այդ մարդկանց սոցիալական պայմաններին` նշելով, որ նավթագործներից շատերի ընտանիքները հանրակացարանների նեղլիկ սենյակներում են ապրում.

- Բոլորն ասում են, որ եթե մենք նավթագործներ ենք, ուրեմն ամեն ինչ հիանալի է մեզ մոտ, սակայն իրականում ամենևին էլ այդպես չէ,- պարբերականի լրագրողին բողոքել է նրանցից մեկը` Նայիբա Մեհդիևան:

Մեհդիևների ընտանիքը շատերի պես բնակվում է Բաքվի ծայրամասային հանրակացարաններից մեկում: Իրենց չափահաս դստերը մի փոքր անձնական տարածք տրամադրելու համար Մեհդիևները ստիպված են եղել պարզապես վարագույրով առանձնացնել սենյակի կեսը, իսկ Իլհամ Ալիևի չափահաս դուստրերը Դուբայում միլիոնավոր դոլարների արժողության անշարժ գույքերի սեփականատերեր են: