Կյանքը սերիալներից դուրս


 

Հեռուստալսարանի համար վերջին տարիներին կռիվ տվող սերիալներ ստեղծողները եթերը հեղեղած հեռուստասերիալներին ինտրիգ և լարվածություն հաղորդելու նպատակով` զարմանալիորեն նույնանման մի հնարանք են կիրառում. անսպասելիորեն ազգակցական կապեր են ի հայտ գալիս, տարաբախտ ծնողը գտնում է կյանքի ինչ-ինչ հանգամանք ներում կորցրած զավակին, կամ` զավակները պարզում են, որ ընտանիքը, որտեղ ապրել ու հասակ են առել, ամենևին էլ իրենց հարազատ օջախը չէ...

Հեռուստասերիալներից անցում կատարելով առօրյա կյանք, ասենք, որ օրերս ոստիկանության օպերատիվ հաղորդագրություններում տեղ գտած դեպքերից երկուսը տխուր մտորումների տեղիք են տալիս, և ակամայից սկսում ես նմանություններ գտնել իրական կյանքի և ... հեռուստասերիալների միջև:

Արարատի մարզի գյուղերից մեկի մի բնակչուհուց ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ հարսը` 1990 թ. ծնված Նվարդ Ս.-ն, 2010 թ. ընթացքում ծննդաբերել է և երեխային իր խորթ մոր միջոցով վաճառել անհայտ անձի:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Նվարդ Ս.-ի խորթ մայրը` Մարինե Զ.-ն, 2010 թվականին Արարատ քաղաքի ծննդատան բակում իր երկու օրական թոռնիկին 1.500 ԱՄՆ դոլարով վաճառել է անհայտ անձի:

Ու մինչ ոստիկանները կզբաղվեին վաճառված երեխայի ճակատագրով, նույն մարզային վարչությունում օրեր անց համանման մեկ այլ դեպք է արձանագրվում:

Փետրվարի 27-ի երեկոյան ոստիկանության Մասիսի բաժին է հրավիրվել 41-ամյա Լաուրա Խ.-ն: Պարզվել է, որ նա 2005 թվականին արտամուսնական սեռական հարաբերության հետևանքով հղիացել և սոցիալական ծանր պայմանների պատճառով փոխադարձ համաձայնության գալով` չծնված երեխային 300 ԱՄՆ դոլարով վաճառել է բարեգործական հիմնադրամներից մեկի տնօրեն, մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգ, նախկինում դատված, 54-ամյա Մհեր Ե.-ին:

Լաուրա Խ.-ն իր դստերը` 2005 թ. մայիսի 2-ին ծնված Վիկտորիա Խ.-ին, ծնվելուց մի քանի օր անց, ծննդյան վկայականի հետ միասին, հիշյալ բարեգործական հիմնադրամի շենքում հանձնել է Մհեր Ե.-ին:

Ահա, այսպիսին է կյանքը սերիալներից դուրս: Իսկ թե ինչպիսի՞ զարգացումներ կունենան այս դեպքերը, և ճակատագիրն ի՞նչ նոր անակնկալներ կմատուցի այս փոքրիկ ողբերգությունների մասնակիցներին` ցույց կտա ժամանակը: