ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԵՑ


 

Համամասնական-մեծամասնական ընտրակարգի միջև տևական պայքարն ավարտվեց: Ազգային ժողովը մերժեց ամբողջապես համամասնական ընտրակարգին անցնելու օրենսդրական նախաձեռնությունը, որի շուրջ մեծ աղմուկ էին բարձրացրել մի շարք քաղաքական ուժեր, երթեր ու ցույցեր կազմակերպել, ԱԺ-ի մոտ աղմկարարության հրավիրել իրենց համակիրներին:  Օրինագիծը ստացավ 30 կողմ, 56 դեմ և 4 ձեռնպահ ձայն: Նախագծին կողմ էին քվեարկել ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցություններն ու ԲՀԿ-ից մի քանի հոգի: Հետաքրքիր է, որ ԲՀԿ-ն լինելով նախաձեռնողներից մեկը` Նաիրա Զոհրաբյանի միջոցով հայտարարեց, որ անհրաժեշտ է բացարձակ մեծամասնական ընտրակարգին անցնել աստիճանաբար, փուլ առ փուլ: Ստացվում է, որ այս կուսակցությունը կողմ լինելով` դեմ է արտահայտվել: Դե սա միանգամայն հասկանալի է, որովհետև շատերն են կամենում իրենց շարքերը համալրել նաև մեծամասնականով ընտրված պատգամավորներով, ովքեր օժանդակ «բալանս» են ձևավորում և դառնում «ուղեկիցներ»:

Իսկ մեծամասնական ընտրակարգից չհրաժարվելու կարևոր կռվանը, թերևս, այն է, որ դա միակ միջոցն է, ինչը ազգընտիրներիս ստիպում է գոնե 4 տարին մեկ առնչվել «սիրելի ընտրողների» հետ: Ինչ վերաբերում է իբր ընտրակաշառքները կանխելուն, ապա դա անտրամաբանական է: Եթե այս դեպքում ընտրողներին է մանր-մունր գումարներ բաժանվում, ապա համամասնականի դեպքում միայն կուսակցապետերն են կոռումպացվում: Ուրեմն ո՞րն է չարյաց փոքրագույնը... Ավելին, մի՞թե կաշառք (թեկուզև` ընտրակաշառք) տվողն այդ «ընծան» ընդունողին հավասար մեղսավոր չէ: