ՋՈ˜ՒՐ ԵՆ ԾԱԽՈՒՄ


 

Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված խմելու ջրի թանկացման հայտը բավական անհեթեթ հիմնավորումներ ունի: Պարզվում է, որ դրամ-դոլար հարաբերակցության փոփոխությունը, գնաճը և էլեկտրաէներգիայի (առայժմ անփոփոխ) գինն է մատակարար կառույցին նման նախաձեռնության մղել:

Դեռևս յոթ տարի առաջ կառավարությունն ու ֆրանսիական ընկերությունը պայմանագիր էին կնքել` 2009-ից սկսած ջրի սակագինը պարբերաբար իջեցնելու մասին, և ջրամատակարարը խոստացել էր 10-րդ տարում 1 խմ-ի գինը հասցնել 97 դրամի: Ջրի կորուստների ահռելի ծավալները խանգարել են, որպեսզի պայմանավորվածությունն ավելի կարճ ժամկետում կյանքի կոչվի: Թեև նախորդ տարիներին հենց «Երևան Ջուր»-ի ներկայացրած վիճակագրությունը փաստում է, որ այս ուղղությամբ շոշափելի առաջընթաց գրանցել չի հաջողվել, և կորսվող ջրի ծավալները նախկինի նման ամեն տարի միլիոնավոր խորանարդներով են հաշվվում:

Անցյալ հուլիսին վաղուց սպասված «հրաշքը» վերջապես տեղի ունեցավ, և բնակիչ-բաժանորդները սկսեցին 7 դրամով ավելի պակաս վճարել յուրաքանչյուր խորանարդի համար: Տարօրինակ է սակայն, որ մարդկանց հենց այս օրերին են զանգում-հրավիրում ընկերության տարածքային գրասենյակներ` «նոր» պայմանագիր ստորագրելու: Իսկ պայմանագիր կոչվածում սևով սպիտակի վրա գրված է, որ. «Ներկայացված սակագները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով փոփոխվելու դեպքում գործում են փոփոխված սակագները»: Ստացվում է, որ եթե առաջիկա շաբաթներին համապատասխան հանձնաժողովը հավանություն տա «Երևան Ջուր»-ի ներկայացրած թանկացման հայտին, ապա այդ պայմանագիրը դառնալու է թանկացման պայմանավորվածություն: Մինչդեռ պայմանագրեր պետք է կնքվեին առնվազն մեկ տարի առաջ, երբ սակագնի էժանացում էր նախատեսված:

Նկատենք նաև, որ վճարումների հավաքագրման խնդիրն այս անգամ լրիվ դուրս է մղվել օրակարգից: Այսինքն, սպառողները հավանաբար կանոնավորապես սկսել են մուծել նաև ջրի վարձավճարը: Իսկ գերխնդիրը տվյալ դեպքում փաստորեն միլիոնավոր խորանարդներով կորսվող ջուրն է, որի դիմաց սպառողին նոր թանկացումներ չպետք է պարտադրվի: Ինչ վերաբերում է դրամ-դոլար հարաբերակցությանը կամ ընդհանրապես գնաճին, ապա որպես թանկացման հիմնավորում ներկայացվող այսպիսի պատճառաբանություններն ընդամենը «անմեղ ստեր» են, որոնց սպառողը չի հավատում: