Զվարճանքներն էլ վտանգավոր են


 

Ոչ միշտ, իհարկե, բայց զգուշավորությունն ավելորդ չէ զբոսաշրջության ընթացքում ևս: Վկան` եգիպտական Լուկսոր քաղաքում տեղի ունեցած վերջին միջադեպն է` դժբախտաբար զոհերով ուղեկցված:

Դժբախտ միջադեպից հետո քաղաքում արգելվել է զբոսաշրջիկներին օդապարիկներով զվարճացնող ընկերությունների գործունեությունը, և արգելվել են օդապարիկների թռիչքները: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև կատարվածն իսկապես ողբերգություն է: 18 զոհերից 9-ը Հոնգկոնգի բնակիչներ են, 4-ը` ճապոնացիներ, 2-ը ֆրանսիացիներ ու մեկական բրիտանացի, հունգարացի և եգիպտուհի (հաղորդել է BBC-ին): Ակտիվ հանգստով տարված 2 բրիտանացիներն իրենց կյանքը վստահել էին թռչող սարքը ղեկավարող եգիպտուհուն: Նրանց հաջողվել է դուրս թռչել բոցով բռնկված օդապարիկից, սակայն տասնյակ մետրեր բարձունքը չեն կարողացել հաղթահարել, իսկ մյուս զոհերը կենդանի-կենդանի այրվել են կամ զոհվել 7 հարկանի շենքի բարձրություն ունեցող տարածությունից ընկնելով: Ողբերգությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, Կահիրեից 510 կմ դեպի հարավ գտնվող հինավուրց Լուկսոր քաղաքում, պատճառը բնականաբար անփութությունն է: Այնպես որ` զբոսաշրջիկ լինելն էլ առանձնապես ապահով գործ չէ: