Ծածկել են լանջաբացվածքը 


 

Իրանցի լրագրողների չափանիշներով` «Օսկարի» գլխավոր մրցանակի հանձնման արարողության ժամանակ Ամերիկայի Առաջին տիկնոջ զգեստը բավականաչափ համեստ չի եղել: Եվ FARS լրատվական գործակալությունը թեթևակի «սրբագրել» է «հակաիրանական» «Արգո գործողությունը» ֆիլմը գլխավոր մրցանակի արժանացնելու մասին հաղորդագ րությանը կցված լուսանկարը:

Իրականում Միշել Օբաման հանդիսությանը մասնակցել է փայլուն գորշագույն զգեստով` մերկ պարանոցով, ուսերով ու թևերով: FARS-ը «ֆոտոշոփ»-ի օգնությամբ ծածկել է ամերիկուհու բաց ուսերն ու վիզը: Մուսուլմանական պատկերացումներով անթույլատրելի է կնոջ մարմնի այդչափ բացված լինելը:

Ինչպես նշել է NEWSru-ն` իրանցիները «Օսկար» մրցանակում քաղաքականություն են տեսել: Միշել Օբաման մասնակցել է տարվա լավագույն ֆիլմ ճանաչված` Բեն Աֆլեկի «Արգո գործողությունը» քաղաքական թրիլերին «Օսկար» հանձնելու արարողությանը: Իսկ այդ կինոնկարը պատմում է 1979 թ. Իրանում տեղի ունեցած իրադարձությունների մասին. այդ ընթացքում իսլամիստների կողմից գերեվարվածները եղել են ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները, որոնցից միայն վեցին է հաջողվել փախչել: Մի քանի ամիս այդ դիվանագետները թաքնվել են կանադական դեսպանի տանը, իսկ ամերիկյան հատուկ ծառայությունները նրանց փրկության ծրագիրն են մշակել:

Բնականաբար, Իրանում «սիրով-սեղանով» չեն ընդունել ֆիլմը ու մանավանդ այն «Օսկարի» արժանացնելու փաստը: Երկրի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ այն ԿՎՀ (ՃՀձ)-ի գովազդային հոլովակ է (նշել է NEWSru IsrΖel-ը): Իսկ Իրանի մշակույթի նախարար Մոհամեդ Հուսեյնը կարծիք է հայտնել, թե Հոլիվուդը միտումնավոր խեղաթյուրել է պատմական փաստերը` «փափուկ պատերազմի» շրջանակներում և ընդդեմ Իսլամական Հանրապետության: MEHR գործակալությունն էլ համոզված է, որ այդ կինոնկարին «Օսկար» շնորհելը Հոլիվուդի անթաքույց քաղաքականացված լինելն է, ինչի լավագույն վկայությունը այդ մրցանակը Միշել Օբամայի ձեռքով հանձնելու փաստն է: