Մեդվեդևը ծայրահեղակա՞ն 


 

Որքան էլ բարձր պաշտոնյա, միևնույն է` չես կարող տնօրինել խոսքդ այնպես, որպեսզի այն պատվաբեր ամբիոններից միայն հնչի: ՌԴ էքս-նախագահն էլ, պարզվում է` ապահովագրված չէ նման պատուհասից: Նրա ոչ թե քաղաքական որևէ ճառի, հակաընդդիմադիր ելույթի, այլ շնորհավորական մի ուղերձի տեքստն արտատպել է «Արմատական քաղաքականություն» («Ռադիկալնայա պոլիտիկա») թերթը, որն էլ հայտնվել է ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:

Տխրահռչակ այդ ցուցակի 1674 համարի ներքո թվարկված են այդ թերթի 2011 թ. սեպտեմբեր ամսվա այն հրապարակումները, որոնք ըստ ցանկի հեղինակների` ծայրահեղական բնույթի են: Դրանց շարքում է և «Նախագահի շնորհավորանքը» վերնագրով հրապարակումը, որի հեղինակի անունը չի նշվում: Խոսքը Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում զետեղված Դմիտրի Մեդվեդևի ուղերձն է` նվիրված Հատուկ նշանակության 10-րդ բրիգադին Ժուկովի շքանշանով պարգևատրելուն:

Անցյալ աշնանը Օմսկի կենտրոնական դատարանը «Ռադիկալնայա պոլիտիկա»-ի այդ թողարկումն ամբողջությամբ ճանաչել է որպես ծայրահեղական: Օրենքի պահանջով` այդ թողարկման մեջ տեղ գտած բոլոր նյութերը պետք է վերացվեն համացանցից: Հակառակ պարագայում կայքը կարող է փակվել: