Գարնան առաջին օրվա դիմանկար

ՄԵՐ ՆԱՌԱ ՇԼԵՊՉՅԱՆԸ


 

Երբ Նառա Շլեպչյանն անցնում էր փողոցով, մարդիկ շրջվում էին, հարգանքով բարևում: Շատերին թվում էր, թե Նառա Շլեպչյանը իրենց ճանաչում էր, որովհետև... իրենց տանն էր եղել: Հիմա էլ մարդիկ ժպտում են Նառա Շլեպչյանին, բարևում: Երիտասարդների մի սերունդ նրան դեմքով քիչ է ճանաչում, սակայն անուն-ազգանունը բոլորի համար թանկ է ու սիրելի... Գարնանային տոնին Նառա Շլեպչյանին ծաղիկներ շատ կնվիրեն, կզանգահարեն, հյուր կգան, կշնորհավորեն: Ու նա իր ծաղկեփնջերը կդնի սեղանին` դրանց մեջ իր հանդեպ ձևավորված անսահման սիրո արտահայտությունը տեսնելով..

Տոհմիկ գյումրեցու զավակ Նառա Շլեպչյանը երազում էր մանկավարժական գործունեության մասին, երազում էր աշխատել դպրոցում: Բայց ամեն ինչ փոխվեց նրա կյանքում, երբ բեմադրիչ Ժիրայր Ավետիսյանը նրան հրավիրեց նորաբաց հեռուստատեսություն` տեսնելու, թե ինչպես են ընտրում հաղորդավարներին: Շուրջ 250 հոգի էր հավաքվել, նրանց մեջ և` դրամատիկական թատրոնների արդեն ճանաչված դերասաններ: Նառա Շլեպչյանը հեռվից հետևում էր մրցույթի ընթացքին: Մոսկվայից եկած մասնագետների խմբի անդամները հանկարծ շրջվեցին դեպի երիտասարդ ու գեղեցիկ աղջիկը և առաջարկեցին մի բան կարդալ: Նա կարդաց «Չոփչոփիկը»... Հենց այդ օրվանից սկիզբ առավ նրա կենսագրությունը հեռուստատեսությունում, որը հիսունից ավելի տարիներ դարձավ նրա կյանքի իմաստն ու բովանդակությունը: Նառան` առաջին կին հաղորդավարը, առաջինն է կապույտ էկրանից ողջունել հայաստանցիներին, առաջինն է հայկական հեռուստատեսությունը ներկայացրել Մոսկվայում` հաղորդումներ վարելով այնպիսի լեգենդար հաղորդավարների հետ, ինչպիսիք են Յուրի Լևիտանը, Օլգա Վիսոցկայան, Վալենտինա Լեոնտևան, Աննա Շիլովան, Իգոր Կիրիլովը: Լսելով Նառա Շլեպչյանի ձայնը, Վահրամ Փափազյանն ասել է.

- Ի˜նչ անուշիկ է և ի˜նչ հմայիչ: Որչափ ճիշտ է խոսում հայերեն:

Իսկ Վալենտինա Լեոնտևան զանգահարել է Երևան, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ Ստեփան Պողոսյանին և ասել.

- Դուք հրաշալի հաղորդավար ունեք, միութենական հանրապետությունների հաղորդավարների մեջ ամենակիրթն ու զարգացածը: Հրաշալի է տիրապետում ռուսերենին, խոսքը հյութեղ է, վարակիչ: Անմիջապես կարողանում է կապ ստեղծել իր և հեռուստադիտողի միջև: Մոսկվայում անգամ նման հաղորդավարներ չկան:

Ստեփան Պողոսյանը կասկածով հարցրել է.

- Իսկ Ձեր այս գովեստների տակ որևէ ենթատեքստ չկա՞:

Իսկ ենթատեքստ կար, քանզի Մոսկվայում մտածել էին Նառա Շլեպչյանին Կենտրոնական հեռուստատեսություն հրավիրելու մասին: Բարի ու սրտացավ Ստեփան Պողոսյանը անմիջապես խնդրել է Կարեն Դեմիրճյանին` միջնորդել, որպեսզի Նառա Շլեպչյանին Մոսկվա չհրավիրեն: Այս պատմության մասին, չգիտեմ, Նառա Շլեպչյանը գիտի՞ արդյոք, սակայն ինձ պատմել է Ստեփան Պողոսյանը` ժպտալով ասելով.

- Իմ կյանքում այն բացառիկ դեպքն էր, երբ վատություն էի անում: Բայց ինչպե՞ս չանեի, երբ Նառայի Մոսկվա մեկնելով` մենք շատ բան կկորցնեինք, մենք այլևս չէինք լսի նրա ձայնը, չէինք տեսնի նրա ժպիտը:

Նառա Շլեպչյանի ձայնն ու ժպիտը...

- Այն ժամանակ չկային համապատասխան ձեռնարկներ, մենք փորձ ու հմտություն չունեինք: Շատ բան ինքներս էինք կռահում, մշակում, սովորում էինք ուրիշներից: Դասընթացներ էին կազմակերպվում Մոսկվայում, որոնք օգնում էին մեզ, նպաստում վարպետության ձևավորմանը: Ինչպես ասում են, տարրական տեսական գիտելիքներին գումարվում էր մեր հնարամտությունը, ավագների խորհուրդներն էին դառնում ուղղորդող: Հիմա տեսնում եմ շատ լավ հաղորդավարներ` կրթված ու փորձառու: Եվ ուրախանում եմ: Սակայն հաղորդումներից շատերի որակն ինձ անհանգստացնում է, անհանգստացնում է անփույթ վերաբերմունքը: Ամեն մի սխալի համար պատժում էին, ամեն մի սխալ կարող էր դառնալ ճակատագրական: Ուստի, հաղորդումները նպատակադրված էին ճաշակ ձևավորելուն, կրթելուն: Մեծ էր այստեղ հաղորդավարի դերը, որովհետև նրա ճիշտ խոսքով էր շատ բան պայմանավորված,- ասում է վաստակաշատ հեռուստատիրուհին:

Նառա Շլեպչյանը ութ հազար հաղորդում է վարել... Ապշելու, զարմանալու թիվ է: Հազիվ թե հայկական հեռուստաեթերում գտնվի մեկ այլ հաղորդավար, ում կենսագրության մեջ դրոշմված լինի ութ հազար թիվը: Հիմա հեշտ է արտաբերել այդ թիվն ու անցնել նրա կողքով: Բայց արդյո՞ք պետք է անցնել: Սա ոչ միայն Նառա Շլեպչյանի, այլև ազգային հեռուստատեսության պատմությունն է, որում ահռելի է հաղորդավարուհու ներդրումը: Նա յուրատեսակ դպրոց եղավ իր գործընկերուհիների` Կարինե Մնացականյանի, Կարինե Սարգսյանի, Օֆելյա Խաչատրյանի, Աիդա Ներսիսյանի, մյուսների համար, շատ հաճախ իրենով պայմանավորեց ամեն մի նորացում, իր խստապահանջությամբ վարակեց շատերին:

- Նառա Շլեպչյանը բարի, շատ բարի մարդ է, բայց անողոք է ամեն մի սխալի հանդեպ: Նա լսում էր, գրանցում իր մոտ, ապա շատ երկար զրուցում, քննարկում: Կարծես յուրատեսակ դասախոսություն էր կարդում լեզվի մաքրության, արտահայտչականության մասին: Հիշում եմ, թե ինչպես էր բացատրում ծրագրի բացման սկզբունքը, առաջարկում էր հաղորդումները սկսել ժպիտով` անմիջապես գրավելու համար ակնդրին, նրա համար դառնալու մտերիմ ու սպասված մարդ: Իսկ ինքը բոլորի տներում սպասված մարդ էր,- պատմում է հաղորդավար Կարինե Սարգսյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանն էլ ավելացնում է.

- Նառան իսկապես մեր ընտանիքների անդամն էր դարձել: Մեզ թվում էր, թե նա հատկապես մեզ հետ է խոսում, մեզ համար է կարդում օրվա ծրագիրը, մեզ է ներկայացնում այս կամ այն տեղեկատվությունը: Այնքա˜ն մտերմիկ էր սկսում հաղորդումը, որ կտրվում էիր ցանկացած գործից և հետևում նրան: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ