Մերօրյա առևտուր  «Էստի համեցեք» 


 

Էժան գներ, որակով ապրանք... Մերօրյա առևտրականների կարգախոսն է սա: Կարելի է ասել, որ այս մոգական բառերի ու ճարտար լեզվի մեջ է ամփոփված վերջիններիս այդօրյա հաջող առևտրի գաղտնիքը: Առաջարկվում է սպասք, շորեղեն, կենցաղային պարագաներ, արդուզարդ և այլն: Հմուտ առևտրականի սուր աչքը միանգամից որսում ու իր սարդոստայնն է գցում միամիտ հաճախորդներին, չնայած հոգեբաններն այն կարծիքին են, որ այս մասնագետների գովատարափից անգամ վարպետ գնորդը չի կարող չխաբվել: Հմուտ գնորդներն էլ, սակայն, երբեմն խաբվում են: Վերջերս երիտասարդ մի կին մոլորված պատմում էր, որ վաճառողի գեղեցիկ գովազդից շոյված ինքը կորցրել է սթափ մտածելու ունակությունն ու դարձել վերջինիս խարդավանքի զոհը:

- Իր ասելով, բարձրորակ ծառայություն մատուցեց, բայց իմ ժամացույցը տանն այդպես էլ չաշխատեց, չհասկացա, թե ինչից էր, որ այդ նույն ժամացույցը վաճառատեղում աշխատում էր,- ասում էր կինը:

Չաշխատող ապրանքը վերադարձնելու ջանքերը զուր էին:

- Ես քեզ տվեցի աշխատող ժամացույց, մնացածն ինձ չի հետաքրքրում,- նրա տարակուսանքին հատու պատասխանել է քիչ առաջվա ժպտերես վաճառողուհին:

«Լավ, էժան, որակով ապրանք, վերցրու, չես փոշմանի», «Նույն ապրանքը խանութից կրկնակի գնով կառնես», «Զեղչեր հատուկ քեզ համար», «Սիրունս, քո հագով ամեն ինչ ունեմ», այս և նմանատիպ այլ արտահայտություններ լսել է յուրաքանչյուր ոք, ով գոնե մեկ անգամ եղել է տոնավաճառում: Փորձառու վաճառողներն ունեն նաև մեկ այլ, քեզ հուզող հարցին հանդարտ մոտենալու հմտություն: Սա առավել բնորոշ է կանացի պարագաներ վաճառողներին, ովքեր միանգամից որսում են կնոջ մոտ առկա արտաքին թերություններն ու դրանց շտկելու համար առաջարկում են տարբեր միջոցներ` ի ցույց դնելով տարիների հմտությունն ու փորձը:

Օրեր առաջ «Ֆիրդուսի» կոչվող տոնավաճառից Մարին դեմքի կոսմետիկ միջոցներ էր գնել և... Վաճառողուհին նկատելով Մարիի դեմքի թերությունները, առաջարկել էր մաքրող, բուժող կոսմետիկա: Աղջիկը ուրախությամբ վերցրել ու անգամ մոռացել էր նայել պիտանելիության ժամկետը:

- Ոչ միայն ժամկետանց, այլև կասկածելի ծագմամբ անօգտագործելի քսուքներ էին. նետեցի աղբարկղը, իզուր փողս ջուրը գցեցի,- պատմում է Մարին:

Ի սկզբանե տոնավաճառները ստեղծվել են առևտրի նպատակով, իսկ առևտուր ասվածն ենթադրում է երկու կողմերի համաձայնությամբ ապրանքի փոխանակում, առանց խաբեության ու ցինիզմի: Իսկ մերօրյա վաճառականները իսպառ կարծես կորցրել են խիղճը: Ինչ իմանաս, թե ինչ հետևանք կարող էին թողնել ժամկետանց դիմաքսուքները, եթե Մարին չնկատելով օգտագործեր դրանք: Ու քանի-քանիսն են հավատացել այդ աճպարարներին: Իհարկե, դեռևս կան խաբեությունից խորշող առևտրականներ, բայց այնքա˜ն քիչ են նրանք: 

Սիրանուշ ՊՈԴՈՍՅԱՆ