Ո՞ՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ 


 

Ովքե՞ր են Հայաստանը կանգնեցնում նման իրավիճակների առջև, և ո՞ւմ մեղքով են հարկատուների հաշվին վճարվում տուգանքները: Իհարկե` մեր շատ ու շատ դատավորների, ովքեր սխալ վճիռներ են կայացնում, ովքեր հաճախ արդարադատությունը ծառայեցնում են սեփական շահերին ու գրպաններին, ովքեր առաջնորդվում են հատվածական շահերով: Մեր դատարաններում կայացված շատ վճիռներ կարող են իրավագիտության անհեթեթությունների գլուխգործոցներ ճանաչվել, դրանցում շատ հաճախ ամենատարրական պատկերացումները վերածվում են զավեշտների: Մինչդեռ ոչ ոք չի ուզում Արդարադատության խորհրդի քննարկման առարկան դարձնել այս իրավիճակը:

Իր երեկվա նիստում Կառավարությունը որոշեց այս տարվա առաջին եռամսյակում պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 42 555 եվրոյին համարժեք գումար հատկացնել` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռների պահանջները կատարելու նպատակով:

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը տեղեկացրեց, որ խոսքն «Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3946/05, «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 22491/08 և «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 40094/05 գանգատներով 2012 թվականի հոկտեմբերի 2-ին կայացված վճիռների պահանջները կատարելու մասին է: Փոխնախարարը նաև նշեց, որ մասնավորապես «Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճիռը Քրեական դատավարության մասին օրենքի հետ է կապված:

- Մնացած գործերով պրակտիկան էր սխալ: Այս մասով կոնկրետ մարդկանց հետ կապված պատասխանատվության ընթացակարգեր են գործարկվում: Մենք համապատասխան դիմումներ կնախապատրաստենք դատախազությանը,- ասաց փոխնախարարը:

Արտաքուստ ամեն ինչ հրաշալի է և լավ. Հայաստանը իրավական պետություն է, հարգում է օրենքները և միջազգային պարտավորությունները, ժամանակին վճարում տուգանքները, կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանների պահանջները: Իսկ մեր կառավարությունը չի քննարկում այն հարցը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների կայացրած որոշումներով տուգանքները վճարի ոչ թե ՀՀ կառավարությունը, այլ դրանք գանձվեն այն դատավորներից, ովքեր խայտառակ և ապօրինի վճիռներ են կայացրել: Այս մասին, իհարկե, բազմիցս ենք ահազանգել, սակայն դատավորներից ոմանք արդարանում են, որ իրենք վճիռներ կայացնելիս առաջնորդվել են տարբեր «հուշումներով», ինչ-որ տեղերից եկող հրահանգներով... Այսինքն, ոմանք իրար լավություն են անում հարկատուների հաշվին` այսպես բավարարելով իրենց «պահանջմունքները»:

Լ.Մ.