ՍՅՈՒՆԻՔՆ ԸՆԴԴԵՄ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ 


 

Սյունիքի մարզի բնակչությունն այս օրերին իր բողոքի ցույցերում պահանջներ է ներկայացնում ՀՀ իշխանություններին` պաշտոնանկ անել մարզպետ Սուրիկ Խաչատրյանին:

Արդեն երկար ժամանակ ղեկավարելով մարզը` Սուրիկ Խաչատրյանը, սյունեցիների վկայությամբ, այստեղ հաստատել է «ֆեոդալական կարգեր», ամեն ինչ ծառայեցրել իր ցանկություններին ու նպատակներին: Սյունեցիներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ մարզպետը մարզի արոտավայրերը վարձակալության է տալիս իրանական Ատրպեյջանին` այդպիսով ոչ միայն ադրբեջանական ծագմամբ իրանցիներին տեղափոխելով Հայաստանի տարածք, այլև այդ որտավայրերի համար սահմանելով նվազագույն վճարներ: Ոմանք պնդում են, որ այդ վճարները տասնապատիկ քիչ են օրինական արժեքից:

Սյունեցիների համար մտահոգող է նաև այն հանգամանքը, որ մարզը չունի զարգացման ծրագիր: Չնայած պղնձամոլիբդենային գործարանի առկայությանը, մարզի բնակչության մեծ մասը կքվել է աղքատության բեռների տակ:

Ինչպես մեզ հաջողվեց ճշտել, երկրի իշխանություններն, այնուամենայնիվ, ցանկություն ունեն պաշտոնանկ անել մարզպետին` նրա փոխարեն նշանակելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանին: Սակայն այս գործչին ևս մարզում բացասաբար են վերաբերվում: