ԻՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է 


 

Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի այն հայտարարությունը, թե ընտրազանգվածի մեծ մասն անգիտակից մարդիկ են, շարունակում է մնալ հանրային քննարկում ների կենտրոնում: Արդեն մի քանի օր է քաղաքի մեծ թվով երիտասարդ ակտիվիստներ, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ պիկետներ են անում, պահանջում քաղաքապետի հրաժարականը: Քաղաքապետը, սակայն, չի պատրաստվում ներողություն խնդրել իր բազմահազար համաքաղաքացիներից` այս գործառույթը վերապահելով ուրիշների:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց վանաձորցի երիտասարդ ակտիվիստ Արթուր Էմինյանը, իրենք վճռական են տրամադրված և հասնելու են այն բանին, որ քաղաքապետը հեռանա իր պաշտոնից, քանի որ չի կարող քաղաքը ղեկավարել մի մարդ, ով իր համաքաղաքացիներին անգիտակից է համարում:

Վերջին օրերին ընդդիմադիր տրամադրություններ են ձևավորվել նաև Գյումրիում, որտեղ էլ քաղաքապետ Սամվել Բալասանյանն է սպառնում աշխատանքից ազատել քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր շարունակում են դրականորեն արտահայտվել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասին...

Այս տեղեկություններին մենք անդրադարձանք ոչ պատահաբար: Հայաստանում շատ քաղաքապետեր անցնելով իրենց պարտականությունների կատարմանը, խախտում են ոչ միայն համակեցության կանոնները, այլև իրենց չափազանց բարձր են դասում մյուսներից, արհամարհում մարդկանց, դառնում անտարբեր նրանց պահանջների և առաջարկութ յունների նկատմամբ: Մենք բազմաթիվ փաստեր ունենք, որոնք վկայում են, որ քաղաքապետերից շատերը բացարձակապես չեն շփվում համաքաղաքացիների հետ, աշխատասեն յակները փակ են քաղաքացիների համար... Այսինքն, քաղաքապետարանը վերածել են ամրակուռ ամրոցների և փակվելով այնտեղ` դարձել խուլ ու համր: Հենց այսպիսի համայնքապետերն էլ ձևավորում են անվստահություն իշխանությունների հանդեպ, ստեղծում անհանդուրժողության մթնոլորտ: Նախընտրական արշավների ժամանակ այս մարդիկ կոկորդիլոսի արցունքներ են թափում, հավատարմության երդումներ տալիս, խոստանում բոլորեքյան ծառայել քաղաքին ու համայնքին` «Ամեն ինչ անել քաղաքացիների համար» բարձրագոչ խոստում-կարգախոսով: Բայց անցնելով պաշտոնավարման և վայելելով առաջին պտուղները` չափազանց քմահաճ են դառնում` համարելով, որ կարևորն իշխանությունն է: Հենց այդպես էր մտածում Արմավիրի քաղաքապետը, նման հոգեբանությամբ է այսօր ամեն օր քաղաքապետարան գնում Կապանի քաղաքապետը... Մերօրյա բդեշխիկները, որոնցից ամեն մեկը պաշտոնավարման ընթացքում հասցրել է ահռելի հարստություններ կուտակել` նույն պահին խորացնելով աղքատության այն վիհերը, որոնցում հայտնվել են համաքաղաքացիները:

Մեկ օր առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ խստորեն դրվեցին քաղաքապետերի և մարզպետների աշխատաձևերի հարցերը, սուր քննադատության ենթարկվեցին բոլոր նրանք, ովքեր արհամարհում են մարդկանց, իրենց բարձր դասում բոլորից և խարխլում ժողովրդապետության հիմքերը: Իհարկե, Նախագահի խոսքը զայրույթով ու ցասմամբ էր լի, բայց արդյո՞ք մեր համայնքապետերը դասեր կառնեն այդ ամենից, արդյո՞ք կգիտակցեն իրենց պատասխանատվության չափը:

Լ.Մ.