Բատյան սպառնում է` «հետո չնեղանաք»


 

Ամբողջ աշխարհը ժողովրդավարանում է, բայց Բելառուսի նախագահը շարունակում է նախկին ոգով սպառնալ իրեն չենթարկվողներին ու իր գծից շեղվողներին:

Իրեն բնորոշ անզուսպ կեցվածքով Ալեքսանդր Լուկաշենկոն պոռթկացել է ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հավաքում: Նա հանձնարարել է անհանդուրժող լինել բոլոր նրանց հետ, ովքեր կհանդգնեն հովանավորել ընդդիմությանը:

- Ցանկանում եմ ընդգծել. եթե գործարարներից որևէ մեկը ֆինանսավորի «հինգերորդ շարասյունը» կամ որևէ այլ մեթոդով բացասական ազդեցություն ունենա հասարակության վրա, ապա ես կհամարեմ, որ նրանք ընդգրկվել են քաղաքական պայքարի, պետության դեմ պայքարի մեջ: Իսկ դա իր օրենքներն ունի: Այդպիսի գործարարները հետո թող չնեղանան,- որոտացել է պետղեկը: Փաստորեն քաղաքական պայքարն ըստ Լուկաշենկոյի, պայքար է պետության դեմ, ասել է թե պետությունը նույն ինքը` Բատյան է: Եվ այդ պետություն-այրը հավաքվածներին նախազգուշացրել է մեկ այլ «սխալից» ևս.

- Իրենց լավ կյանքի համար «տանիք» ստեղծելու նպատակով պետական իշխանության մարմինների վրա ազդելու ցանկացած փորձ լիակատար կործանում կդառնա այդպիսի նախաձեռնությունների և կառույցների համար,- հայտարարել է նախագահը (տեղեկացրել է ԲԵԼՏԱ գործակալությունը):

Իր խոսքի նետը Լուկաշենկոն ուղղել է նաև ձեռնարկատերերի խորհրդին, որը գործում է 1999-ից, բայց չի գոհացնում պետղեկին, չի կարողանում «դառնալ կարող օղակ բիզնեսի և երկրի ղեկավարության միջև»:

Բազմանշանակ մի կոչ էլ է հնչեցրել. «մեծահոգի լինել» և ընդգրկվել սոցիալական ծրագրերում, թեև ինքը «չի խնդրում անտեղի փողեր բաժանել»:

- Կարող եք` օգնեք, չեք կարող` Աստված ձեզ հետ: Համապատասխան վերաբերմունք կստանաք պետության ու իմ կողմից:

Սպառնալիքն էլ ո՞նց է լինում: