Նախաճաշը չսառեց, բայց ինքնաթիռը չսպասեց


 

Համացանցում հայտնված զվարճալի տեսահոլովակի հեղինակները հավանաբար ծանոթ են եղել չինացի կոմունիստ պաշտոնյայի հակումներին: Յան Լինկյունն ու նրա կինը միջազգային Չանուշի օդակայանում նախ տարակուսել, ապա զայրացել են, երբ ավիաընկերության աշխատակիցներից տեղեկացել են, որ իրենց ինքնաթիռն արդեն թռել է (հաղորդել է The Inquisitr-ը):

Նախաճաշասեր կոմունիստը կորցրել է նախնական զսպվածությունը և զայրացած նետվել դեպի արդեն փակված ապակյա դռները, որտեղից երևում է թռիչքադաշտը: Այնուհետև նա քանդուքարափ է անում աշխատակցի սեղանի համակարգչային սարքավորումներն ու նետում հատակին: Ինքնաթիռի հետևից վազել ու թռչել չկարողացող պաշտոնյային դա էլ չի հանդարտեցնում: Ընկեր Լինկյունը ոտքով հարվածում է սեղանին` տապալելով այն: Այդ ընթացքում նրա հայացքն անվերջ որոնում է ինչ-որ մեկին. հավանաբար օդաչուին, ով համարձակվել էր թռչել առանց իրեն: Ամուսնուն զայրույթի պահին միայնակ չթողնելով, կինն էլ իր հերթին գետին է նետում սեղանին մնացած մանր առարկաները:

Դեռ հայտնի չէ կոմունիստ քաղգործիչը ինչպիսի պատասխանատվություն կկրի արարքների համար, սակայն օդակայանի աշխատակիցներին «հաջողվել» է պարզել, որ ամուսինները չվերթից ուշացել են նախաճաշով տարվելու պատճառով:

Այդպես էլ է պատահում, ինչ արած, մարդ ես: