Բաքուն նորից մրթմրթում է 


 

Ուրիշ ի՞նչ անի: Ախր մեկ-մեկ էլ նրա հուսատու «հայրերն» են մոռանում աղավաղել Ադրբեջանի արյունռուշտ անցյալը կամ աչք փակել պատմական փաստերի վրա: Նման դեպքերում պաշտոնական Բաքուն խռովկան լակոտի պես սկսում է թնկթնկալ: Հիմա էլ նրա դժգոհության օբյեկտը Ռուսաստանն է: Ի՞նչ է խոստացել նրան Ռուսաստանը, կամ ի՞նչ հույսեր են փայփայում վայրագները` դժվար չէ ենթադրել: Բայց ահա իրենց երկրում ՌԴ դեսպան Վլ. Դորոխինին «ատյան» են կանչել հաշիվ պահանջելու լրատվական գործակալություններից մեկի մի հրապարակման հիման վրա: Իր երկրում խոսքի ազատությունը ճնշող ալիևյան կլանը նաև ռուսական լրատվամիջոցներին է փորձում ճնշել` պահանջելով մտածել ի´ր նման, ի´ր շահերի տեսանկյունով:

Ինչպե՞ս կարելի է. ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը «հակաադրբեջանական» բնույթի հրապարակում է տարածել «25 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղը վարժվեց չճանաչված լինել» վերնագրով: Ինչպիսի˜ վիրավորանք պատմական խեղաթյուրումներով գոյատևող ցեղախմբի հասցեին: Լրատվական գործակալության այս «հանդգնության» համար արտգործնախարարություն է կանչվել… դեսպանը: Եվ փոխարտգործնախարար Մամեդ-Գուլիև Մահմուդը ուղղակիորեն հայտարարել է, որ հոդվածում «չհարգանք» է պարունա կվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի հանդեպ: Ու դեռ կարծիք էլ է հայտնում (հազիվ թե իրենը. ինքն ու իր նմանները կարծիք ունենալու ոչ իրավունք ունեն, ոչ էլ ունակություն), թե Ռուսաստանի պետական լրագործակալության այդ հրապարակումը ստվերում է պաշտոնական Մոսկվայի գործունեությունը որպես Մինսկի խմբի համանախա գահ:

Ավելին, պաշտոնական Բաքուն պնդում է, որ իբր «վերջին շրջանում Ռուսաստանի ԶԼՄ-ներում մեծ տարածում են ստացել հակաադրբեջանական հրապարակումները:

«Տիզբոն կանչված» ռուս դիվանագետն էլ, գուցե նաև չքմեղանալով, բացատրել է, որ խնդրո առարկա հոդվածի հեղինակի դիրքորոշումը դեռևս պետական լրագործակալության խմբագրության տեսակետը չէ:

Միայն խմբագրությա՞ն, թե՞ նաև Ռուսաստանի Դաշնության…

Այդ զրույցի գործնական շարունակությունն առավել անուրախ է: Հանդիպումից հետո ռուսական դեսպանատան մամլո ծառայությունը աճապարել է ծանուցել, թե Դորոխինը Մահմուդին իրազեկել է, որ նյութն արդեն հանված է ՌԻԱ «Նովոստ»-ի պաշտոնական կայքից, իսկ գործակալության ղեկավարությունը փորձում է պարզաբանել կատարվածի հանգամանք ները:

- Չարժե այս առիթով կասկածի տակ առնել պաշտոնական Մոսկվայի անփոփոխ դիրքորոշումը Լեռնային ղարաբաղյան հակամարտության նկատմամբ,- բազմանշանակ ազդարարել են ռուսաստանյան դեսպանությունում:

Բաքվին սիրաշահելու այս փորձն արդյո՞ք միայն Ադրբեջանում իրենց անվտանգությունն ապահովող դիվանագետների փորձն է, թե՞ Ռուսաստանում այլ դիրքորոշում է ձևավորվում: