ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐ 


 

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մեր պատգամավորներից ոմանք այս անգամ էլ աչքի ընկան «բարձր քաղաքավարությամբ» և մի նոր տեսակի բառապաշարի օգտագործմամբ: Մասնավորաբար այդ նոր «մշակույթը» արտացոլվեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանի և ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանի «երկխոսության» մեջ: Հայկ Բաբուխանյանը մտահոգված էր, որ իր գլխավորած «Իրավունք» թերթի թղթակիցը մի քանի անգամ դիմել էր Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ` տեղեկանալու նրա դրամական միջոցների ծագման մասին: Մինչ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը կպատասխաներ Բաբուխանյանի հարցին, դահլիճ է մտել Ռուբիկ Հակոբյանն ու խնդրել իրեն ձայն տալ` վարման կարգի առթիվ ելույթ ունենալու: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բացատրել է, որ չի կարող օրենք խախտել: Այստեղ էլ սկիզբ է առել յուրատեսակ «երկխոսություն», որի ընթացքում «Ժառանգության» խմբակցության ղեկավարը հայտարարել է.

- Դուք օրենքը խախտել եք այն ժամանակ, երբ քծնողներին և պրովոկատորներին խորհրդարան եք բերել:

Ապա դարձել է ինչ-որ բան ասող Բաբուխանյանին.

- Դե դավայ, կազյոլի´ մեկը...

Այսպես Ռուբիկ Հակոբյանը վրեժխնդիր է եղել Հայկ Բաբուխանյանից այն բանի համար, որ վերջինս հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն են տվել աղանդավորներն ու միասեռականները:

Իհարկե, «կազյոլն» ու միասեռականը համարժեք չեն, սակայն Ռուբիկ Հակոբյանն այսպես է որակել իր գործընկերոջը: