Քննությունը շարունակվում է 


 

Հանրապետության նախագահի ընտրությունները ևս մեկ փորձաքար էր` իր հեղինակությամբ և հասարակական կարգի պահպանությամբ մտահոգ իրավապահների համար: Իրենց զգոնությամբ նրանք ապահովեցին համապետական այս միջոցառման խաղաղ ընթացքը` կանխելով հետընտրական հնարավոր անցանկալի զարգացումները ևս: Եվ նույն նախանձախնդրությամբ շարունակում են արձանագրված դեպքերի քննությունը` դրանցից յուրաքանչյուրի ընթացքի մասին մանրակրկիտ իրազեկելով հանրությանը:

Ահավասիկ մեկ օր առաջ կատարված ամփոփումները.

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 96 դեպք, որից 63-ը` ընտրակաշառքների, 16-ը` քարոզարշավը խոչընդոտելու, 12-ը` ընտրողի կամքի ազատ իրականաց մանը խոչընդոտելու, 1-ը` զրպարտչական տեղեկություններ տարածելու, 3-ը` ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և 1-ը` քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու վերաբերյալ:

Հիշյալ դեպքերից, որպես ստուգման ենթակա տեղեկություն, նախապատրաստվել է 11 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 74 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին, որից 71-ը` հանցադեպի, 2-ը` հանցակազմի, իսկ 1-ը` տուժողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ: 11 դեպքերով նախաքննության և հետաքննության մարմինների կողմից նախապատրաստվում են նյութեր, իսկ 1 նյութ որոշմամբ ուղարկվել է ՀՀ Հատուկ քննչական ծառայություն:

ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻվերաբերյալ ստացված տեղեկություններով` 27.02.2013 թ. ժամը 18:00-ի դրությամբ քննարկման փուլում է գտնվում 73 դեպք, որից 15-ը` վերաբերում են ընտրակաշառքներին, 25-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 4-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 5 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 73 ահազանգերից 41-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 32-ը` մարզերում:

Հիշյալ 73 դեպքերից 39-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից (լրատվամիջոցներով և հեռախոսակապով), 29-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից, 5-ը` ՄԻՊ գրասենյակից:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:

Նշված 73 դեպքերից 31 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին և 14 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 3 նյութ ուղարկվել է ՀՔԾ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻքվեարկության օրը տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով` քննարկման փուլում են գտնվում 104 դեպքեր, որից 37 դեպքերը վերաբերում են ընտրակաշառքին, 20-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 14-ը` քացաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 12-ը` թեկնածուի վստահված անձի, դիտորդի, ԶԼՄ-ի ներկայացուցչի, կուսակցության լիազորված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 10-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 5-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 1-ը` քարոզչություն կատարելուն և 5 այլ խախտումներ (ընտրացուցակի անճշտություն, վիճաբանություն ընտրատեղամասում, գողություն ընտրատեղամասից, ընտրատեղամասի մոտ գույքի դիտավորյալ վնասում, ինտերնետային փոստ ապօրինի մուտք գործել):

Հիշյալ դեպքերից 4-ով հարուցվել են քրեական գործեր (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ և 34-153-րդ հոդվածի հատկանիշներով) և կատարվում է նախաքննություն, 2 նյութ որպես նույնաբովանդակ կցվել է ընթացիկ նյութի, 1 նյութ եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 9 նյութեր ուղարկվել են ՀՔԾ (1 նյութ հետ է վերադարձվել): 64 նյութերով կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ, որից 39-ը` հետաքննության մարմնի կողմից, 25-ը` նախաքննության, իսկ 25 նյութերով նախապատրաստումը շարունակվում է: Նշված 104 ահազանգերից 41-ը ստացվել է Երևան քաղաքում, իսկ 63-ը` մարզերում:

Առաջին հայացքից ընդհանրացված այս տեղեկատվության հիմքում մանրամասնված փաստարկներն են` դարձյալ հասանելի բոլորին: Եվ այդ փաստերին ծանոթանալով, ակամա հիասթափվում ես մեր որոշ հայրենակիցներից, ովքեր անանուն բողոքավորներ են դարձել. խուսափելով անձամբ ներկայանալ և անձամբ հետամուտ լինել իրենց նկատած ընտրախախտումների դեպքերի ու դրանց մեղավորների բացահայտմանը, հաճախ անտեղյակ, նույնիսկ անմեղսունակ մարդկանց անուններ են նշել: