ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋ 


 

Երկիրը նորից ցնցումների ու անհանգստությունների բովում է: Նորից, որովհետև ամեն մի ընտրությունից, հատկապես ՀՀ նախագահի ընտրություններից հետո, կարծես ավանդույթ է դարձել բողոքների, հանրահավաքների, դժգոհության ցույցերի անցկացումը: Չենք դատապարտում ոչ մի նման նախաձեռնություն և քայլ, որովհետև մենք աշխարհից ենք սովորում ժողովրդավարության հիմունքները, իսկ նման քաղաքական ու քաղաքացիական դրսևորումներն ընդունված են ողջ աշխարհում: Խնդիրն այսօր զգացմունքայնությունն ու բանականությունը, քաղաքական ճշմարիտ դրսևորումների և ընդդիմության հռչակած արդարության պահանջն է:

Տեղի են ունեցել ընտրություններ, որոնք առանձնացրել են երկու ընդգծված առաջնորդ` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյան և «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, ով այսօր ընկալվում է որպես ընդդիմության թեկնածու: Երկու թեկնածուի ստացած ձայների տարբերությունը 253 882 է, իսկ Սերժ Սարգսյանին իր ձայնը չի տվել 607 491 ընտրող: Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ու նրա կողմնակիցները հայտարարում են համատարած ընտրակեղծիքների, ընտրական օրենքների խախտումների մասին:

Միամիտ չձևանանք և չփորձենք հայտարարել, թե մենք իսկապես հասել ենք ընտրությունների կատարելության: Կատարելության որևէ օրինակ աշխարհը դեռ չի արձանագրել: Հիշենք բազմաթիվ ընտրական գործընթացներ աշխարհի տարբեր երկրներում, հիշենք Ջերջ Բուշ կրտսերի ընտրությունները Ֆլորիդայում և այլն, որոնք հաստատեցին, որ ամենաժողովրդավարական և օրինապահ երկրներում անգամ լինում են ընտրական խայտառակություններ:

Մենք չենք արդարանում ոչ մի թերացմամբ, չենք ուզում մխիթարել մեզ այլ երկրների անհաջողություններով: Մենք մեր ճանապարհն ու ընթացքը ունենք: Այս ընտրությունները, որքան էլ չուզենան նկատել շատերը, տարբերվում էին նախորդներից և դիտարկվում են որպես առաջաքայլ: Սա մենք ասում ենք ոչ թե օտարերկրյա դիտորդների գնահատականներից ելնելով, այլ ընտրական գործընթացների մեջ ձևավորված նոր ավանդույթներով: Ընտրությունների օրը ընտրական տեղամասերում խախտումների մասին արձանագրություններ գրեթե չեն կազմվել, գրեթե ահազանգեր չեն եղել այսպես կոչված լցոնումների, ընտրական իրավունքի խախտումների մասին: Շատ ընտրատեղամասերում ընդդիմության առաջնորդը հրաժարվել է վստահված անձանցից` հավատալով ընտրությունների արդարությանն ու կազմակերպվածությանը: Սա մե´նք չենք ասում, այլ հենց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով, խոստովանենք, ձևավորեց քարոզչության արևմտյան մոդելը: Ուրեմն, խախտումների մասին բարձրաձայնվեցին միայն այն ժամանակ, երբ հայտնի դարձան առաջին արդյունքները:

Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ առավելություն է ունեցել հանրապետության երկու խոշոր քաղաքում, մի շարք մարզերում, բազմաթիվ փոքր ու մեծ բնակավայրերում: Այդ առավելությունների արդյունքներում էլ հավաքել է կես միլիոնից ավելի ձայն: Ու այսօր կուսակցությունը հայտարարում է, որ ընտրություններում արել է ամեն ինչ, ինչի ապացույցն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներն են: Սխա՞լ են այդ տվյալները, կեղծվա՞ծ են: Այդ դեպքում, ինչպես տեղի ունեցավ 2008 թվականին, ինչու՞ պահանջներ չեն ներկայացվում վերահաշվարկներ կատարելու, տարբեր ընտրատեղամասերում արկղերի բացման մասին: Ուրեմն, թող ներվի ասել, որ գործ ունենք հետընտրական պոպուլիզմի հետ, որը ձևավորվում է անապացույց ու անքննելի իրավիճակում և նպատակադրվում դեպի ընտրված թեկնածուի հաղթանակը, դեպի հանրային բորբոքումները: Իրավագիտության մեջ շատ վաղուց հաստատված է ապացուցելիության դրույթը: Հետևաբար, ապացուցողականությունը պետք է դառնար առաջնայինը: Դա չի´ արվել:

Քաղաքական լրջությունն իր տեղը զիջում է թատերայնությանը, ինչը մեզ համար պատվաբեր չէ: Ավելին, վտանգավոր է:

Հայաստանը բարդ պետություն է` իր մեջ ամբարած սոցիալական թնջուկներով և չլուծված հարցերով, տնտեսական բազմաթիվ խարխափումներով, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Ուրեմն` քաղաքական համակարգի ոչ կատարելությունն էլ իր հերթին կարող է ավելացնել ավերները: Այս ամենին գումարենք նաև արտաքին վտանգներն ու մարտահրավերները, այն, որ մենք գտնվում ենք գրեթե պատերազմական իրավիճակում, ինչը կարող է բորբոքվել` երկիրը ներքաշելով խառնակությունների և պատերազմի մեջ: Այսինքն, կրկնել արաբական մի շարք երկրներում կենսագործված սցենարները, Հայաստանը դարձնել մի նոր Սիրիա՞: Ու՞մ է սա ձեռնտու, ո՞վ է շահագրգռված նման հեռանկարով: Հավանաբար նրանք, ովքեր այս օրերին միանալով քաղաքական բողոքին, առաջ են մղում բողոքի այդ դրսևորումների հետ որևէ բարեկամություն չանող քայլեր: Համարձակորեն ասենք. այս շարժման մեջ արդեն թափանցում են այսպես կոչված քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ, ովքեր դիմում են սադրանքների, հրահրում դասադուլներ` հոգեբանական գրոհի ենթարկելով այն ուսանողությանը, որը չի կամենում մասնակցել նմանաբովանդակ պայքարի ձևերին: Ուրեմն, քաղաքացիական աղանդավորության, այսպես կոչված «գրանտային հեղափոխության» մոդելն է արդեն միախառնվում քաղաքական բողոքին` պարզորեն հուշելով, որ կան ու Հայաստանում գործում են քաղաքացիական մասոնականության ներկայացուցիչներ, պարզապես հանուն գրանտների գործող կազմակերպություններ և անհատներ, ովքեր այժմ կամենում են ընտրություններին հաջորդող գործընթացները ծառայեցնել իրենց շահերին:

Անհասցե չէ դիտարկումս: Նայեք, թե ովքեր են բուհերի առջև պիկետներ անում, ովքեր են սադրում: Դրանք տարբեր քաղաքացիական միջոցառումներից հայտնի դեմքեր են, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ընտրությունների ընթացքում չեն սատարել Րաֆֆի Հովհաննիսյանին, նրա նախընտրական կենտրոնի մաս չեն կազմել:

Ուրեմն, ստեղծվել է մի կացություն, որի հաղթահարման ելքերը պետք է հուշեն ու առաջադրեն երկրի Նախագահն ու Րաֆֆի Հովհաննիսյանը` դրսևորելով քաղաքական կամք և ճշմարիտ ու անճառ հայրենասիրություն: Ոչ թե ձևական փոխզիջումների, ոչ թե հարկադրված կոմպրոմիսի, այլ քաղաքական համաձայնությունների ճանապարհով պիտի ընթանան առաջնորդները` երկխոսությունն ու համատեղ ջանքերը դարձնելով գերակա: Ընդունենք թե չընդունենք, կանգնած ենք ճակատագրական մի խաչուղիում, ուր ամեն րոպեն կարող է դիտարկվել որպես չօգտագործված հնարավորությունների կորուստ:

Կարծում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի վերջնագրերով խոսելու ապամշակույթից և երկրի ընտրված նախագահին կներկայացնի հստակ ու պարզ, հիմնավորված պահանջներ կամ առաջարկություններ: Եվ դրանցում առաջնային կդառնան ոչ թե ամեն գնով իշխանության գալու, այլ հայեցակարգային դիրքավորումները` ի շահ պետության և Հայաստանի Հանրապետությունում ապրող մեր ժողովրդի:

Միաժամանակ կարծում ենք, որ երկրի Նախագահն էլ կկարևորի կես միլիոնից ավելի մեր համաքաղաքացիների ձայները, նրանց ընդդիմադիր կեցվածքը, քանզի պետության առաջնորդը բոլորինն է: Ընդդիմության առաջնորդը պետք է որ այսուհետ գործուն մասնակցություն ունենա հետընտրական գործընթացներում, նոր կառավարության ձևավորման հարցում` այսպես առաջադիր դարձնելով ազգային համաձայնությունը, որը կարող է կայանալ փոխադարձ վստահության և երաշխիքների հենքի վրա:

Պետք է պաշտոնապես ընդունել այն փաստը, որ մեր համաքաղաքացիներից կես միլիոնը չի ընդունում իշխանությունների վարած քաղաքականությունը, դեմ է կենսագործված սոցիալական ծրագրերին, տնտեսության վերականգնմանն ուղղված քայլերին: Ավելին, կան որոշակի դժգոհություններ կոնկրետ պաշտոնատար անձանցից, ովքեր խարխլում են մարդկանց հավատը, սեպ խրում իշխանությունների և ժողովրդի միջև, ավելացնում ատելության չափաբաժինը: Պետք է հրաժարվել նմաններից, պետք է ականջալուր լինել ժողովրդի ձայնին` այսպես կառուցելով ճշմարիտ ժողովրդապետություն: Ուրեմն, այս պահից արդեն կառուցողականություն է պետք, որի պատասխանատվությունը պետք է ստանձնեն Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդդիմության առաջնորդ հռչակված Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ կառուցողականությանը հասնելու լավագույն քայլը կլինի առաջիկա մի քանի օրերի ընթացքում առաջին անգամ նորանկախ Հայաստանի պատմության մեջ ներկայացուցչական ժողովի հրավիրումը` ընդդիմադիր բոլոր կուսակցությունների և իշխանական ուժերի մասնակցությամբ: Հիշեցնենք շարժմանը աջակցող դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքերը.

- Անհրաժեշտ է ճիշտ պայքարել, պետք է հասկանալ, որ այս ամենը պարտադիր չէ, որ վաղը կամ մյուս օրը արդյունք տա, սա երկարատև, տևական պայքար է ենթադրում, որովհետև այն համակարգը, որին դեմ-հանդիման այսօր մենք գտնվում ենք, և որը տարիներ շարունակ ամրապնդել է իր դիրքերը, և դա փոխելու խնդիրը մեկ-երկու օրվա հարց չէ: Բայց պետք է պատրաստ լինել երկարատև պայքարի: Աշխարհի փորձն էլ ցույց է տալիս, որ այն ժողովուրդներն են հաջողում, ովքեր չեն վհատվում պայքարից: Այդ պայքարի հիմքերը դնելով` պետք է շարունակել ամեն օր փոքր, բայց հաջողություն- հաջողություն կուտակելով` գնալ առաջ: 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ