Աշոտ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ (ՄԻՐԱՇ) Քարդ վար դիր, Սիզիփոս


Քարդ վար դիր` հանգստանանք, բարեկամ, Քարդ վար դիր, անիմաստ է ապագան, Աստվածների կամակատարն ենք անխոս, Քարդ վար դիր, նստիր կողքիս, Սիզիփոս: Քարդ վար դիր, մեզ շահ չկա դրանից, Քարդ վար դիր, պոկվենք երկնի ճիրանից, Թող շվարեն երկնավորները գոռոզ, Քարդ վար դիր, եկ մտածենք, Սիզիփոս: Եկ մտածենք` մեզ ինչով են գործածում, Շաքար տալիս կամ մտրակով հալածում, Խինդն ու լացը նրանց ձեռքին է, ափսոս, Քարդ վար դիր, եկ ապստամբենք, Սիզիփոս: Բերաններս լոկ այնժամ են քաղցրացնում, Երբ երկնքի գծած ճամփով ենք անցնում, Թող ով կուզի ինձ համարի խենթ նևրոզ, Ես այս կյանքի միտքն եմ գտել, Սիզիփոս: Խոստովանիր, աստվածների խաղալիք, Որ վերելքն է լոկ քեզ դարձնում երջանիկ, Մինչ վայրէջքում անհուն դժբախտ ես անհույս, Եկ ազատվենք լծակներից, Սիզիփոս£ Ասում են` դու իմաստուն էիր կյանքում, Իմաստունը միշտ տոգորված է մեղքում. Թե դարերում մտքիդ չի պատել բորբոս, Եկ, համախոհ դարձիր դու ինձ, Սիզիփոս: Իմաստությամբ աստվածներն էին օժտել, Իրենք տվել, արդյունքում քեզ են դատել, Մեր հույզերում չկա կարծեցյալ քաոս, Ծրագրված ռոբոտ ենք մենք, Սիզիփոս: Մարտկոցներով լիցքավորվող բերկրանքում, Որ գնվում է լոկ երկնահաճ ընթացքում, Երջանկությունն այդ ճամփեն է` դար ու փոս, Որով անկանգ պիտի գնանք, Սիզիփոս: Իսկ թե շեղվենք կամ կանգ առնենք գեթ մի պահ, Աստվածների շանթը կգա մեզ վրա, «Մարդն ազատ է իր վարքում անբռնազբոս», Ի¯նչ ահավոր սուտ ենք կերել, Սիզիփոս: Եվ տանջվում ենք, դաժան ցավեր ենք քաշում, Երբ վերևից մեզ «ճիշտ ուղի» են քշում, Մեզ տրված է մի ճամփա ու մի փարոս, Բայց ցավերից մի խուսափիր, Սիզիփոս: Քանզի որքան մեզ չարչարում, մտրակում, Այնքան շատ ենք իմաստություն հավաքում, Թե՞ չգիտեն, որ վշտին է միտքը որս, Մենք անմեղ ենք, հավատա ինձ, Սիզիփոս: Իրենք են մեզ լացով իմաստնացրել, Կյանքի դաժան մտրակներով զարգացրել, Որ չշեղվենք հանկարծ գծված ճամփից դուրս, Ես հոգնել եմ, դու` ոնց գիտես, Սիզիփոս: Գիտեմ, ձեռքդ կոշտուկվել է դարերում Ժեռ քարի հետ քո անիմաստ պայքարում, Սակայն սեղմիր ափս դալար ու անթոզ, Ջահելության մեջ նոր միտք կա, Սիզիփոս: Եկ ապստամբենք, ինչ լինում է` թող լինի, Կամ հաղթենք, կամ թող գրողը մեզ տանի, Ես` միաստված, դու` դիցական հեթանոս, Եկ միասին «անկախանանք», Սիզիփոս: Քարդ վար դիր, մեզ շահ չկա դրանից, Քարդ վար դիր, պոկվենք հույզի զնդանից, Թող շվարեն երկնավորները գոռոզ, Իմ սիրելի, իմ անիծյալ Սիզիփոս: Քարդ վար դիր, հանգստանանք, բարեկամ, Քարդ վար դիր, անիմաստ է ապագան, Աստվածների կամակատարն ենք անխոս, Քարդ վար դիր, նստիր կողքիս, Սիզիփոս: Ցուհ-ը ԲՈՒՀ չէ… Տարիներ առաջ «Ես համալսարանի ուսանող եմ» արտահայտությունը ընկալման մեկ տարբերակ ուներ` «Սովորում եմ ԵՊՀ-ում»: Այսօր նույն արտահայտությունը, ցավոք, ոչինչ չի նշանակում, քանզի հասկանալու համար, թե որտեղ է սովորում ուսանողը, պետք է նրան հարցնել. - Ո՞ր համալսարանում… Սա արդյունք է սնկային արագությամբ աճող ուսումնական հաստատությունների գոյության, որոնց պարագայում սխալ է անգամ «դիմորդ» բառի գործածությունը. դիմորդ ասվածը ենթադրում է ԲՈՒՀ ընդունվելու համար գիտելիքների անհրաժեշտ պաշար ունեցող երիտասարդ: Մինչդեռ մերօրյա «բուհ»-եր ընդունվում են բոլոր ցանկացողները` Թումանյանի Գիքորի «Էստի համեցեք»-ի սկզբունքով: Ամենախաբության ու ինքնախաբեության միջոցով նման հաստատությունների հետ առնչվող մարդիկ (դասախոսներ, ուսանողներ, ծնողներ) փորձում են ապացուցել, թե ԵՊՀ-ի և ցանկացած այլ «համալսարանի» տված գիտելիքներն ու հնարավորությունները հավասար են: Այսինքն` ուսանողը շրջապատին և ինքն իրեն խաբում է, թե ունի կյանքում հաջողությունների հասնելու նույն հնարավորությունները, ինչ ԲՈՒՀ-ի (խոսքը անչակերտ բուհ-ի մասին է) ուսանողը: Կատարված հարցումները ապացուցում են, որ նման հաստատություններում սովորող մարդիկ ավելի քան համոզված են, թե ստանում են բարձրագույն կրթություն, իսկ կյանքում հաջողությունների հասնելը նրանցից շատերի կարծիքով բոլորի համար ապահովվում է… ծանոթը: Մյուս կողմից դասախոսներն ու տվյալ բուհ-ը ղեկավարողները համոզված են, որ իրենց կողմից տրված դիպլոմ կոչվածը բացի տպագրման արժեքից ինչ-որ արժեք էլ է ներկայացնում, իսկ ծնողներն էլ հայտարարում են, թե ոչ մի տարբերություն չկա ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ և համալսարանիկի միջև: Փաստորեն, գոյանում է խաբեության եռանկյունի: Հատկանշական է, որ նման հաստատությունների վարկանիշը փորձում են բարձրացնել PR գործակալությունները, որոնք ամեն հարմար առիթով հայտարարում են, թե որևէ տարբերություն չկա բուհ-երի և Ցուհ-ի (ցածրագույն ուսհաստատության) միջև: Եվ նման PR-ը բնականաբար ունենում է բացառիկ «դրական» արդյունքներ. մարդիկ պատրաստակամությամբ մեծ գումարներ են վատնում ինչ-որ վկայական գնելու համար` խաթարելով բազմակողմանի զարգացածության ու բարոյագեղագիտական յուրօրինակ արժեքները:

Էլեն ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ