Մարգարտաշող` աղբի մեջ կորած աշխարհում


Պետականորեն կարևորված աննախադեպ տոնաշուքով Թատրոնի միջազգային օրվա նշանավորումը ամրապնդեց մոտալուտ արժանապատիվ ապագայի ամպաշղարշ հույսերը: Անկախ այն բանից, որ ՀՀ նախագահը շռայլ չեղավ միմիայն այդ առիթով պատվավոր կոչումներ ու պարգևներ շնորհելիս, և պաշտոնական երկար սպասված պատշաճ գնահատություն չգտավ մի շարք նվիրյալների տասնամյակներով չմարող թատերանպաստ ողջակիզումը: Ստվերում մնացած սունդուկյանցիներից, օրինակ, Ալլա Վարդանյանը միայն նկատվեց: Թատերամշակներից ոմանք խանդավառվեցին ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությամբ` մեծարվելով ոչ այնքան կոնկրետ աշխատանքի, որքան բազմամյա գործունեության համար: 13 անվանակարգերում շնորհված 23 մրցանակներով ոչ միայն անվանակոչվածները հաղթող ճանաչվեցին, այլև գրեթե բոլոր ներկայացված թատերախմբերը: «Համազգային»-ի «Փրկության կղզին» ըստ արժանվույն կիսեց տարվա լավագույն ներկայացման համար սահմանված «Արտավազդը» պարոնյանցիների «Տասներկուերորդ գիշեր»-վա (բեմադրիչ` Երվանդ Ղազանչյան) հետ: Դավիթ Հակոբյանի Էլիա Բադալն, ըստ իս, մրցակից չուներ «Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում ներկայացվածների մեջ, չնայած... Աղոտ լուսավորությունը խորհրդավորության շղարշով է պատում Վիլյամ Սարոյանի «Ոստրեն և մարգարիտը» պիեսի ներկայացման առաջին տեսարանը «Համազգային» -ի բեմում: Կարևոր գործ անողի գիտակցությամբ` ոմն պատանյակ կտրում է տարեց մարդու մազերը` երկուստեք լավ տրամադրության երգեցիկ մթնոլորտում: Մարտին Վարդազարյանի հյուսած երաժշտական հենքն այսուհետ էլ նպաստելու է ներկայացման քնարականության խորացմանը: Լույսի ուժգնացմամբ հստակվում է տղայի «վարսավիրական տաղանդի» իրական «փայլը», «մշտական հաճախորդի» անչար հեգնանքով, կարծես` իմիջիայլոց, արժանիորեն գնահատվում` անմիջապես մթագնելով «վարպետի» գոհունակության ակնհայտ գզացողությունը: «Չէ, շնորհակալ եմ,- հրաժարվում է փոքրիկ հայելու մեջ իր սանրվածքի անդրադարձը տեսնելուց Դավիթ Հակոբյանի Էլիա Բադալը` «քաղաքի առաջին ու վերջին վարսավիրը»:- Հիշում եմ վերջին կտրելդ: Գլխարկներիցս մեկը բեր, հագնեմ»: Սովորական թվացող այս միջադեպի կենսական տարողությունը շուտով մեծանում է, երբ գլխարկների ծառի տպավորություն թողնող կախիչից, խոստովանելով անիրազեկությունը, ի վերջո Քլեյը (Տաթևիկ Ղազարյան) գտնում է ֆետրեն, և ծայր է առնում վերջինիս գիտակցությանը խորթ մտքեր երևակող զրույցը: Աստիճանաբար լույս է սփռվում Բադալ-Քլեյ հիմնարար փոխհարաբերությունների վրա` դրանց պրիզմայով աննկատ բացահայտելով ոչ միայն սեփական «թեթև տար» կենսափիլիսոփայությամբ Կալիֆորնիայի նահանգի աննշան բնակավայրին տրված ՕՔեյ-բայ-դը-Սի («մի լավ տեղ ծովափին») անվան իրական բովանդակությունը, այլև նրանում միապաղաղ չարքաշ կյանքով գոյատևող բնակիչների արտաքուստ տարօրինակ նկարագրերում ներամփոփ պահպանված մարդկային վսեմ հատկանիշները: Նրանցից յուրաքանչյուրն էապես նման է ոստրեի մեջ փակված մնացած մարգարիտի` տարբեր մեծության ու արժեքավորության: Բայց ամենախոշորը Քլեյն է, ով դեռ չի սովորել խոսել կյանքի լեզվով, բայց իրենում խտացնում է մարդկային լավագույն մղումները` բարի, չհղկված ու անեղծ: Ի սկզբանե նրան Բադալի տված բնորոշումը` «հոգնած ու ծերացած սրտերին ուրախություն բերող մի մարդ` աշխարհի աղբ ու կեղտի մեջ կորած» - հենց այն բանալին է, որով բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը կանխանշում է այս կերպարի կենդանացումը` շեշտադրելով հոգեհարազատությունը հանրածանոթ Ջոնիին («Իմ սիրտը լեռներում է»), սարոյանական մյուս պատանեկան մարգարտաշող հերոսներին: Զարգացնում է Սարոյանի կողմից «հավաստի» որակված այս պատմության իր բեմական տարբերակը Բադալ-Քլեյ աներևույթ երկմիասնությամբ` մյուս գործող անձանց հետ առօրեական թվացող առնչությունների հենքի վրա և հիմնականում արդարացնում բեմադրական մտահղացման իր «փրկության կղզի» հայեցակետը: Կյանքի ինքնահատուկ պարոդիական սուր ընկալմամբ` Ծատուրյանը նկատելիորեն շեղվում է հերոսների սարոյանական բնութագրականությունից` որոշ կերպարների ծաղրանկարային բեմավորմամբ. անեկդոտային հանրածանոթ Վարդանիկի «կավից» շաղախված «դատավոր» Արթուր Էփլգարդը (Արման Նավասարդյան), ժամագործ-ոսկերիչ Ուոզեքը (Վանիկ Մկրտչյան): Բենզակայանի սպասավոր Մայքլը (Կարապետ Բալյան) բեմադրիչի կամքով կակազում է և ամեն իմպուլսիվ բեմելին արատածիծաղ հարուցում դահլիճում: Անվրեպ ի կատար ածելով բեմադրական խնդիրները` դերակատարները խթանում են ներկայացման զվարթ ընթացքը` ցրելով ներքին դրամատիզմի տրտմությունը: «Տեղանքին» անհարիր խնամված հմայքով` Ալլա Սահակյանի նորեկ ուսուցչուհին` «միսս Ամերիկան», ոչ միայն իր օտարոտի ներկայությամբ յուրովի գեղեցկաց նում է կենսափրկօղակի նշանակություն ձեռք բերած վարսավիրանոցում ժամանակ առ ժամանակ խմբվող, ալիքների հորձանքով ծովափ նետված գտածոներին ու ձկնորսութ յանն ապավինած տարօրինակ տեղաբնակների հավաքականությունը, այլև երազականի ու իրականի սահմանները հստակեցնող «ճշմարտության սկզբունքների» քարոզչության ձախողմամբ երևակում է անջրպետը մեծ ու փոքր քաղաքների: Հատկանշական է անցկացրած դասը վարսավիրանոցում, ուր մինչ այդ փորձում էր համոզել շփոթահար Բադալին «պուդել» ոճի կտրվածք անել` մեղմելու համար իր կոկիկ-զարդարուն տեսակի արտաքին խորթությունը շրջապատողներից: Անզոր համակերպվելու երևույթների գունազարդմամբ դիմակայելու ընդհանուր մտայնությանը` ստիպված է փախչել իր Սան-Ֆրանցիսկոն` ենթագիտակցաբար, գրողի կամքով, դատապարտված այդուհետ կրելու Բադալի խորհրդավոր գլխարկներից մեկը, ընդամենը մեկշաբաթյա մարդկային իր համար արտառոց ու անընդունելի շփումներից որոշակի դասեր քաղած: Հոգնած աշակերտներին ժողովող ջրահարսակերպ վազքից: Բլեք Ռոքի հեռավոր ափից Քյեյի գտած ոստրեի շուրջ բորբոքված համերաշխ ընդդիմությունը մանկավարժական սերտած մեթոդների բացահայտ ձախողման վերջին խոսուն հավաստիքն է դառնում` հիստերիկ լացի միաժամանակյա պոռթկում առաջ բերելով թե° Սահակյանի անլուրջ ընկալվող ուսուցչուհու, թե° դրանում իբր գտնվող մարգարիտի օգնությամբ հորը տուն վերադարձնելու ռեալ հույսերի չեզոքացումը կանխազգացող Քյեյի մոտ: Տաթևիկ Ղազարյանի կյանքային «եսը», մինչև իսկ` սեռը իրենում անճանաչելիորեն քողարկած, պատենական աշխույժ անմիջականությամբ, վարակիչ հուզառատությամբ, մարգարտաշող ներաշխարհով մշտապես առաջին պլանում առանձնացող Քլեյի, ում բեմական անկեղծությունը (թող որ երբեմն ներքին գերպրկումը ցուցանող) փոխանցվում է ոչ միայն հանդիսատեսին, այլև խաղընկերներին: Տրավեստի դերակատարման առաջին երաժշտականացված փորձից («Salao», բեմադրիչ` Զոհրապ Բեկ-Գասպարենց) ներշնչված շնորհալի արտիստուհին կարողացել է անմնացորդ նույնանալ կերպավորած հերոսին: Պատահաբար չէ, որ Ղազարյան-Քլեյի հետ անհամեմատ համոզչականությամբ է հագենում մարմրող կատարողական ներուժի անհամաչափ, աղոտ առկայծումներով Կարեն Ջանիբեկյանի մարմնավորած գրողը` Քլեյի նվիրական երազանքն իր առատաձեռնությամբ իրականացնող անծանոթ հրաշագործը, ով մինչ այդ տպավորվել էր Հակոբյան-Բադալի հետ հնամենի երկու ժողովուրդների` ասորիների ու հայերի պատմական ճակատագրերը լակոնիկ իմաստավորած կարճառոտ երկխոսությամբ: Այս աֆորիստիկ զրույցի երգեցիկ ընդհանրացումը ներկայացման բարձրակետերից է` քանիցս կիրառված բեմադրական հնարքի խորաթափանց հավելում: Իր մանրադետալ հղկվածությամբ լավագույնն, անշուշտ, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի անբռնազբոսիկ դերակատարումն է: Սարոյանական «ամենուր փնտրեք բարին» բանալիով միս ու արյուն ստացող նրա Էլիա Բադալը արժանիորեն կարևորված է ներկայացման գլխավոր ասելիքի համատեքստում: Կյանքի ողբերգականութ յունը «թեթև տար» ապրելակերպով հաղթահարելով` Հակոբյան-Բադալը, անձնական երջանկության ապարդյուն փնտրտուքից դառնացած, բայց ամենևին չչարացած, կյանքի մնացած ժամանակը վատնելու չափազանց մարդասիրական հնարավորություն է գտել. վարժվելով վարսավիրությանը` ոչ միայն գոհացնում է փոքրիկ քաղաքի աղքատ բնակչությանը իր արհեստով, այլև իր բարության սերմերն է շաղ տալիս ամենքի սրտերում` հոգևոր պահանջ (ընկեր ու խորհրդատու) դառնալով թե° մեծերի, թե° փոքրերի համար: Այստեղ հաստատվելու 24 տարիների ընթացքում, հարուստ ներաշխարհի ապրեցնող լիցքերով, Հակոբյան-Բադալը իր անշուք արհեստանոցին հաղորդել է փրկության մի փոքրիկ կղզյակի մոգական ուժ, որով հոգեկան անդորր ու դժվարություններին դիմադրելու կորով են գտնում անխտիր բոլորը: Խելամտորեն մոռանալով երբեմնի հզոր ազգային պատկանելությունը` Հակոբյան-Բադալը բանիմաց հոգեվերլուծաբանի հմտությամբ կարողանում է սպեղանի գտնել իրեն ապավինողների համար: Ինչպես է ոգևորում Քլեյին` թերթում տրված նրա հայտարարության բովանդակությունից ներքին փոթորկումը զսպած, հեգնախառն բարյացակամությամբ հարազատանում նորեկ ուսուցչուհուն և մեծահարուստ անցվոր գրողին, սաստում չարաճճի Ջիմին (Արթուր Տիգրանյան) ու Գրիլին (Տիգրան Պարսեղյան)` Քլեյի ընկերներին, տուն վերադարձնում ընտանեկան վեճերից ճողոպրած Քլարկ Լարաբիին (Վարշամ Գևորգյան), թույլ չի տալիս անհարգալից վերաբերվել ինքնահռչակ դատավոր Արթուր Էփլգարդին («մերունների» է, իբր, դատել տոնավաճառում, ոչ` խոզերի…): Իր կյանքի սրտմաշուկ միօրինականությունը գունեղացնելու ներքին մղումով նա երբեմն-երբեմն փոխում է գլխարկը (ներկայացման մեջ յուրաքանչյուր փոփոխություն թեմատիկ մի նոր անցում է նախանշում)` արտահայտելով, ըստ Սարոյանի, իր «հոգու բնույթը կամ այդ հոգու անսահմանության սահմանները»: Փրկության յուրաստեղծ կղզու (այս առումով որոշակի սրբագրման կարիք ունի Դավիթ Մինասյանի նկարչական ձևավորումը) հավատարիմ այս սպասավորը սեփական խղճուկ գոյությունը իմաստավորում է իր ցանած բարության սերմերի պտուղներն ըմբոշխնելով մեծագույն երանությամբ: Ինչպես, մունջ արտահայտչականությամբ զգացական խորը ներգործություն ձեռք բերող ավարտական տեսարանում` միանալով իր աննկատ մնացած ջանադրությամբ ընտանիք վերադարձած շփոթահար Քլարկ-Գևորգյանին և հորը կրկին գտնելով նեղացածությունը շուտով անտեսող Քլեյ-Ղազարյանին, ձկնորսության բարի ավանդույթը վերականգնելու առաջին հոգեբանորեն դժվարանցանելի վեհերոտ քայլը խրախուսելով: Բեմադրական կառուցիկ մտահղացման շուրջ, ցավոք, հազվադեպ կարելի է այսպես համախմբված տեսնել «Համազգային»-ի դերասանախմբին: Գոնե` առայժմ: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը կարողացել է հասնել ներդաշնակ մեկտեղմանը ողջ ստեղծագործական ներուժի` հնարավորություն ընձեռելով ամեն մեկին առավելագույնս դրսևորել կատարողական ունակությունները իր բեմադրական տեսիլքի շրջանակներում: Կարծում եմ, սրանում պետք է փնտրել, ամենից առաջ, «Փրկության կղզու» ուրույն թատերագրավչության գաղտնիքը: Անշուշտ, նպաստավոր է եղել նաև համատեղ աշխատանքը նախապես արված ռադիոբեմականացման վրա: Երիտասարդ թատերախմբի հետ ձեռք բերած փոխըմբռնումը ամրապնդելով նոր բեմադրությամբ` փորձառու արվեստագետը, ըստ իս, անվերապահորեն կարագացնի ստեղծագործական վերելքի գործընթացը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ