Պետականության ու ազգային անվտանգության գերխնդիրը


Ազգային անվտանգություն հասկացությունը չի պարփակվում միայն տվյալ պետության աշխարհագրական տարածքի մեջ: Մասնավորապես մեզ` հայերիս համար իրականում այն ներառում է պատմական Հայաստանի, հարևան երկրների տարածքում բնակվող հայության վիճակն ու ազգային ինքնության, ինքնաճանաչման-ինքնագիտակցության պահպանման, որոշ դեպքերում նաև վերականգնման խնդիրները: Սա ոչ միայն հայոց վերականգնված պետականության անժխտելի պարտականությունն է, այլ նաև մեր երկրի անվտանգության գլխավոր գրավականներից մեկը: Նաև ազգային (ոչ ազգայնական) ինքնագիտակցման զարթոնքի արդյունք էր 88-ին սկսված Արցախյան շարժումը: Այսօր, երբ հանրային քննարկման օրակարգում է թուրք-հայկական սահմանի բացման հարցը, պատահական չէ, որ ըստ թուրքական աղբյուրների, թուրք հասարակության մեծ մասը դեմ է արտահայտվում Հայաստանի հետ սահմանի բացմանը: Արդեն առիթ ունեցել ենք հիշատակելու իրանահայ պատմաբան Կարեն Խանլարիի (Խանլարյան) եզրակացութ յունն այն մասին, թե «Թուրքիայի պետական մտածողության տեսակետից «Անատոլիայի» հայության հարցը նախ և առաջ անուրանալի իրողություն է, անվիճելի և իհարկե, «անցանկալի» փաստ, ապա և պետական անվտանգության, երկրի ամբողջականության հետ կապված լուրջ մտահոգություն է և ապագայի գերխնդիր»: Իսկ թե ինչ գերխնդիր կարող է առաջադրել Թուրքիային տեղի` իր պատմական բնօրրանում իր ազգային ինքնությունը պահպանած հայ բնակչությունը, կարծում ենք` հասկանալի է: Դրա վառ օրինակը այսօրվա ղարաբաղյան հիմնահարցն է: Պատմական բնօրրանում իր ազգային ինքնությունը պահպանած հայության առկայությունն այսօր լուրջ մտահոգություն է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մեր մյուս հարևան Վրաստանի համար: Այդ են վկայում վերջինիս և նրա տարածքում բնակվող հայության միջև ծագող տարաձայնությունները: Մասնավորապես պատմական Գուգարքի հյուսիս -արևելյան գավառներում հայության ժողովրդագրության տեղաշարժն ուսումնասիրելիս ակնառու է դառնում, որ այդ տարածքները հատկապես խորհրդային տարիներին հետևողական կերպով հայաթափվել են: Վրացախոս հայերի վրացականացումն արդեն ավարտվել է, իսկ հայախոս բնակավայրերը, փոքր բացառություններով, ամայացվել կամ շարունակվում են դատարկվել: Հայ բնակչությունը հիմնականում կենտրոնացել է առանձին բնակավայրերում, հնագույն Բոլնիս (Բոլնիս-խաչեն) և Շահումյան (Շուլավեր) ավաններում: Հայ բնակչությունը պահպանվել է Հայաստանի Լոռվա մարզի հյուսիսային սահմանի երկայնքով ընկած գյուղերում` Մառնեուլի շրջանի հարավային մասում: Նշենք, որ Բոլնիսի և Դմանիսի շրջանների գյուղաբնակ իբր վրացի բնակչությունն ամբողջությամբ, իսկ Թեթրիծղարոյում` զգալի մասով, կազմում են վրացախոս հայերը: Թուրք-ադրբեջանական հոծ շերտի շրջապատման հեռանկարով` Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագլխին հայ բնակչության հետագա նվազումը կարող է հանգեցնել խիստ վտանգավոր իրավիճակի, ընդհուպ` ազգամիջյան բախումների: Խորհրդային ժամանակաշրջանում, չնայած վատնած հսկայական նյութական միջոցներին, վրաց իշխանություն ներին չհաջողվեց վրացականացնել նշված տարածքների այլազգիներին: Իսկ հայերը դուրս են մղվել բնակավայրերից: Այսպես, զուտ հայաբնակ Մառնեուլ գյուղը խորհրդային տարիներին դառնալով վարչական կենտրոն, հիմնականում բնակեցվել է շրջակա գյուղերի ադրբեջանցիներով ու վրացիներով: 2002 թվականին բնակչության 89 տոկոսն արդեն ադրբեջանցիներ էին, իսկ հայեր այլևս չկային: Մառնեուլի շրջանի հիմնական մասն «Աշխարհացույցում» հայտնի է Ծոբոփոր անունով, որն այսօր պահպանել է հայ-վրացական սահմանագլխին գտնվող հայաբնակ Ծոփ գյուղը: Վրաստանում պատմաքաղաքական հանգամանքների բերումով այսօր ձևավորվել են 3 հայաբնակ տարածաշրջաններ. ա. Ջավախք-Մեսխեթի նահանգը` Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ադիգենի, Ասպինձայի ու Բորջոմի շրջաններով: Ընդ որում, այս նահանգում, ըստ տվյալների, ապրում են մեծ թվով վրացացած հայեր: բ. Այսօր արդեն ՌԴ կողմից ճանաչված Աբխազիայի Հանրապետությունում, ԽՍՀՄ 1989 թ. մարդահամարի տվյալներով ապրում էր 76,5 հազար հայ: Վրաց-աբխազական պատերազմի հետևանքով հայերի մեծ մասը ստիպված էր տեղափոխվել Ռուսաստան: գ. Թբիլիսի քաղաքն` իր անմիջական շրջակայքով: Ընդ որում, երկրի հարավ-արևմուտքում` Հայաստանի սահմանագլխին գտնվող շրջաններն ընդգրկվել են «Ներքին Քարթլի» (վրացերեն` «Քվեմո Քարթլի») կոչված նահանգի կազմում: Պատմականորեն հիմնազուրկ և կեղծ այս անվանումով վրաց իշխանությունները, ըստ էության, փորձել են արհեստականորեն, այսպես ասած, կտրել Գուգարք նահանգի հյուսիս-արևելյան մեծ հատվածը կազմող տարածաշրջանի հայկական արմատները: Մանրամասների մեջ ավելի խորանալով, դժվար չէ նկատել, որ Վրաստանում իրականացվող ազգայնական քաղաքականությունը, այդ թվում նաև ժողովրդագրական գործընթացները, շատ չեն տարբերվում ադրբեջանականից: Ահա այդ պատճառով է, որ Հայաստանի հետխորհրդային հարևան երկրներում, նույնիսկ բարեկամ համարվող Վրաստանում բնակվող հայության ազգային ինքնության պահպանության պահանջատիրությունը հայոց վերականգնված պետականության ու ազգային անվտանգության գերխնդիրներից են:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ