Հա՞ որ..


ԱՅՍՕՐ իսկապես նշանակալից օր է Հայաստանի ազգաբնակչության համար: Ինչպես հայտնի է, այսօրվանից մեր երկրի յուրաքանչյուր սպառող ստիպված է լինելու համակերպվել ավանդական դարձող ապրիլմեկյան խնդրին` ծառայությունների դիմաց առաջարկվող նորացված գներին: Իսկ ցանկացած ապրանքի կամ ծառայության գնի բարձրացումը մեզանում այնքան սովորական ու տարածված է դարձել, որ անգամ գործելիք սցենարը կարելի է հեշտությամբ պատկերացնել: Ասենք սպառվող գազի ու էլեկտրաէներգիայի «ճակատագիրը» առանց այն էլ պարզ է. սպառված ծավալը բազմապատկվելու է մեկ խորանարդի և կիլովատի դիմաց առաջարկվող նոր գնով… ու վերջ: Առարկություն, տրտնջոց այստեղ չի հանդուրժվելու, քանի որ որևէ մեկը ցանկություն ու տրամադրվածություն չի ունենալու նման «ավելորդությունների» վրա ժամանակ վատնել: Ավելին, բնակչությանը հրամցվող նոր սակագների դեմ ուղղված ցանկացած հակաքայլ` չվճարումների տեսքով, հեշտությամբ եզրափակվելու է մեր ոչ հեռու անցյալը հիշեցնող անջատումներով: Հոսանքից ու գազից զրկվել էլ որևէ մեկը չի ցանկանա, ուստիև մնում է համբերատարությամբ զինվել ու հուսալ, թե հաջորդ ամսվա սկզբին նշված ծառայությունների դիմաց հնարավոր է լինելու վճարել: ՎԵՐՋԵՐՍ ԶԼՄ-ները տեղեկացրին, թե մոլորակի բնակչությունը տարին մեկ անգամ մեկ ժամով անջատում է բնակարանի լույսը` խնայողության հարցը կարևորած լինելու և այդ քայլով ինչ-որ բնապահպանական հարցերի մասին ահազանգած լինելու համար: Մեր պարագայում, անշուշտ, հատկապես հայտնի ու անմոռաց տարիներին այս առումով «պլանը» մի քանի հարյուրամյակի համար ազգովի կատարել ենք: Հիմա էլ քիչ չեն լինում դեպքերը, երբ էլցանցերը կամ «Հայռուսգազարդը» անսպասելիորեն, հաճախ նաև առանց նախօրոք տեղեկացնելու, ինչ-որ նորոգումների ու վերանորոգումների հավերժական պատճառաբանությամբ, մեր բնակարանները հոսանքազրկում կամ գազազրկում է: Այնպես որ` աշխարհով մեկ հայտնի այդ ակցիային Հայաստանի քաղաքացիներս մասնակցում ենք ակամայից և այն էլ ոչ թե տարին մեկ անգամ ու մեկ ժամով, այլ անհամեմատ ավելի հաճախ: Ասել է թե` խնայելու կոչերը անկախ այն բանից` դրանք բնապահպանական, թե՞ պարզապես գումար տնտեսելու նպատակով են արվում, մեր պարագայում նույնպես անիմաստ են: Առանց այն էլ մենք ամեն մի հերթական գնաճի արդյունքում խնայել այնպես ենք սովորել, որ ավելին տնտեսելու հնարավորորություն թերևս արդեն չկա: ՄԵՐ իրականությունը, սակայն, մեկ այլ ապրիլմեկյան անակնկալ նույնպես այս տարի մատուցեց: Տրանսպորտի` նույնպես աճել «պատրաստվող» ուղեվարձը պարզվեց, որ առայժմ անփոփոխ է մնալու: Կասկածից վեր է, որ ուղևորափոխադրումների համար հաստատուն մնացած հարյուր դրամը ժամանակավորապես է միայն պահպանվելու: Մեզ ծանոթ միկրոավտոբուսներն այսօրվանից արդեն ավելի բարձր գնով վառելիք լիցքավորելուց հետո գնաճի լրջագույն հետևանքներին նոր են միայն բախվելու: Մի որոշ շրջան դրանք կսկսեն միանգամից 20-25 ուղևոր փոխադրել, ինչին էլ կհետևի երթուղին սպասարկող կազմակերպությունների հարյուր դրամը քիչ համարելու մասին պատկան կառույցներին դիմումներ ներկայացնելու փուլը, և արդյունքում ուղեվարձն էլ մի փոքր ուշացումով կվերանայվի: Այնպես որ, դեռ վաղ է ասելը, թե գոնե հարյուր դրամով երթևեկելու հարցում բախտներս բերել է…