ՃԱՄՓԱԲԱԺԱՆ որը կորոշակիանա վաղը սկսվելիք լոնդոնյան գագաթաժողովում


Արդեն բավական ժամանակ ով չի ալարում` հրապարակ է նետում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու իր «դեղատոմսերը»: Դրանք պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի: Ամերիկյան կամ անգլոսաքսական խմբի երկրների պաշտպանած գլխավոր գաղափարը խոշոր կապիտալի ամրապնդումն է, պետությունների կողմից համաշխարհային տնտեսական հսկաներին սատարելը, նրանց սնանկացումներ թույլ չտալը: Հենց դրա համար էլ ամերիկյան կառավարությունը, պատկերավոր ասած, «օրումեջ» դիմում է Կոնգրեսին` թույլտվություն խնդրելով պետության պահուստային ֆոնդերից 7-8 հարյուր միլիարդանոց ներարկումներ կատարել բանկային համակարգում, որպեսզի նրանք կարողանան այսուհետև ևս վարկավորել խոշոր բիզնեսը: Այսպիսով, ամերիկացիներն ու բրիտանացիները ձգտում են առաջին հերթին փրկել իրենց բանկային համակարգերը, որպես տնտեսության անխափան գործունեությունն ապահովող արյունատար անոթներ, որպեսզի բանկերի միջոցով կանխեն տնտեսական հսկաների փլուզումը: Այլ խոսքով, ամերիկացիներն ու անգլիացիները գտնում են, թե հարկավոր է օգնության ձեռք մեկնել նախ խոշոր բիզնեսին, որ հետո այդ խոշորը լոկոմոտիվի պես իր ետևից քարշ տա միջին ու մանր բիզնեսը: Արևմտաեվրոպական խմբի երկրները, որտեղ ավանդաբար ուժեղ են սոցիալական և անգամ սոցիալիստական մոտեցումները, տրամագծորեն հակառակ կարծիքի են: Նրանք գտնում են, թե փրկության ճանապարհը մանր ու միջին բիզնեսի սատարումն է, բնակչության լայն խավերի վճարունակ պահանջարկի կրճատում թույլ չտալը: Այս մտայնության ենթատեքստն այն է, թե խոշոր բիզնեսը կարող է փրկվել միայն այն դեպքում, երբ տնտեսական հսկաների թողարկած ապրանքատեսակները շուկայում սպառվեն, չզրկվեն իրենց գնորդներից: Իսկ որպեսզի գնորդը կարողանա որևէ բան գնել` պիտի նրա եկամուտները չպակասեն, նրա անհատական-ընտանեկան վիճակը չպիտի վատանա: Բառացիորեն օրերս Եվրամիության նախագահող երկրի` Չեխիայի արդեն պաշտոնաթող վարչապետ Միրեկ Տոպոլանեկը, որին Չեխիայի պառլամենտը մի քանի օր առաջ անվստահություն հայտնեց, բայց որը, հակառակ իր երկրի վարչապետի աթոռից զրկվելուն` դեռ մնում է իբրև Եվրամիության նախագահող, չափազանց սուր քննադատության ենթարկեց Բարաք Օբամայի վարչակազմի հակաճգնաժամային քաղաքականությունը: Տոպոլանեկը, որը հայտնի է իբրև տնտեսությանը պետության միջամտության կատաղի հակառակորդ, «բացարձակ սխալ» որակեց Օբամայի վարչակազմի այն քայլերը, որոնք «տանում են դեպի խոշոր բիզնեսի գործունեության մեջ պետության չափազանց մեծ մասնակցության», բյուջեից հարյուր-միլիարդավոր դոլարների ներարկումներ բանկային համակարգում: Ստրասբուրգում գումարված Եվրախորհրդարանի մարտյան նստաշրջանում նա ամերիկյան հակաճգնաժամային ծրագիրն անվանեց «ուղղակի դժոխք տանող ճանապարհ»: Հենց նրա ճնշմամբ էլ Եվրամիության ղեկավարները օրերս կայացած իրենց գագաթաժողովում հրաժարվեցին պետական բյուջեներից լրացուցիչ ֆինասնական միջոցներ ուղղել դեպի տնտեսություն, մանավանդ` դեպի խոշոր բիզնես: Գագաթաժողովը արձանագրեց, որ «հարկատուների հաշվին տնտեսության մշտական խթանումը ֆինանսական ներարկումներով` անարդյունավետ միջոց է և չի կարող ապահովել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հաղթահարում»: Միանգամայն նոր ճանապարհ են մատնանշում, այսպես կոչված, «ԲՐԻԿ-ի երկրները»` Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանն ու Չինաստանը: Նրանք շրջանառության մեջ են դրել ամերիկյան դոլարից հրաժարվելու և ամբողջ մոլորակի համար նոր, ունիվերսալ, բոլորի համար ընդունելի «պայմանական համաշխարհային վճարամիջոց» ստեղծելու գաղափարը: Որ ամերիկյան դոլարը, որպես համաշխարհային վճարամիջոց, առնվազն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո ծառայել ու ծառայում է ամբողջ երկրագնդի բնակչությանը ամերիկյան կապիտալի կողմից շահագործելու, ամերիկյան տնտեսության բառացիորեն պարազիտային գոյությունը պահպանելու նպատակին` ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվրոպական մայրցամաքում նոր դրամական միավորի` եվրոյի շրջանառության մեջ մտցնելը հենց ամերիկյան դոլարին հակակշիռ ստեղծելու, ամերիկյան կապիտալի շահագործումից ազատագրվելու, ամերիկյան տնտեսությունից եվրոպական տնտեսության կախվածությունը թուլացնելու նպատակն էր հետապնդում: Այդ քայլով Եվրոպան շատ նկատելիորեն թոթափեց իր ամերիկյան կախվածությունը, դարձավ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լուրջ բևեռ: Չէ՞ որ հատկապես մեծ քաղաքականությունը խարսխվում է առաջին հերթին տնտեսության վրա, նյութական հիմքի վրա: Տնտեսապես թույլ երկրներն ուժեղ արտաքին քաղաքականություն վարել չեն կարող, դա անհեթեթություն է: Այս դպրոցական ճշմարտությունն այսօր ոչ ոք չի վիճարկում: Բոլորը դա ոչ միայն հասկանում են, այլև ձգտում են օգտագործել առիթը և «վերջին մեխը խփել ամերիկյան կապիտալի դագաղին`» վերջնականապես թաղել համաշխարհային տնտեսության, ասել է` նաև համաշխարհային քաղաքականության մեջ ամերիկյան գերիշխանության պահպանման հնարավորությունը: Պատահական չէ, որ իր վերջին մամլո ասուլիսում Բարաք Օբաման կտրականապես դեմ արտահայտվեց ամերիկյան դոլարի փոխարեն այսպես կոչված «պայմանական համաշխարհային վճարամիջոց» շրջանառության մեջ դնելու գաղափարին: Օբաման ընդգծում էր, թե «դոլարը կայուն և ուժեղ է, ինչպես երբեք», թե ամերիկյան տնտեսությունն արդեն «շատ մոտ է ճգնաժամի հաղթահարմանը», ուստի ոչ մի հարկ չկա մտածել նոր պայմանական վճարամիջոց ստեղծելու մասին: Տարօրինակ կլիներ, եթե Օբաման համաձայներ ամերիկյան դոլարը որպես համաշխարհային վճարամիջոց օգտագործելուց հրաժարվելու առաջարկին: Օբաման նախ և առաջ Միացյալ Նահանգների շահն է պաշտպանում, ուստի վաղը Լոնդոնում, ուր բացվելու է աշխարհի ամենաուժեղ տնտեսություններն ունեցող 20 պետությունների ղեկավարների գագաթաժողովը, նա, անկասկած, հանդես կգա նույն դիրքերից: Սակայն լոնդոնյան գագաթաժողովում պետությունների իրական շահագրգռությունների թաքուն ծալքերը հազիվ թե բացվեն: Ոչ ոք բացեիբաց չի հայտարարի, թե` եղբայր, հոգնել ենք ամերիկյան թելադրանքից, ուզում ենք առիթն օգտագործել և օձիքներս ազատել ձեզնից էլ, ձեր դոլարից էլ, ուզում ենք ինքնուրույն լինել: Միջազգային քաղաքական պրակտիկայում երբեք ճիշտ խոսքը երեսներին ուղղակի չեն ասում: Հետևաբար, Լոնդոնում պայքարը կընթանա քողարկված կերպով, եզովպոսյան լեզվով, արտաքուստ չափազանց կիրթ ու բարեհամբույր ձևով, թեև դրանից պայքարի ներքին լարվածությունը ամենևին չի պակասի: Լոնդոնում շատ խոշոր նշանակություն կունենա հատկապես Չինաստանի դիրքորոշումը: Քանզի Չինաստանը այն երկիրն է, որն այսօր ամենամեծ դոլարային պահուստներն ունի` ավելի քան 2 տրիլիոն դոլար: Եթե Չինաստանը հրաժարվի իր պահուստային ֆոնդերից պատկառելի գումարներ հատկացնել Համաշխարհային Բանկին և Արժույթի Միջազգային Հիմնադրամին, ապա ամերիկյան դոլարի համաշխարհային տիրապետությանը հսկայական հարված կհասցվի: Որովհետև ոչ ՀԲ-ն, ոչ ԱՄՀ-ն այլևս ի վիճակի չեն լինի սատար կանգնել ամերիկյան դոլարին, և Միացյալ Նահանգների տնտեսությունը ոչ միայն շուտափույթ չի առողջանա, այլև կկանգնի փլուզման վտանգի առաջ: Եթե Լոնդոնում պետությունների մեծամասնությունը հանդես գա միասնական հակաամերիկյան ճակատով, որոշում ընդունվի առաջիկա ամիսներին իսկապես վերանայել համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգը, վերակազմավորել Համաշխարհային Բանկն ու Արժույթի Միջազգային Հիմնադրամը, որպիսի առաջարկ, արդեն անցյալ օգոստոսից, անում է Ռուսաստանը` իր նախագահ Դմիտրի Մեդվեդևի շուրթերով հնչեցնելով «աշխարհում ավելի արդարացի ֆինանսատնտեսական ճարտարապետություն ստեղծելու» գաղափարը, ապա մենք ամենամոտ ապագայում ականատես կլինենք համամոլորակային նշանակության աշխարհաքաղաքական փոփոխությունների: Աշխարհը ճամփաբաժանի առաջ է կանգնած, և հնարավոր է` հենց վաղը հայտնի դառնա, թե ո՞ր ուղին է ընտրելու…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ