ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ` հեռու ու մոտ


Եթե միայն չոր հաշվարկով առաջնորդվենք, ապա մայիսի 31-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին ժամանակ դեռ շատ կա, և ընտրական թեման դեռ էլի մի քանի շաբաթ օրակարգային կարելի է չհամարել: Իրականում, սակայն, հերիք է միայն քաղաքական ուժերի տրամադրություններին հետևել կամ, ասենք, օրվա մամուլին ծանոթանալ` «համոզվելու» կամ թե այնպիսի տպավորություն ստանալու, որ քվեարկությանը մի քանի օր է մնացել… Վերջնահաշվում, սակայն, հաստատվում է այն տեսակետը, որ մրցապայքարի մասնակիցների կազմի հայտնի դառնալը քվեարկության արդյունքների չափ հետաքրքիր և ուշագրավ դարձավ: Այսպիսով, արդեն իսկ գործում է. «Ասա ովքեր են մասնակիցները, և ես կասեմ, թե ինչպիսի արդյունք կգրանցվի» չգրված դրույթը: Արդյունքում, վերջին տասնօրյակի բուռն զարգացումները հենց ցուցակների առաջացրած հետաքրքրության անդրադարձումներն են, որոնք գերազանցապես արտահայտվում են քաղաքական ուժերի` աճել սկսող ակտիվությամբ: Այլևս պարզ է, որ առաջիկա ընտրությունները չքաղաքականացնելու տրամադրություններն այդպես էլ բարի ցանկությունից այն կողմ չեն անցնելու: Ավելին, մայիսի 31-ը Նախագահի կամ մեկ այլ ընտրության շարունակություն համարվի, թե բոլորովին այլ համապետական միջոցառում` միևնույն է, առնվազն դրան նախորդող քարոզարշավն ակնհայտորեն գերքաղաքականացված մթնոլորտում է անցնելու: Այլ կերպ թերևս չէր էլ կարող լինել: Որքան էլ քարոզչությունը վերջնահաշվում Երևանի խնդիրներով զբաղվելուն կոչված ընտրովի քաղաքապետ ունենալուն հանգեցնի, միևնույն է, խնդիրն այստեղ ուրիշ է: Ընտրությունները համամասնական ընտրակարգով են կազմակերպվելու, քաղաքապետի թեկնածուներին կուսակցություններն են առաջադրել և ընտրվելիք ավագանու այս կամ այն կուսակցությունը ներկայացնող 65 անդամների ակտիվ դերակատարությամբ է «բացահայտվելու» մայրաքաղաքի առաջին ընտրովի քաղաքապետի անունը: Ավելին, եթե մինչև վերջերս նշվում էր, թե մասնակիցների կազմի հայտնի դառնալը ինչ-որ չափով հնարավորություն կտա կռահելու այդ անունը, ապա առաջադրումների փուլի ավարտը գերազանցեց անգամ այդ կանխատեսումը: Այլևս պարզ է, որ պայքարն այս անգամ նույնպես ընթանալու է ՀՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև… Ասել է թե` ուղղակի ընտրությամբ հաջողության հասնելու շանս գերազանցապես Հանրապետականի ու Կոնգրեսի առաջադրած թեկնածուներն ունեն: Սակայն նշվածն ամենևին էլ չի ենթադրում, թե ընտրախաղի մեջ ներքաշված մյուս քաղաքական ուժերը ՀՀԿ-ի ու ՀԱԿ-ի առաջադրած ֆավորիտների հայտնի դառնալուն պես լուսանցքում են հայտնվելու: Առավել հավանական է, որ ստեղծված իրավիճակում նրանցից յուրաքանչյուրը ձգտի երրորդը դառնալու դժվար նվաճվելիք կարգավիճակում հայտնվել: Ընդ որում, այս տեղի համար պայքարը միայն ուղղակիորեն չի ընթանալու: Նկատենք, որ մասնակիցներից ոմանց շուրթերից վերջին օրերին ավելի հաճախ է հնչում «այլընտրանք» արտահայտությունը, ինչն էլ ինքնին ենթադրում է, որ վերջիններս ավելի շատ կռիվ են տալու ոչ այնքան Հանրապետականի ու Կոնգրեսի դեմ: Ավելի հավանական է, որ գրոհը հատկապես միմյանց դեմ ուղղելով` նրանք ձգտելու են հասնել երրորդ, բայց տվյալ դեպքում պատվավոր համարվելիք հորիզոնականին: Ո°չ ԲՀԿ-ն, ո°չ ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը, ո°չ էլ, իհարկե, Տիգրան Կարապետիչը բնական է, որ չեն ցանկանա եզրափակել առանց այն էլ ոչ այնքան ընդգրկուն քաղաքապետացուների ցուցակը` իրենց հետ դեպի հաջորդ խորհրդարանական ընտրություններ տանելով քաղաքապետի առաջին ու ոչ այնքան բարդ ընտրություններում կրած անփառունակ պարտության մասին հիշողություն ները: Բայց մինչև այդ մեծ կռվում բաժանվելիք տեղերը կիսելուն հասնելը, ներկայում մասնակից քաղաքական ուժերի առաջ ծառացել է ներքին տարաձայնությունները հաղթահարելու դժվարին խնդիրը: Անխուսափելիորեն ու գրեթե միշտ նման ցուցակների հրապարակումը կուսակցությունների ներսում հերթական խմորումների պատճառ է դառնում: Վերջին պահին և ակնհայտորեն մեծ դժվարությամբ կազմված անվանացանկերի ի հայտ գալուց հետո այս անգամ ինքնաբացարկների ամենամեծ թիվը Կոնգրեսում է արձանագրվել: Եվ ինչ-որ առումով նման իրավիճակը բնականոն կարելի է համարել. ՀԱԿ-ի պարագայում շուրջ երկու տասնյակ կուսակցությունների հավակնություններ պետք է բավարարվեին, և բնականաբար անհնարին էր բոլորի անունները ցուցակի վերին հորիզոնականներում զետեղել: Արդյունքում` Կոնգրեսի անվանաշարքում 22-րդ տեղում հանգրվանած հանրահայտ մարքսիստն իրեն բնորոշ արտիստականությամբ հայտարարեց, թե իրենից առաջ ներկայացված բոլոր թեկնածուներն անհայտ են քաղաքականութ յանն ու հայ ժողովրդին… Դե ինչ, եթե մոլի հեղափոխականին ափերից ու հարազատ ցուցակից կարող է հանել իր չափ ու իրենից հայտնի անունների դասավորությունը, ուրեմն դժվար չէ նաև պատկերացնելը, թե ինչ նոր անակնկալներ է մատուցելու աստիճանաբար ահագնացող քարոզարշավը: Այս առումով ամենախճճվածը դարձյալ Կոնգրեսի գործերն են: «Ժառանգությունը», ըստ էության, բացի հանձնաժողովներում ունեցած տեղերից, ամեն ինչ նվիրեց Կոնգրեսին: ՀԱԿ-ն էլ նվերներից դժգոհ չլինելով` շա¯տ է ուզում, որ լավությունն էլ ավելի ամբողջական դառնա… Հենց այս հարցն էլ մինչև քվեարկության օրը նոր լարումների ու մինչև անգամ սատարման մասին որոշումը վերանայելու պատճառ կարող է հանդիսանալ: Կոնգրեսին «Ժառանգության» տեղերն օդ ու ջրի պես են անհրաժեշտ: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ըստ երևույթին ՀԱԿ-ին անմնացորդ նվիրվելը անիմաստ ու հետագայում չգնահատվելիք, չփոխհատուցվելիք քայլ է համարում… Այս ամենն էլ հենց լարում է մթնոլորտը: Ընդ որում այնպես, որ շարունակաբար հաստատվում է տպավորությունը, թե ընտրություններին մի քանի օր է մնացել: