«ՀԱՆՃԱՐԻ ԱՆՃԱՐԱԿՆԵՐԸ»


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ և թատերագիր Վիգեն Ստեփանյանն իրեն ազատ արվեստագետ է համարում: Իր թատրոնը չունենալով` նա բեմադրութ յուններով հանդես է գալիս ինչպես Հանրապետության, այնպես էլ Սփյուռքի թատրոններում` տևական ժամանակ ջերմ ստեղծագործական բարեկամություն հաստատելով Բեյրութի հայկական թատերախմբերի հետ: Օրերս անվանի բեմադրիչը Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում ներկայացրեց իր նոր բեմադրությունը` «Հանճարի անճարակները», որը նա ստեղծել է Հովհաննես Թումանյանի մի քանի հեքիաթների հիման վրա` հեռանալով հեքիաթների մատուցման ավանդական ձևերից ու եղանակներից: Սա ինքնուրույն դրամատիկական երկ է, որի սյուժեն առաջ է տանում ինքը` Հովհաննես Թումանյանը` դառնալով գործող անձ, «զարմանալով» իր իսկ կողմից ստեղծված հերոսների բնութագրերով և այն վիճակներով, որոնցում հայտնվում են նրանք: Կառնավալային թեթևությամբ, աշխույժ լուծումներով, թատերային ընդգծումներով ստեղծված այս բեմադրությունը ներառել է Քեֆչի Հասանին, Քաջ Նազարին, Ձախորդ Փանոսին, Անբան Հուռիին, «Բարեկենդանը» հեքիաթի հերոսներին, «Անխելք մարդու» զարմանալի տիպարներին: Պատանի հանդիսատեսի թատրոնը միշտ էլ աչքի է ընկել հեքիաթի ու հեքիաթայինի հանդեպ ունեցած ուրույն վերաբերմունքով, ձևավորված ավանդույթներով: Այս բեմադրության մեջ էլ այդ ավանդույթներն են հառնում` նոր թատերաարտահայտչական համակարգերով ներկայացնելով պատումը: Ողջ բեմադրությունը կառուցված է «Բարեկենդանը» հեքիաթի առանցքի վրա` նրանից բխեցնելով մյուս սյուժեները, ուստի գլխավոր հերոս է Աթանեսը, ով և հիմար կնոջ ամուսինն է, և անխելք մարդը: Այս դերը կատարում է Սամվել Դանիելյանը` ստեղծելով չափազանց հետաքրքիր, վախթանգովյան թատերական գեղագիտությանը համազոր կատարում: Հաճելի, պարզապես հանդիսատեսին գերող ու կաշառող է Արտաշես Շահվերդյանի Թումանյանը: Այս բեմադրությունը դերասանական մի շարք հետաքրքիր աշխատանքներ է ներկայացնում. Նառա Սարգսյանի Պայծառը, Նազիկ Բաղդասարյանի Տխուր աղջիկը, Գրիգորի Հակոբյանի Ռոսինանտը, Մարի Սանթրոսյանի Չարչի Վարսիկը, Սամվել Օհանյանի Քահանան, Կոնստանտին Կոզմանովի Քաջ Նազարը… - Ինձ համար սկզբունքային նշանակություն ուներ այս ստեղծագործության բեմադրությունը: Ես կամենում էի նորից ու նորից հանդիսատեսին բերել դեպի մեծ Թումանյանը, նորից մտորել նրա հեքիաթների շուրջ: Մեր պատանի հանդիսատեսը երբեք չպետք է հեռանա Թումանյանից, նրա զարմանալի աշխարհից, որովհետև Թումանյանը եղել ու մնում է մեր մեծագույն ուսուցիչը, ով սովորեցում է յուրովի, հաճախ հումորով ու հեգնանքով,- ասաց Վիգեն Ստեփանյանը: Ավելացնենք, որ «Հանճարի անճարակները» պիեսի բեմադրության նկարչական ձևավորման հեղինակը Անտոն Քեշիշյանն է, իսկ պարերը բեմադրել է Նաիրա Ստեփանյանը: Վիգեն Ստեփանյանն է գրել բեմադրության երգերը, որոնք իրենց պարզ մեղեդայնությամբ միանգամից դառնում են սիրելի, երգվում հանդիսատեսի կողմից: