«ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ԺԱՄԱՆԱԿԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է»


Արձակագիր, թատերագիր, երգիծաբան, լրագրող ու հրատարակիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆՆ իմ ընկերն է, ուստի հեշտ էր նրա հետ զրուցելը, քանի որ ես նրա մասին շատ բան գիտեմ: - Վերջերս լրացավ քո ծննդյան 60-ամյակը, որը հանդիսավորությամբ նշվեց, դու արժանացար մի շարք պարգևների: Քեզ իսկապե՞ս զգում ես 60 տարեկան: - Ես ինձ 100 տարեկան էլ եմ զգում, երբ հոգնած եմ լինում, հուսահատված… Սակայն միայն «բացասական» լիցքերի դեպքում չէ, որ զգում եմ տարիքս կամ էլ կամենում եմ այն տեղավորել 100-ի շրջանակներում: Երկու տասնյակից ավելի գրքեր եմ հրատարակել, Հայաստանի գրեթե բոլոր թատրոններում բեմադրվել են իմ պիեսները, դրանց մի մասը թարգմանվել է օտար լեզուներով… Երբ նայում եմ այս ամենին` իսկապես ինձ 100 տարեկան եմ զգում, որովհետև զարմանում եմ, թե այսքանը երբ և ինչպես, ինչ ջանքերի և լարման միջոցով եմ ստեղծել: Մշտական վազք, հիմա նաև` սոցիալական դժվարություններ, յուրատեսակ կռիվ ու պայքար գոյության համար, իսկ ես, այդ ամենի կողքին կամ էլ զուգահեռ` գրում եմ ու գրում… Յարաբ իմանամ` ինչ-որ մեկին պե՞տք է այդ ամենը: - Իհարկե, պետք է, այլապես քո անունը մոռացության կտրվեր, քեզ չէին հիշի, քո դեմ սրեր չէին ճոճի կամ էլ բարեկամության առաջարկ չէին անի: Իսկ ես գիտեմ, որ շատերն են հիմա մղվում դեպի քեզ, բարեկամության առաջարկ անում: Չնայած թշնամիներ ու հակառակորդներ էլ ունես… - Աստված պահի իմ թշնամիներին: Նրանք որ չլինեին, ես ինձ շատ տխուր ու միայնակ կզգայի: Թշնամիներն ընդդիմության նման մի բան են, նրանք ինձ ցույց են տալիս ծուռ հայելու մեջ, իսկ ես ուշադիր նայում եմ ծռված-ծռմռված «պատկերիս» ու սկսում եմ մտածել լավը լինելու մասին… Այդպես հեշտանում է իմ կյանքը: Պատկերացնու՞մ ես, ես պիտի ջանք գործադրեի, ինքնաստուգման ինձ մղեի, հետազոտեի ինքս ինձ, բայց իմ փոխարեն` դա անում են իմ հակառակորդները` այսպես օգնելով ինձ: Կատարյալ չեմ, իհարկե, Աստված հեռու տանի կատարյալներից, դրանք անկենդան էակներն են, բայց կատարելության ձգտումն ինձ օգնում է: Հենց տեսնում եմ, որ այդ ձգտումն իմ մեջ հասնում է առասպելական չափերի, սկսում եմ երգիծական պատմվածքներ և վիպակներ գրել: - Թեմա կամ հերոսներ ընտրելու հարցում երևի դժվարություն չե՞ս ունենում: - Ինչու՞ ունենամ, երբ շուրջս թափառող թեմաներ են ու հերոսներ: Դուրս արի փողոց, նայիր շուրջդ, մի քննախույզ հայացք հառիր ու, կարող ես արդեն նստել համակարգչի մոտ և ստեղծել հերթական երգիծական ստեղծագործությունը: Իմ կենսագրությունն իմ ժամանակի արտացոլումն է, իսկ այդ ժամանակն այնքա՜ն երգիծանք ու երգիծական հերոսներ է իր մեջ պարունակում: Ես վեպ եմ գրել` հերոսներ դարձնելով բոլոր նրանց, ում հետ աշխատել եմ, ովքեր երևացել են իմ կենսագրության մեջ: Զավեշտալի, լաց լինելու չափ ծիծաղելի մարդիկ և դրություններ, որոնք ժամանակի գերիներն էին, այդ ժամանակի գաղափարախոսները: Այլ պայմաններում և այլ գաղափարախոսության շրջանակներում նրանք բոլորովին ուրիշ մարդիկ կլինեին` գուցեև շատ համակրելի: Մեր օրերն էլ «նպաստավոր» են երգիծական հերոսներ գտնելու համար: Դարձյալ նայիր շուրջդ` ու ծիծաղից կթուլանաս: - Դու գրական ասպարեզ իջար որպես երգիծաբան: Շատերն էին փնտրում քո ստորագրությունը, կարդում քո ստեղծագործությունները, որոնք նորույթ էին մեր երգիծանքում, որը, ցավոք, ամենաամուլ գրական մարզերից է դարձել: Բայց հանկարծ անցար նաև թատերգությանը, սկսեցիր պիեսներ գրել: Ինչու՞ - Թատերգության ասպարեզում «քավորս» Վահե Շահվերդյանն էր: Աբելյանի անվան թատրոնում տարեմուտի ներկայացում բեմադրելու համար առաջարկեց ինձ պիես գրել: Դե ես էլ գրեցի: Թատրոնի հետ հին բարեկամ էի, մի ժամանակ անգամ դերասան դառնալու մտադրություն ունեի, մի քանի դեր խաղացի պետական թատրոնում, բայց հենց այդ ժամանակ էլ սիրահարվեցի, ամուսնացա, իսկ կինս թատրոնի այն տարիների գլխավոր բեմադրիչ Սոկրատ Աքմաքչյանի բարեկամուհին էր… Մի խոսքով, թատրոնը թողեցի որպես դերասան, բայց ահա մտա այնտեղ և որպես թատերագիր, և անգամ` տնօրեն` մի քանի տարի ղեկավարելով Աբելյանի անվան թատրոնը: Առաջին պիեսս «Վանաձորի բարի ասպետներ» էր կոչվում: Դրան հաջորդեցին նորերը: Եվ մի օր էլ տեսա, որ մի քանի տասնյակ պիեսի հեղինակ եմ: Դրանք բոլորն էլ բեմադրվել են: Շա՜տ են բեմադրվել: Պիեսներ ունեմ, որոնք բեմադրվել են մի քանի թատրոնում, տարբեր բեմադրիչների ու դերասանների մեկնաբանություններով: «Քառասուն օր համբառնա լուց առաջ» պիեսը յոթ թատրոնում է բեմադրվել, բայց երբեք չեմ ձորձել ասել, թե այդ բեմադրություններից որն է լավ, որն է վատ: Ամեն թատրոնն իր ոճն ու սկզբունքներն ունի, գեղարվեստականության սեփական դիտումները: Ես համեստ հեղինակի նման դիտել եմ բեմադրությունները, ծափահարել դերասաններին ու բեմադրիչներին, իսկ մտքումս, անշուշտ, շատ լավ էլ գնահատել, դժգոհել ու տրտնջացել: Այդպես էլ իմ մենադրամաները: Շատ դերասան-դերասանուհիներ են մարմնավորել նույն դերը, ամեն մեկը յուրովի է թափանցել իմ ստեղծած աշխարհի մեջ, ամեն մեկն առաջ է մղել սեփական ես-ը: Թատերագրի խնդիրը բարդ է, որովհետև հաճախ ոմանք սոսկ որպես «նյութ» են ընդունում գրականությունը` մոռանալով նրա առաջնահերթ նշանակությունը: - Քո պիեսներում, հատկապես կատակերգություններում, պարադոքսալ հերոսներ և իրավիճակներ են ի հայտ գալիս, որոնք ունեն ներքին ահռելի փիլիսոփայական կուտակումներ: Դու չե՞ս «լրջացնում» կատակերգությունը: - Իսկ մի՞թե կյանքը պարադոքսների վրա չի հենվում: Չկան բացարձակ կատակերգական և բացարձակ ողբերգական դրություններ և վիճակներ: Ամեն ինչ փոխկապակցված է, իրար հյուսված: Զարմանալի բան է կյանքը: Մեզ բոլորիս թվում է, թե մենք այն լավ գիտենք, թե ամեն մեկս կյանքի իմացության մեծ պաշար ունենք: Մինչդեռ ամեն օր ու ժամ մի նոր էջ է բացում, մի նոր անակնկալ: Ու մենք կանգնում ենք անիմանալիի և իմանալիի խաչմերուկներում: Թատրոնն էլ է այդպիսին` բարդ, պարադոքսալ, զարմանալի և հետաքրքիր: Դրա համար եմ պիեսներ գրում` ինքս առաջարկելով անիմանալիի սահմանները… - Դու վաթսուն տարեկան ես, կյանքի մի ահռելի տարածք արդեն հաղթահարած: Ինչպե՞ս ես գնահատում մեր երիտասարդությանը: - Ես լավատես եմ, երիտասարդների հանդեպ մեծ վստահությամբ լցված: Լավ երիտասարդություն ունենք` կարդացած, գիտակ, առաջադեմ: շատերն, իհարկե, չեն կարդում: Գուցե դա ժամանակի հիվանդությունն է: Բայց ուզում եմ, որ շատ կարդան, իմանան մեր գրականությունը: Դա շատ մեծ պաշար կտա, կենսաճանաչողություն կտա: Կօգնի կյանքում: Երբ ձեռքս եմ վերցնում ցանկացած թերթ ու խորասուզվում այս կամ այն թեմայի մեջ` մի նոր բան եմ ինձ համար հայտնաբերում: Այսօր թերթ ու գիրք կարդացող երիտասարդները շատ չեն: Դրա համար էլ հեղինակները հաճախ չգիտեն, թե ում հասցեագրեն իրենց ստեղծագործություններն ու հոդվածները: - Միանգամայն ճիշտ դիտարկում: Բայց այս ամենը հո երկար չի՞ շարունակվելու: Ամեն ինչ փոխվում է, մարդիկ վերադառնում են որոշակի ելակետերի: - Հուսանք, որ այդպես կլինի: Այ, «Ավանգարդ» թերթը, որը ես շատ եմ սիրում, այսօր չունի այն ընթերցողը, որն ուներ տասնամյակներ շարունակ: Երիտասարդական թերթ էր: յնպես եմ ուզում, որ երիտասարդները կապվեն «Ավանգարդ»-ի հետ, ուր տպագրվող շատ հոդվածներ հենց նրանց համար են…