Մաքուր խիղճը դեռ ոչ մեկի չի խանգարել


Արդեն մի քանի օր է, ինչ Հյուսիսատլանտյան դաշինքը ուղղակիորեն ներքաշվել է Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմի մեջ` ապստամբների կողմից: Սակայն ուղտին նստել` կուզեկուզ են ման գալիս: Ձևացնում են, թե այդպիսի բան, իբր, չկա, ՆԱՏՕ-ն… «չի˜ պատերազմում»: Ընդամենը, իբր, կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 19/73 բանաձևի պահանջը` Լիբիայի երկինքը թռիչքազերծ գոտի դարձնելու, քաղաքացիական անձանց շրջանում կորուստները նվազեցնելու, բռնակալ Մուամմար Քադաֆիի կողմից ռեժիմի հակառակորդների բնաջնջումը դադարեցնելու առթիվ: ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հիշյալ բանաձևում ՆԱՏՕ-ին այդպիսի լիազորությամբ օժտելու մասին, իհարկե, ոչ մի խոսք չկա: Անվտանգության Խորհուրդը Հյուսիսատլանտյան դաշինքին ամենևին չի խնդրել Լիբիայի երկինքը թռիչքազերծ գոտի դարձնել` վայր գցել Քադաֆիի ռազմական օդանավերը: Ընդսմին, դեռ մինչև ՆԱՏՕ-ի խաղի մեջ մտնելը` Լիբիայի երկնքում ռազմական գործողություն սկսելու երրորդ օրվանից, Արևմտյան կոալիցիան հայտարարում էր, թե «Քադաֆին գործնականում այլևս ռազմաօդային նավատորմ չունի»: Իբր, բռնակալին ենթակա օդանավերն իրենցից այլևս «կազմակերպված դիմադրության ընդունակ ուժ չեն ներկայացնում»: Մի կողմից ա´յդ էին պնդում, մյուս կողմից շարունակում էին վերգետնյա թիրախների ռմբահարումները: Դրանք չեն դադարում շաբաթից ավելի, արդեն նաև` ՆԱՏՕ-ի ներգրավմամբ: Արևմտյան զանգվածային լրատվամիջոցները, որոնք վաղուց արդեն վեր են ածվել ոչ թե մոլորակի բնակչությանը անկողմնակալ տեղեկատվություն հաղորդելու, այլ` քարոզչական պատերազմ մղելու գործիքի, այնուամենայնիվ, սկզբնական շրջանում օբյեկտիվ էին իրենց այն ռեպորտաժներում, որոնք ցույց էին տալիս, որ բռնակալը օդուժն օգտագործում է սեփական ժողովրդի ընդդիմադիր հատվածի դեմ: Այդպիսի հանցագործությունն, իրո´ք անհրաժեշտ էր կանխել: Սակայն ոչ երբեք` պատժել: Պատժելը դատարանի´ գործն է: Մինչդեռ Լիբիայում բացահայտորեն ձգտում են Քադաֆիին պատժել: Մի՞թե դա ՆԱՏՕ-ի գործն է: Եվ արդյո՞ք իմաստ ուներ այդ գործն սկսել Լիբիայի հակաօդային պաշտպանության մշտական տեղակայում ունեցող զենիթա-հրթիռային կայանքների ոչնչացումից: Չէ՞ որ զուգահեռաբար նաև բարբարոսական ռմբակոծումների են ենթարկվում քաղաքներն ու բնակավայրերը: Երկիրն ավերում են, խոցում են քաղաքացիական օբյեկտները, մեծաթիվ զոհերի պատճառ դառնում հենց ա´յն անմեղ մարդկանց շրջանում, որոնց անվտանգությունն իբրև թե պաշտպանելու համար սկսվել է այս ամբողջ խառնակությունը: ՆԱՏՕ-ի ռազմանավերը գործնականում շրջափակման են ենթարկել նաև Լիբիայի ծովային սահմանները` իբր զանազան վարձկանների թույլ չտալու, որ ծովով օգնության հասնեն խելապակաս Քադաֆիին: Այս կերպ նույնպես, իբր, դարձյալ ի կատար է ածվում ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի պահանջը` Լիբիա զենք ու զինամթերքի առաքում թույլ չտալու մասին: Արդյո՞ք նույն խստագույն էմբարգոն կգործեր այն դեպքում, եթե դրսից ռազմական օգնություն ստանային ապստամբական ուժերը: Չէ՞ որ արդեն իսկ օդային ռմբահարումները հսկայական օգնություն են ապստամբներին: Դրանք Քադաֆիի՞ դեմ ուղղված պատժիչ գործողություններ են, թե՞ Լիբիայի ներքին գործերին խառնվելու բացահայտ փորձ: Արևմտյան կոալիցիայի ռազմա-քաղաքական աջակցությունից օգտվելով` ապստամբներն արդեն ուշքի են եկել: Նրանք հետ են գրավել մինչ այդ կառավարական ուժերին հանձնած քաղաքները, շարժվում են դեպի մայրաքաղաք Տրիպոլի, ստեղծել են իրենց «անցումային կառավարությունը»: Եվ այդ երիցս կասկածելի մարմնի լեգիտիմությունը շատ-շատերն են ճանաչել, նրան հայտարարել են «Լիբիայի միակ օրինական կառավարություն»: Ինչու՞ և ինչո՞վ է ինքն իրեն «անցումային» կոչող այդ կառավարությունն «օրինական»: Լիբիայի ժողովուրդը, որին բռնակալից ազատագրելու, նրան ժողովրդա վարական ազատություններ բերելու համար էլ ՆԱՏՕ-ն, իբր, մտել է «շուրջպարի» մեջ, այդ կառավարությանը վստահության քվե տվե՞լ է: Նրան ընտրե՞լ է: Անշուշտ` ո´չ: Այսպե՞ս է հարգվում «սեփական ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու» Լիբիայի ժողովրդի իրավունքը: Այդ ինչպե՞ս է, որ ՆԱՏՕ-ն «հոգում» է հատկապես ա´յն պետություններում ժողովրդավարական ազատությունների երաշխավորման մասին, որոնցում…նավթ կամ գազ կա: Կամ կան այնպիսի քաղաքական ռեժիմներ, որոնք ինչ-որ պահի հաճելի չեն դառնում Արևմուտքի քիմքին: Մի՞թե ժամանակակից պատմությունը դրա օրինակները քիչ է տվել: Իրաքի բռնապետ Սադամ Հուսյենը Արևմուտքի աչքի լույսը չէ՞ր այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմ էր մղում…Իրանի դեմ: Հենց որ Սադամը զենքը շուռ տվեց Քուվեյթի դեմ` բոլորը հանկարծ հիշեցին, որ նրա խղճին քիմիական զենքով սեփական պետության 5 հազար անմեղ քուրդ քաղաքացիներ ոչնչացնելու աններելի մեղքն է ծանրացած: Արևմուտքը չգիտե՞ր, որ Մուամմար Քադաֆին Սադամ Հուսեյնի «կրկնակն» է: Չգիտե՞ր, որ անապատի բեդվինի դաժանություն է կրում իր գեներում, բնավորության մեջ, արարքներում: Չէ՞ր երևում, որ ակնհայտորեն` հոգեկան հիվանդի տպավորություն է թողնում, հանդես է բերում անմեղսունակներին բնորոշ անպարագիծ մեծամտութ յուն: Ավելին, գտնում է, թե ինքը Լիբիայի պետության ղեկավարը չէ, այլ` «հեղափոխության առաջնորդը»: Օրերս Թուրքիայի վարչապետ Էրդողանն ասում էր. - Եթե Քադաֆին, ինչպես ինքն է հայտարարում, Լիբիայի ղեկավարը չէ, լիբիական պետության մեջ ոչ մի բարձրագույն պաշտոն չի զբաղեցնում, հետևաբար չի կարող նաև հրաժարական տալ չունեցած պաշտոնից, ապա պիտի թողնի ու հեռանա երկրից, քանզի որևէ պետության մեջ «առաջնորդի» պաշտոն գոյություն ունենալ չի կարող… Չի կարող, այո, բայց…ունե´ր: Եվ ինքը, Էրդողանը, քի՞չ առիթներ է ունեցել Քադաֆիին հենց «առաջնորդ» անվանելու, նրան վերաբերելու որպես լիբիական պետության` Լիբիայի Ջավահիրիայի մեջ անառարկելի հեղինակություն վայելող միանգամայն օրինական ու բարձրագույն ղեկավար: Թուրքիայի վարչապետի, հակաքադաֆիական կոալիցիայի անդամ մյուս պետությունների ղեկավարների աչքերը նո՞ր բացվեցին: Թե՞ այսօր քամին ա´յդ կողմից է փչում` այդպես են ասում, եթե հանկարծ քամու ուղղությունը փոխվի` ա´յլ երգ կերգեն… Քադաֆիի համար, ըստ իս, ամեն ինչ վերջացած է, նա այլևս քաղաքական դիակ է: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Քի Մունը զուր չէր օրերս նրան կոչ անում վերջ տալ արյունահեղությանը, դադարեցնել դիմադրությունը, որովհետև նա «չի կարող պատերազմել ամբողջ աշխարհի դեմ»: Իհա´րկե չի կարող: Բայց «դիակը» դա կհասկանա՞: Դիակները սովորաբար նեխում են, ո´չ թե որևէ բան հասկանում: Ամբողջ հարցն այն է, թե որքա՞ն կտևի նեխման այդ գործընթացը: Եթե երկարեց, ինչն այս պահին ամենևին էլ անհավանական չի թվում, նեխահոտը կբռնի ամբողջ աշխարհը: Հետևաբար, ՆԱՏՕ-ն կա´մ խաղի մեջ չպիտի մտներ, կամ, քանի որ արդեն մտել է, պիտի աճապարի: Այսինքն, ժամ առաջ պիտի սկսի Լիբիայի տարածք ցամաքային զորքեր մտցնել, որովհետև դեռ երբեք չի եղել, որ որևէ պետություն ծնկի գա հենց միայն օդային ռմբահարումների հետևանքով: Բացի այդ, որևէ վստահություն լինել չի կարող, թե ապստամբները, մայրաքաղաք Տրիպոլին գրավելու դեպքում, շատ ավելի մեծ վայրագություններ չեն գործի խաղաղ բնակչության, մանավանդ մինչ այս Քադաֆիին հավատարիմ կամ նրան սատարած քաղաքացիների դեմ, քան այդ անում էր ձախողակ բռնակալը` իր ընդդիմադիրների հանդեպ: Մինչդեռ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թիվ 19/73 բանաձևը պահանջում է խաղաղություն և անվտանգություն ապահովել Լիբիայի բոլո´ր քաղաքացիների համար, անկախ այն բանից, թե այս պատերազմում ո´վ բարիկադի ո՞ր կողմում է գտնվել: Եթե ՆԱՏՕ-ն կարողանա այդպիսի «բուֆերի» դեր կատարել` կանգնել հակամարտողների միջև և դադարեցնել քաղաքացիական պատերազմը, լիբիական ժողովուրդը նրան վաղ թե ուշ երախտապարտ կլինի: Եթե չկարողանա կամ չուզենա` կարժանանա նզովքի: Եվ որքան էլ այսօր Հյուսիսատլանտյան դաշինքը թքած ունի այն բանի վրա, թե ո՞վ է իրեն օրհնում և ով` նզովում, այնուամենայնիվ, համաշխարհային պատմության դատաստանի առաջ մաքուր խղճով կանգնելը ոչ մեկին դեռ չի խանգարել…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ