Հա՞ որ...


Թերևս հեռու չէ այն օրը, երբ Հայաստանում բենզինը ոչ թե լիտրերով, այլ կաթիլներով վաճառվի: Հանրահայտ բենզինային օլիգարխները հավանաբար նաև նման անխուսափելի հեռանկարն էլ են հաշվի առել` միաժամանակ հաշվարկելով, որ կաթիլային վաճառքի պայմաններում նույնպես իրենց գերշահույթներն աճելու են: Ամեն դեպքում, 400 դրամի սահմանագիծը դեռ ուռճանալու է. դիցուք` շաբաթական 10 դրամ գնաճով: Ասում են, թե մեր ներկրողներն աչք են գցել Երևանը հեղեղած պարսիկ մեքենայատերերի գրպաններին: Սեփական մեքենաներով տոնական շրջագայությունների եկած` հարևան երկրի հյուրերը, բնականաբար, փոքր գումարներ չեն ծախսի նաև վառելիք լիցքավորելու համար: Եվ ահա մերոնք էլ չեն կարող առիթը բաց թողնել: Իրանում բենզինն ու վառելիքի մյուս տեսակներն, իհարկե, այնքան ցածր գին ունեն, որ «տեղականի» հետ համեմատելու եզրեր անգամ չկան: Բայց մերոնց համար էլ դժվար չէր հաշվարկել, որ Իրանից ժամանող ցանկացած մեքենա այնքան վառելիք կարող է լիցքավորել, որ առավելագույնը մինչև Երևան հասնի: Եվ ստացվում է որ պարսիկ հյուրերի վճարունակությունից շարքային հայաստանցիները նորից են տուժում: