Ում ինչ կտա համատեղումը


Իշխանական կոալիցիայի` վերջերս ստորագրած հուշագիրը բառի ամենադրական իմաստով մոռացության է մատնվել: Անգամ ամենասուր աչքով ներքաղաքական զարգացումներին հետևողները կդժվարանան մատնանշել հուշագրի ստորագրմանը հաջորդած որևէ առիթ, որը նշված ուժերի վերահաստատված բարեկամական հարաբերությունները կասկածի տակ առնող նույնիսկ ամենաաննշան տարրեր պարունակի: Հարկ է նաև նկատել, որ մինչ այդ քաղաքական գործընթացները եռյակի մոտալուտ փլուզմամբ պայմանավորողները նույնպես իշխանական ուժերի համագործակցության հեռանկարները կասկածի տակ չեն առել: Ասել է թե` վերահաստատված պայմանավորվածությունները հիմնավոր են և համենայն դեպս մինչև ընտրություններ պահպանվելու են: Նման վստահության հիմքեր իհարկե կան, սակայն բոլոր դեպքերում ընտրություններին նախորդող շրջանն անհնար է պատկերացնել առանց ավանդական մրցակցություն, կամ որ նույնն է` հայկական կատաղի քարոզչության բացակայությամբ: Իհարկե, հուշագրում ամրագրվել է, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանի ընտրություններում միմյանց դեմ չեն պայքարելու, իսկ Նախագահի ընտրություններում միասնաբար սատարելու են Սերժ Սարգսյանին: Սակայն գոնե այս պահին հարյուրտոկոսանոց կամ գոնե դրան շատ մոտ երաշխիքներ կարելի է վերագրել միայն նշված կետերից վերջինին: Այսինքն բոլորովին էլ ճիշտ չի լինի կարծել, թե գործող Նախագահին սատարելու պատրաստակամութ յունը նույնքան հիմնավոր համագործակցությամբ է դրսևորվելու նաև ԱԺ ընտրություններում: Ի վերջո, սեփական¬կուսակցական շահերն ավելի շատ կընդգծվեն հատկապես վերջին դեպքում, երբ յուրաքանչյուրի առաջ ծառացած կլինի հատկապես ի´ր խնդիրը լուծելու, ի´ր ապագա քաղաքական ճակատագիրը կանխորոշելու կարևորությունը: Եվ կստացվի (ու կարոր չէ, թե ում մեղքով), որ կոալիցիոն հուշագրի կարևորագույն սկզբունքներից մեկն այնուամենայնիվ խախտվեց: Ոչ պակաս հետաքրքիր ու դիտարժան կդառնան գործընթացները, եթե քարոզարշավից առաջ միս ու արյուն տրվի իշխանական եռյակի մեկ միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու` առայժմ բավական աղոտ հավանականությունը: Հուշագրի ստորագրումից հետո նման ակնարկներ իհարկե արվեցին, սակայն դժվար է ասել ժամանակի մեծ պաշարը, թե՞ մեկ դաշինքում համատեղվելու աննպատակահարմարությունն է կոալիցիոն եռյակին խանգարում` համատեղվելու մասին խոսակցութ յունները շարունակել: Այսուհանդերձ, եթե ԱԺ ընտրություններից առաջ նման միավորում ձևավորվի, ապա վստահաբար կարելի կլինի ասել, որ շահեցին բոլորը: Ու ամենից ավելի` ՕԵԿ¬ը: Քաղուժերի մասնակցության սպասվող մեծ թվից անկախ` Հանրապետականն անվիճելիորեն այդ ընտրությունների առաջատարն է լինելու, ու նշված փաստը կարծեք թե ընդունում է նաև փոքր տարբերությամբ իշխող կուսակցությանը զիջող ու ինչ¬որ առումով ՀՀԿ հիմնական մրցակիցը համարվող Բարգավաճ Հայաստանը: ՕԵԿ¬ի պարագայում միավորումը փրկօղակի կարևորագույն դերը կարող է ունենալ, քանզի ակնհայտ է, որ խորհրդարանում հայտնվելու անհրաժեշտ շեմը հաղթահարելու հնարավորությունն այս կուսակցության պարագայում կասկածելի է: Այսինքն, եռյակի ընտրական դաշինքի կայացումը խորհրդարանական թեկուզև փոքրաքանակ խմբակցության հեռանկարի առումով, ամենաշահեկանը կլինի թերևս հենց «Օրինաց երկրի» համար: Իսկ ընդհանուր առմամբ` նման միավորում ձևավորելիս, ամենաշատը թերևս միասնական ցուցակ կազմելու հարցն է դժվարություններ ստեղծելու: Այլ կերպ ասած` անցողիկ տեղերի համամասնության շուրջ փոխհամաձայնության գալը: Մյուս կողմից էլ ոչ այնքան բարդ այս արգելքը հաղթահարելու դեպքում, կոալիցիան վստահաբար կարող է հայտարարել, որ իշխանամետ ընտրազանգվածի ձայները չփոշիացնելու խնդիրը լուծվել է, ինչն էլ հնարավորություն կտա տվյալ դեպքում ընտրություններից առավելագույնն ակնկալել: