ՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՅՈՒՂԱՑՈՒ ՄԻՋԵՎ


Կենտրոնական բանկը չնախատեսված «գրոհի» է անցել: Պարզվում է, որ մեկնարկող գյուղատնտեսական սեզոնից հուսադրող սպասելիքներին հիմա էլ հայրենական բանկերն են խանգարում: Այս կառույցների վաղուց սահմանած վարկավորման բարձր տոկոսադրույքները երկրի գլխավոր դրամատանն ստիպել են պետական պահուստներից միջոցներ տրամադրել մասնավոր բանկերին` գյուղացիական տնտեսություններին համեմատաբար մատչելի փոխտվություններ տրամադրելու: Տարվա այս հատվածը հողագործության համար ներդրումների շրջան է: Եվ քանի որ մրգերի ու բանջարեղենի մշակությամբ զբաղվողները վերջին անգամ փողի տեսքով եկամուտ լավագույն դեպքում ուշ աշնանն են ստացնում, նոր սեզոին նրանց ոչինչ չի մնում, քան բանկերի տրամադրած գումարներին ապավինելը: Մեր երկրում գործող շուրջ երկու տասնյակ բանկերն էլ որոշել ու վարկավորման 20-%¬ը գերազանցող վճարաչափ են սահմանել: Ու եթե պետական միջոցների հաշվին պետք է համեմատաբար մատչելի լինեն տոկոսադրույքները, նշանակում է` դրամատունը բանկերի հետ վաղօրոք բանակցություններ է վարել: Եվ ինչպես տեսնում ենք` անարդյունք: Այլապես այս օրերին հեռուստաեթերը ողողված կլիներ էժան գյուղատնտեսական վարկերի առաջարկներ ներկայացնող գովազդներով: Դժվար չէ նաև պատկերացնել, որ նման գովազդների սպասելն առաջիկայում էլ է անիմաստ: ԿԲ որոշումն արդեն իսկ հուշում է, որ նման միջոցներ տրամադրելուն կոչված երկու տասնյակ կազմակեր պությունների «կամքը» կոտրել չի հաջողվել: Հայրենական բանկերը գյուղացիական տնտեսություններին անհուսալի գործընկերներ են համարում. համակարգի պատասխանատուները հայտարարում են, որ նման վարկերը չվերադարձնելը կամ հարկադրաբար բռնագանձումները հաճախակի դարձած երևույթ են: Այսուհանդերձ, անվիճելի է, որ նման իրավիճակ ստեղծվել է հենց 20 և ավելի բարձր տոկոսադրույքով գումաներ հրամցնելու ու դրանով իսկ նշված միջոցների վերադարձն անհնարին դարձնող հայմանների հետևանքով: Ավելին, նույն վստահությամբ կարելի է նշել, որ շատ հաճախ մարդիկ բանկերին են վճարել ոչ այնքան հողագործությունից ստացված եկամտից, այլ ուրիշ միջոցներ են հայթայթել` հարկադիր կատարողների հետ առնչվելու տհաճ գործընթացից խուսափելու համար: