Հանգաժպիտներ


 

 -Այ քեզ ամուսնություն, քեֆս բերեց,

Կինը, որպես օժիտ, գրքեր բերեց:

*  Գիտե` իր հանդեպ ես սեր եմ տածում,

Քթիցս բռնած ինձ ման է ածում:

*  Հայ կինը ոչինչից սարքում է սեղան,

Հենց դրանից էր, որ սովից չմեռան:

*Ախր ես էնքան լավ աղջիկ ունեմ,

Ձեռքս չի գնում, որ ամուսնացնեմ:

*  Կինը հոտավետ ծաղիկ է նրբին,

Բայց նրան նույնիսկ ծաղկով չեն խփի…

*  Սիրուհու ոտքերն էին տարել խելքը,

Բայց նշանվելիս խնդրեց նրա ձեռքը:

* -Քեզ համար եմ այրվում...

- Ո՞ւր է, դե մի օր ինձ մոխիրդ ցույց տուր:

*  Ոտքով այնքան խփեց իր հարսին,

Որ դասեցին սմբակավորների դասին:

*  - Հիմար խելքս ասա, որ քեզ առա:

- Դե որ հիմար ես, տեղդ տազ արա…

* Երբ ասում էր կնոջ մերը մեռնի,

Ասում էր. «Վայ, քո մերը չմեռնի»:

*  Ժողովրդական երգեր երգեց` պորտը բաց,

Ժողովրդի փակ բերանը մնաց բաց:

*  Սիրահարվեց… և ի˜նչ բարի դարձավ,

Տեսավ սիրածին չեն առնում… ինքն առավ:

*  - Լեզուդ ինչո՞ւ ես երկարացրել:

- Տեսնեմ` մինչև ուր կհասցնեմ:

*  Հիմա դա գաղտնիք չէ, կարող եմ ասել`

Երբ կինս քնած է, տան տերը ես եմ:

*  - Մա, հիմա ուզողս օդաչու է, նրան սիրե՞մ:

- Աղջիկս, սպասիր օդն ուսումնասիրեմ…

*  - Սիրելիս, դու իմ ապագա կինն ես:

- Բայց դու ապագա ունե՞ս:…

*   - Սիրուն ջան, ես քո ջանին մեռնեմ:

- Բա որ մեռար, ես ո՞ւմ առնեմ…

*  Որ սերդ տան մեջ աճի, ամրանա,

Կնոջդ լավ պահիր, որ տատիկ դառնա:

*  Ոնց որ քեզ ուզողներ եկան, աղջի,

Թե չէ շունն էդքան ուրախ չէր հաչի:

*  - Ամուսնուդ շատ ես խեղճացրել,մեր սիրուն:

- Ես տղամարդկանց էդ տեսակն եմ սիրում:

Հրանտ ՀՈՐԻԶՈՆ