Իվանիշվիլին չի բացառում


 

Վրաստանի վարչապետը չի բացառում, որ նախկին իշխանությունների օրոք իրենց երկրում կարող էին գրոհայիններ պատրաստել: Այս կարծիքը նա բարձրաձայնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Խոսքն անցյալ օգոստոսին Լոպոտի կիրճում իրականացված հատուկ գործողությունների հետաքննության մասին է: Այն ժամանակ վրաց իշխանությունները միջոցառումներ էին ծավալել` ոչնչացնելու իբր թե Դաղստանից ներթափանցած գրոհայիններին, ովքեր գերի էին վերցրել մի քանի տեղաբնակների (դարձյալ` իբր): Բայց ահա օրեր առաջ հրապարակվել է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ուր հստակ նշվել է, որ այդ չեչեն գրոհայիններն իրականում պատրաստվել են Թբիլիսիի մերձակայքում գտնվող հենակետերում և Եվրոպայից հատուկ հրավիրված են եղել Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչների կողմից` հետագայում Չեչնիա տեղափոխելու համար:

Միխեիլ Սահակաշվիլին արագ արձագանքել է զեկույցին` ընդգծելով, որ հյուսիսկովկասյան ահաբեկիչների հետ Վրաստանի նախկին իշխանությունների համագործակցության մասին հայտարարությունը վնասում է ոչ թե անձամբ իրեն` որպես նախագահ, այլ ամբողջ երկրին:

- Կամ վարչապետը չունի լիարժեք տեղեկատվություն, կամ նրան մոլորեցնում են, կամ էլ նա չի ցանկանում իր պատկերացումներին հակասող համոզիչ եզրահանգումներ լսել,- հայտարարել է նա` նշելով, որ ողջ աշխարհը գիտե, թե Վրաստանն ինչ ավանդ ունի ահաբեկչության դեմ պայքարում:

Թե Սահակաշվիլու մատնանշած աշխարհն ի՞նչ գիտե` դժվար է ասել, բայց գրեթե վերջերս լրատվամիջոցներում տեղեկատվություն էր շրջանառվում, որ Բոստոնում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչներից մեկը` Թամերլան Ցառնաևը հմտություններ է ձեռք բերել վրացական «Կովկասյան հիմնադրամ» հատուկ կազմակերպութ յունում: Իսկ այդ կազմակերպությունը Հյուսիսային Կովկասից երիտասարդներ է հավաքագրում` ՌԴ-ում սաստկացնելու անկայունությունն ու ծայրահեղական տրամադրությունները (հիշեցրել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը):