ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆՔ ԱՆԻ


 

2012 թվականի հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԻԻՀ Արևելյան նահանգների նահանգապետ Ալիռզա Բեյգը համաձայնագիր էին ստորագրել: Այս համաձայնագիրը 2013 թվականի հունվարի 15-ին վավերացրել են Սյունիքի մարզի գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանգյանն ու Ատրպատականի ցեղաբնակների գործերի կոոպերատիվ միության ընդհանուր տնօրեն Ղուրբան Ֆեյզին...

Մոտ օրերս Հայաստան է գալու Մեծ Բրիտանիայի թագաժառանգ Չարլզը, որպեսզի վերջնականապես տեր դառնա Կոտայքի մարզում գտնվող ոսկու հանքին, որի ընդհանուր տարողությունը 75 տոննա է...

Արգենտինացի Էդուարդո Էռնեկյանը դիմել է կառավարություն` քանդելու «Զվարթնոց» օդանավակայանի շենքը, որն ազգային ճարտարապետության նշանավոր ձեռքբերումներից մեկն է...

Այս և այլ փաստեր, որոնց չանդրադարձանք, մի բացատրություն կամ բնութագրում ունեն. վերադառնում ենք Անի, վերադառնում ենք այն ժամանակաշրջանին, երբ Անին, ասել է թե` Բագրատունյաց հարստությունը, որն ինքը Հայաստանն էր, հանձնեցինք օտարին: Առավել զգացմունքային մարդիկ կարող են օգտագործել ծախել բայը, սակայն ձեռնպահ մնանք ու ընդամենն ասենք` հանձնեցինք:

Մի քանի տարի առաջ «Գույք պարտքի դիմաց» ծրագրի շրջանակներում Ռուսաստանին հանձնեցինք մի քանի կարևոր արդյունաբերական հզորություններ, այսօր` երկաթուղին, մայրաքաղաքի ջրային ցանցը մերը չեն, վաղը...

Մեր արտաքին պարտքը մոտենում է 5 մլրդ դոլարին. այդ ահռելի գումարի ո՞ր մասն է ուղղորդվել տնտեսության բարեփոխմանը, ո՞ր մասն է ներդրվել երբեմնի հզոր արդյունաբերության վերականգնմանը... Գումարները հոսել են առևտրային բանկեր` հարստացնելով բանկային օլիգարխիային` առավել ծանր ու դժվարին դարձնելով գործարարության ընթացքը: Հիմա այդ ամենին գումարվում է Հայաստանի տնտեսական շահի ու բնության ավերման նոր նախաձեռնությունը, որն այս դեպքում չի սահմանափակվում բնությամբ ու տնտեսությամբ: Տասը տարի հետո կարող ենք ունենալ պարսկական տիրապետություն Հայաստանում, Սյունիքում, ինչն էլ կարող է հանգեցնել մեր տարածքների և ինքնիշխանության կորստին:

Ուրեմն, վերադառնում ենք Անի: Վերադառնում ենք անխոհեմությամբ, ազգային շահի գիտակցության բացակայությամբ: Գրեթե նրանց նման, ովքեր դավաճանեցին Անիին ու հեռացան` պատմության մեջ թողնելով միայն ու միայն նզովք... Սյունիքի մարզպետի ստորագրած համաձայնագրով նվազագույնը 10 տարի ժամկետով Իրանի Ատրպատականին վարձակալության է տրվելու 50 հազար հա հողատարածք ինչպես բնակության, այնպես էլ որպես արոտավայրեր օգտագործելու համար:

Յուրաքանչյուր հեկտարի համար սահմանվել է 26 ԱՄՆ դոլար: Չափազանց ծիծաղելի մի գումար: Այս ամենից զատ, մոտ 2000 հա տարածք է տրամադրվելու բնակության համար, Գորիսում կառուցվելու է սպանդանոց, Սյունիքում էլ կյանքի է կոչվելու համակցված կերերի գործարանը: Այս գործարքից, իհարկե, անմասն չէ գյուղնա խարար Սերգո Կարապետյանը, որովհետև նա էր հպարտությամբ հայտարարում.

- Իրանից, ինչպես նաև այլ երկրներից ներդրողներ են եկել Հայաստան, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի կարողանանք ոչխարաբուծությունը զարգացնել:

Նախարարը հեռանկար է տեսնում` մոտ մեկ միլիոնով ավելացնելու Հայաստանում մանր եղջերավորների գլխաքանակը: Սակայն մի՞թե գոնե նա տեղյակ չէ, որ ցանկացած երկրի համար ոչխարաբուծությունը աղետալի է, քանի որ այն առաջ է բերում լուրջ հետևանքներ, հապաղեցնում է կաթնամթերքի արտադրությունը, մեծ վնասներ է հասցնում հողերին: Հայաստանի կոմկուսի կենտկոմի նախկին քարտուղար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Մհեր Մելքոնյանը դեռևս 1974-ին գրել է.

- Անասուններով արոտավայրերի չափից դուրս բեռնվածության  կորստաբեր ազդեցությունը հանգեցնում է ոտնահարած աստիճանավոր ճանապարհների առաջացմանը և հողի վերնաշերտի մերկացմանը, որը հաճախ կազմում է արոտավայրերի ընդհանուր տարածության 30 (Արագած) և նույնիսկ 60 (Զանգեզուր, Ղափան, Մեղրի) տոկոսը:

Այս դիտարկմանը գումարենք գիտական բազմաթիվ մոտեցումներ, հիշատակենք բազմաթիվ փաստեր, երբ հենց նախկին ԽՍՀՄ տարածքի մի շարք երկրներում ոչխարաբուծության աճի հետևանքով հանգել են բնապահպանական, բուսածածկութային աղետների, կորցրել գյուղատնտեսության զարգացման հիմնուղիները: Ավելին, մեծ ծախսեր անելով` ստացել չնչին եկամուտներ: Հիմա էլ, եթե վարձակալության ենք տալիս մեր հողերը ըստ համաձայնագրի, տարեկան ստանում ենք ընդամենը 1 մլն 300 հազար դոլար: Փոխարենը, կորցնում ենք երկրի մի տարածքը, գյուղատնտեսական նշանակության տարածքները զրկում ենք իրենց նշանակությունից: Մանր եղջերավոր ների աճը հանգեցնում է տավարաբուծության անկմանը, մինչդեռ խոշոր եղջերավոր անասնապահությունը տասնապատիկ անգամ շահեկան ու ընդունելի է:

Խնդիրն ավելի հստակ դարձնելու համար դիմենք վիճակագրական հաշվարկների, որոնք ներկայացվել են կայքերից մեկում.

- Ռուսաստանը 1990-ին ուներ 58, 2010-ին` 20 միլիոն մանր, Ղազախստանը` 36,5-ից իջեցրեց 19, Թուրքիան 83,1-ից 33 միլիոնի: Մի շարք երկրներ մինչևիսկ խոշորի կրճատման են գնացել` փոխարենը բարձրացնելով մթերատվությունը: Իսկ մենք... Թե՞ Կանադայում մեզնից պակաս ուղեղ շարժողներ կան, որտեղ ընդամենը 700 հազար ոչխար են պահում, Շվեյցարիայում` 200, Շվեդիայում` 180, Բելգիայում` 100, Հոլանդիայում` 10 հազար: Փոխարենը զարգացած է տոհմային տավարաբուծությունը, և մեկ կովից կարողանում են միջինը 6-7 հազար ու ավելի կգ կաթ ապահովել: Ի՞նչն է պատճառը, որ ԱՄՆ-ը խոշորի գլխաքանակով աշխարհում գրավում է չորրորդ տեղը, մանրով` 58-րդ: Եվ ի՞նչ. նրանք 1996-ին մեկ կովի միջին կաթնատվությամբ անցան 7000-ի սահմանը (7277 կգ), հոլշտինյան ցեղատեսակից մեկ տարում ստացան 28 հազար 740 կիլոգրամ: Անպատկերացնելի թիվ է, խոստովանեք: Եվս մի անհավատալի փաստ. նույն ԱՄՆ-ում հաջողվել է մեկ կովից երկու կիթով մեկ օրում ստանալ 110,9 կիլոգրամ կաթ, ապահովել 10,58 տոկոս յուղայնություն:

Առավել քան խոսուն ցուցանիշներ... Հետևաբար, հրճվանքով իրանական ադրբեջանցիներին մեր հողերը վարձակալության տալուց առաջ այս ամենին պիտի տեղեկանան մեր գյուղնախարարն ու Սյունիքի մարզպետը: Նաև պիտի հասկանան, որ կրկնվելու է պատմությունը, իրանական ազերիները հայտնվելով Հայաստանում, առաջնային են դարձնելու բազմանալու, այստեղ բնակավայրեր հիմնելու մտադրությունները: Ուրեմն, մենք մեր ձեռքով ծախելու ենք Սյունիքը` այսպես իրականություն դարձնելով ազերիների վաղեմի երազանքը:

Քանի դեռ ուշ չէ` պետք է չեղյալ հայտարարել համաձայնագիրն ու ծրագիր մշակել տավարաբուծության զարգացման հեռանկարների մասին, եթե ուզում ենք իսկապես հարուստ երկիր լինել:

Հ.Գ.- Գուցե այս փաստը բավական է, որպեսզի, ի վերջո, կառավարությունն ու երկրի Նախագահը մտածեն Սերգո Կարապետյանին և Սուրեն Խաչատրյանին «վաստակած հանգստի» ուղարկելու մասին…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ