ԵՐԵՎԱՆՑԻՆ


 

«Երկու հազար և յոթհարյուր հիսուն տարի սրանից առաջ հայ ժողովուրդը քաջակորով մարտնչում էր թշնամու դեմ: Եվ, ի նշան մեծ հաղթանակի, Արգիշտի թագավորը հիմնադրեց Էրեբունին ու սեպագիր տառերով պատմությունն այդ փորագրեց դարերի էջերում:

Երևանն է խոսում».

ԱՅՍ խոսքերը 1968թ. հոկտեմբերի 17-ին ես հնչեցրել եմ Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմից, երբ առաջին անգամ նշվում էր Երևանի հոբելյանը` 2750-ամյակը: Այն ժամանակ 14 տարեկան պատանի էի, հիմա 59-ամյա երևանցի, և մեծագույն հուզմունքով, հին և բարի հիշողություններով կրկնում եմ այդ տողերը:

Ավարտել եմ Երևանի Մ. Աբեղյանի անվան N 3 ֆիզ-մաթ թեքումով դպրոցը: Այդ դպրոցն են ավարտել նաև երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը, Հաբեթնակ Մարգարյանը:

Մասնագիտությամբ ինժեներ-շինարար եմ: Իմ անմիջական ղեկավարությամբ կառուցվել է Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանը, «Սարալանջային», այժմ` «Բաղրամյան» կայարանը մասամբ: Աշխատում էինք երեք հերթափոխով: Եղել են օրեր, որ 4-5 անգամ ոտքով բարձրացել-իջել եմ կայարանի աստիճաններով: Կառուցել եմ Ձերժինսկու անվան դպրոցի (որն այժմ վերանվանվել է լուսահոգի Ջոն Կիրակոսյանի անունով) հետևի մասում գտնվող երկու բարձրահարկ շենքերը, որոնք Երևանի պետական համալսարանի բնակելի շենքերն են և որոնք երևում են համարյա ամբողջ քաղաքից:

Այնուհետև աշխատել եմ Երևանի Լենինյան շրջխորհրդում (Լենինյան շրջանը վերանվանվել է Շենգավիթի շրջան իմ նախաձեռնությամբ և հիմնավորմամբ), Երևանի Սպանդարյան շրջխորհրդում, Երևանի քաղխորհրդում:

Սիրելի ընթերցող, ես փորձեցի մի քանի նախադասությամբ ներկայանալ, որպեսզի դու կարողանաս կողմնորոշվել, իրավունք ունե՞մ ես արդյոք դիմելու: Դիմելու, որ դու կարողանաս Երևանի ավագանու ընտրությունը կատարել այնպես, որպեսզի Երևանի քաղաքապետ ընտրվի Երևանը սիրող երևանցի, գոնե ծնունդով երևանցի, որովհետև ոչ մի տեղ մարդու և աշխարհի միջև եղած կապը այնպես էական, այնպես բովանդակալից չէ, ինչպես ծննդավայրում: Մարդու հայրենիքն սկսվում է ծննդավայրից, մարդու հայրենիքը իր ծննդավայրն է:

Եվ ընդհանրապես շատ քիչ է հնարավոր, կամ ընդհանրապես հնարավոր չէ, որ ասենք Գորիսի Խնձորեսկ գյուղի գյուղապետ ընտրվի Թումանյանի շրջանի Օձունի գյուղացին:

Ես դիմում եմ բոլոր երևանցիներին, նաև Երևան քաղաքում ընտրելու իրավունք ունեցող ոչ երևանցիներին, որպեսզի նրանք բոլորը իրենց ձայնը տան այն կուսակցությանը, որի առաջին համարը երևանցի է և արդեն գործով է ապացուցել իր նվիրումը մեր մայրաքաղաքին:

Հասկանալի է, որ խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, որի ցուցակում առաջին համարը` երևանցի Տարոն Անդրանիկի Մարգարյանն է:

Դիմում, հորդորում և խնդրում եմ նաև բոլոր ընդդիմադիր կուսակցություններին, դիմում եմ Վարդան Օսկանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, Վահագն Խաչատրյանին, Արմեն Ռուստամյանին, որպեսզի նրանք նույնպես իրենց ձայնը տան այն կուսակցությանը, որի առաջին համարը արժանավո´ր երևանցի է:

Չէ՞ որ նրանք բոլորն էլ ասում են, որ բոլորիս նպատակը նույնն է` ծաղկեցնել մեր երկիրը, մեր քաղաքներն ու մեր գյուղերը, մեր Երևան քաղաքը:

Կան հարցեր, որոնք այլընտրանք, հետևաբար նաև ընդդիմանալու կարիք բոլորովին չունեն:

Սիրելի երևանցի, մեզ պետք չէ «փոխված Երևան», մեզ պետք չէ «նոր Երևան», մեզ պետք է ընդամենը «ավելի լավ Երևան», որն ամեն առավոտ զվարթերես մեզ կասի` «Բարև´, երևանցի»:

Հարգանքներով` Գուրգեն ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

59 տարեկան երևանցի, անկուսակցական