ՓՈՐՁԱԴԱՇՏ Է ԴԱՐՁԵԼ


 

Հարկային օրենքներում հաճախակի փոփոխություններին պետք է վերջ տալ:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին, երբ վերջինս ԱԺ-ում ներկայացնում էր «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:

- Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, դրան պետք է վերջ տալ, տնտեսվարողները դժգոհում են: Հարկային միասնական օրենսգիրք պետք է վերջապես տպագրել,- ասաց Հ. Աբրահամյանը:

Ըստ Վ. Գաբրիելյանի` «Եկամտային հարկի մասին» օրենքը 2013 թ. հունվարի 1-ից կիրարկման մեջ դնելուց հետո ի հայտ են եկել խնդիրներ, մասնավորապես` զինծառայողների եկամուտները հարկելու հետ կապված, ինչը ստիպել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: Եթե արդեն ԱԺ նախագահն է քննադատում կառավարության գործունեությունը և ընդդիմանում անընդհատ փոփոխություններին, նշանակում է, իսկապես քննադատելու բան կա: Սակայն հարց է ծագում, ինչո՞ւ է ԱԺ-ն ընդունում օրակարգ ու հաստատում ամեն մի փոփոխություն, եթե դրանք արդեն սասանում են հավատի ու համբերության սահմանները…