Մաքուր օդում ծխելն արգելված է


Նյու Յորքի իշխանությունները պաշտոնապես արգելել են ծխել զբոսայգիներում, պուրակներում, լողափերին և առափնյա տարածքներում: Այս շաբաթ արդեն ծխելն արգելող նշաններ կտեղադրվեն քաղաքի շատ վայրերում` ներառյալ Թայմս-սքուեր կենտրոնական հրապարակը: Այս մասին հրճվանքով պատմել է Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը: Ժամանակին նա մոլի ծխող է եղել, իսկ երբ կարողացել է հրաժարվել վտանգավոր այդ սովորույթից, իրական պատերազմ է սկսել նիկոտինի դեմ (հաղորդել է HTB¬ն): Օրինակ, քաղաքում 1 տուփ սիգարետի գինը հասնում է մինչև 14 դոլար: Քաղաքապետի հավաստմամբ` եթե ծխողներն անտեսեն արգելանքը, կտուգանվեն 50 դոլարի չափով: - Ոստիկանները շարունակում են պայքարել հանցագործության դեմ, իսկ մենք քաղխորհրդում հույս ենք տածում, որ այն վայրերում, ուր ծխել չի կարելի` ծխողներին դիտողություն կանեն անցորդները,¬ ասել է Բլումբերգը: Ի դեպ, այս քաղաքի իշխանությունները ծխելու դեմ պայքարի մեծ փորձ ունեն: 2002 թ. արդեն իսկ արգելել էին ծխել ռեստորաններում, բարերում, գրասենյակային շենքերում և հասարակական մյուս վայրերում: Իհարկե` բնակչության մեծամասնությունը դժգոհում էր այդ նորարարությունից` դա համարելով խտրականություն ծխողների դեմ: Քաղաքագիտության պրոֆեսոր Դան Ֆելդմանի կարծիքով, Նյու Յորքում ծխելու արգելանքը կարող է հակաարդյունավետ լինել, քանի որ իշխանությունների այդ վարմունքը կխաթարի քաղաքացիների վստահությունն իրենց հանդեպ (նշել է GZT.ru¬ն):