ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Գաղտնի բանակցություններ Լոնդոնի հետ


Մինչև վերջերս անբացատրելի էր մնում նացիստ առաջնորդներից մեկի` Ռուդոլֆ Հեսսի թռիչքը Մեծ Բրիտանիա` 1941 թ. մայիսին: Հիմա արդեն հստակ է, որ անձնական ինքնաթիռով գաղտնի այդ թռիչքը թույլատրել է Հիտլերն ինքը (տեղեկացրել է գերմանական Spiegel¬ը): Լրատվամիջոցը վկայակոչել է նախկինում անհայտ գաղտնի այն փաստաթուղթը, որը ՌԴ պետարխիվներում վերջերս է հայտնաբերվել գերմանացի պատմաբանի կողմից: Խոսքը Հեսսի համհարզ Կարլ¬Հայնց Պինթշի 28 էջանոց զեկուցման մասին է. այն կազմվել է 1948 թ. խորհրդային գերության մեջ: Փաստորեն Հեսսի` շատերի համար անսպասելի այդ արարքը երկարատև բաղկացուցիչ մասն էր այն բանակցությունների, որոնք նացիստները վարում էին Մեծ Բրիտանիայի հետ: Իսկ թռիչքը համաձայնեցված էր անգլիացիների հետ: Հեսսին առաջադրված խնդիրը հետևյալն է եղել. «Եթե Անգլիան չտրամադրվի դեպի ռազմական դաշինքն ընդդեմ ԽՍՀՄ¬ի, ծայրահեղ դեպքում, հնարավոր բոլոր միջոցներով պետք է հասնել նրա չեզոքությանը»: Շատ պատմաբաններ կարծում են, որ Հիտլերի տեղակալը և Գյորինգից հետո Ֆյուրերի երկրորդ փոխարինողը համարվող Հեսսն անկեղծորեն խաղաղության էր ձգտում Անգլիայի հետ: Եվ հանելուկային այդ թռիչքը ոչ թե Հիտլերի հանձնարարությունն էր, այլ նրա նախաձեռնությունը: Դա անսպասելի է եղել Ֆյուրերի համար, և նացիստական առաջնորդները երկար ժամանակ չէին կարողանում կատարվածը մեկնաբանել: Ավելին, պաշտոնապես հայտարարվել էր, թե Հեսսը խելագարվել է` եթե որոշել է, որ Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև խաղաղությունը հնարավոր է: Արհեստավարժ օդաչու Ռուդոլֆ Հեսսը 1941 թ. մայիսի 10¬ին Bf-110D ինքնաթիռով միայնակ թռել էր Անգլիա, որպեսզի հանդիպի հերցոգ Համիլտոնին, ում հետ ծանոթացել էր 1936 թ. Գերմանիայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ: Պարաշյուտով նա վայրէջք է կատարել հենց հերցոգի տան մոտ: Անգլիացին, սակայն, հրաժարվել է բանակցել Հեսսի հետ: Պատերազմից հետո Նյուրնբերգյան դատարանը նրան դատապարտել է ցմահ բանտարկության` 1987¬ին ինքնասպան լինելով բանտում: