ԹԱՏՐՈՆԸ ԿՅԱՆՔԻ ՀԱՅԵԼԻՆ Է


- Երևանի ռուսական թատրոնը 70 տարուց ավելի գործում է մեր հանրապետությունում` դառնալով մի մեծ մշակույթի ուրույն դեսպանը: Ի՞նչ դեր է խաղում այսօր թատրոնը մեր մշակութային կյանքում: - Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկականը բացառիկ թատրոն է ողջ ԱՊՀ տարածքում, քանի որ դերասանների 99 տոկոսը ռուսախոս հայեր են: Այսօր մենք ունենք Հայաստանի ամենազորեղ դերասանախմբերից մեկը: Եվ ամենահաճելին այն է, որ երբ մեկնում ենք Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Օդեսա, Բրեստ և այլ քաղաքներ, մեզ առանձնացնում են որպես մի թատրոնի, որտեղ հրաշալի են մատուցում ռուսաց լեզուն... Միանշանակ կերպով` մեր թատրոնը հսկայական դեր է խաղում Հայաստանի մշակութային կյանքում: - Որո՞նք են եղել Ձեր գործունեության ամենադժվար շրջանները: Դուք, իհարկե, համարվում եք երջանիկ ճակատագրի արվեստագետ, սակայն դժվարութ յունները, կարծում եմ, չեն շրջանցել նաև Ձեզ: - Մեր թատրոնի ստեղծագործական կյանքում ամենադժվար ժամանակաշրջանը սկիզբ առավ այն շրջանում, երբ փլուզվեց ԽՍՀՄ-ը: Միության կործանման հետ փլուզվեց բարոյական բարձր արժեքների վրա հենվող մի մեծ մշակութային ժառանգություն, որին տիրապետում էին կոմունիստները: Թող որ փոքր-ինչ կեղծ, բայց դա նրանց հարստությունն էր: Կոմունիստական հասարակարգի իրենց բարոյական կոդեքսով, իմ կարծիքով` արտագրված պարզապես աստվածային օրենքներից, նրանք կարողացել էին ստեղծել մարդկանց հոգևոր հագեցման յուրատեսակ միջավայրը: Իմ կյանքում ամենադժվար շրջանն այն էր, երբ առաջին ժողովրդավարական կառավարության և ՀՀՇ-ի կողմից դպրոցներին, ինստիտուտներին, արդյունաբերական ձեռնարկություններին արգելվել էր հաճախել մեր թատրոն: Առաջին հարվածները ես ստացա այն ժամանակ, երբ առավոտյան ժամը 11-ին իմ առանձնասենյակ մտան ավտոմատներով զինված մի քանի երիտասարդներ և Ռուսական թատրոնի դերասաններից պահանջեցին` երեկոյան ներկայացման ժամանակ «խոսել» միայն հայերեն: Ես անմիջապես հասկացա, որ գործ ունեմ անկիրթ ու լկտի մարդկանց հետ... - Ձեզ համար ի՞նչն է կարևոր` գործընկերների գնահատությունը, թե՞ հանդիսատեսային սերը: - Դա մի հարց է, որին կարելի է պատասխանել այսպես. 50-50... Շատ կարևոր է, որ գործընկերներն ընդունեն կամ չընդունեն այն գեղագիտությունը, աշխարհայացքը, որոնցով դու առաջնորդվում ես և որոնք դարձնում ես թատերարվեստ տանող ճանապարհի ուղենիշներ: Ուզես թե չուզես` դու դրանից ես կախված և նրանով ես հանդիսատեսին մատուցում աշխարհի հանդեպ քո հայացքը: Թատրոնը` կյանքի հայելին է: Ինձ համար այնքան էլ կարևոր չէ, որ արվեստով զբաղվող բոլոր մարդիկ իմ արվեստին վերաբերվեն դրականորեն: Գոյություն ունի գործընկերների որոշակի հատված, որին ես հավատում եմ, որի գեղագիտությունը ես համաձայնեցնում եմ իմ պատկերացում ներին: Հայաստանում հանդիսատեսն այնքան էլ միատարր չէ: Մեր դահլիճը երբեմն լցվում է մարդկանցով, որոնց մի մասը վաղուց սիրում են մեր թատրոնը. մարդիկ, ովքեր հավատացել են թատրոնին: Եվ, որ ամենակարևորն է, երիտասարդությունն ակտիվորեն գալիս է մեր ներկայացումներին... - Խնդրում եմ պատմեք Ձեր այն արվեստակիցների մասին, որոնց հետ անցել եք երկար ստեղծագործական ճանապարհ: - Գուրգեն Գեն, ով առանձնանում էր իր հումորով, ճակատագրի ընտրյալ Սումարոկով, Ֆելլեր, Եգորովա, Կոլեսնիչենկո և ուրիշներ, ովքեր բոլորեքյան նվիրված էին թատրոնին: Ես շատ բարձր եմ գնահատում Լեյլա Խաչատրյանի, Իրինա Մարչենկոյի, Ֆրեդերիկ Դավյանի, Սերգեյ Մաղալյանի, Իրինա Հարությունյանի, Արման Ղազարյանի և մյուսների արվեստը, քանի որ նրանք իրենց հոգով ու սրտով անվերապահորեն ջանում են, որպեսզի առավել կայուն լինի թատրոնի հեղինակությունը: Դերասանները հանգստյան օրեր չունեն, նրանք բոլորը համակված են այն ցանկությամբ, որպեսզի կարողանան ցուցադրել իրենց արհեստավարժության մակարդակը: Եվ դա չի կարող իր հետքը չթողնել թատրոնի ստեղծագործության վրա: - Կարո՞ղ եք հիշատակել Ձեր երիտասարդության ամենահամարձակ արարքը: - Իմ ամենահամարձակ արարքը Երևան գալն էր: Ես այն ժամանակ ղեկավարում էի Սմոլենսկի թատրոնը, որի դերասանախումբը կազմված էր 70 հոգուց: 1964 թվականին Թբիլիսիի և Բաքվի ռուսական թատրոնները գտնվում էին լավ վիճակում, իսկ ահա Երևանի ռուսական թատրոնի մասին խոսում էին անտարբերությամբ: Ես այդ ժամանակ ինձ խոսք տվեցի, որ երբ գնամ Երևան, պարտավոր եմ բարձրացնել թատրոնի մակարդակը: Դա ինձ հաջողվեց: Թատրոնն իր ստեղծագործական բարձունք ներին հասավ 1980-ական թվականներին: ԽՍՀՄ-ում չկար այնպիսի քաղաք, որը մեզ հյուրախաղերի չհրավիրեր. Արխանգելսկից մինչև Սոչի, Մագադանից մինչև հեռավոր քաղաքներ: Էլ չեմ խոսում Մոսկվայի մասին... - Այսօր շատ դերասաններ նկարահանվում են սերիալներում: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը: - Տնտեսական առումով` անչափ դրական: Դրանից հետո դերասանների հանրահայտությունն աճել է: Կար ժամանակ, երբ մեր մի քանի դերասանների (ովքեր «երևացել» էին սերիալներում) թվացել էր, թե արդեն աստղեր են: Ստիպված էի նրանց հրավիրել իմ առանձնասենյակ և պարզորեն բացատրել, որ աստղերին հասնելու համար դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն... Ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե կա որոշակի էթիկական վարքագծի չափանիշ: - Պարոն Գրիգորյան, կարծում եմ, որ այս զրույցը կարող է օգտակար լինել հատկապես երիտասարդներին, քանի որ Դուք շոշափեցիք և հրատապ հարցեր, ու նաև ներկայացրեցիք թատրոնի ու Ձեր կենսագրության մի քանի դրվագներ: Համոզված եմ, որ դեռ նոր առիթներ կունենանք զրուցելու: Որպես ավարտ` ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին: - Առաջին հերթին` սիրել թատրոնը, սիրել արվեստը: Մարդը չի կարող դաստիարակված համարվել, եթե թատրոն չի գնում, համերգասրահներ չի գնում: Արվեստը նաև վարվեցողության մշակույթ է ձևավորում: Ուզում եմ խորհուրդ տալ ընթերցողին` միշտ թերթ կարդալ: «Ավանգարդն» էլ, մեր թատրոնի նման, բազում դժվարությունների միջով է անցել, կարողացել է հաղթահարել ՀՀՇ-ական ճնշումները: Պետք է արվեստի ու մամուլի միջոցով նաև դաստիարակել սեփական ճաշակը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ