Բանակային վայրագություններ


 

Մինչև 10 տարի ազատազրկում է սպառնում մերձմոսկովյան զորամասերից մեկի ավագ լեյտենանտին, ով, այսպես կոչված` դաստիարակչական նկատառումներով, զինվորի գլխին աղբադույլ է հագցրել:

Լա˜վ դաստիարակություն է. երևի այդ լեյտենանտին (այն էլ ավա˜գ) այդպես են ենթարկեցրել:

Հետաքննության տվյալներով` վաշտի հրամանատար Սերգեյ Մալյուտինին չի գոհացրել ննջարանի մաքրությունը: Նա շարքից դուրս է բերել այդ աշխատանքի համար պատասխանատու զինծառայողին և շարքայինի գլխարկով ցուցադրաբար մաքրել է մահճակալի տակի փոշին: Դա քիչ համարելով, նա վերցրել է հատակին դրված դույլն ու հագցրել ենթակայի գլխին (մանրամասնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Նույն օրը նույն Մալյուտինը ճանկել է մեկ այլ զինծառայողի օձիքից ու մի քանի հարված տեղացել նրա գլխին: Այդ ձևով նա իր դժգոհությունն է արտահայտել` որ շարքայինը հանդգնել է պառկած հանգստանալ իր իսկ մահճակալին: Էլ ի˜նչ հափրած սպա, որ «բռնցքամարտը» չուղեկցեր փողոցային հայհոյանքներով:

Այս միջադեպերից առաջ էլ ավագ լեյտենանտը «փայլել» է իր վայրագություններով. երկու ուրիշ շարքայիններ էլ ստիպված են եղել ստացիոնար բուժում ստանալ` նրա անցկացրած պարապմունքների արդյունքում:

Հետաքրքիր է, կալանավայրում ինչպե՞ս են իրենց դրսևորում նման «ղեկավարիկները»: Ա˜յ թե այնտեղ իրենց վարքագծով հանցագործներ լինեն… Իհարկե´ կլինեն: