Թունապակաս


 

Մահվան դատապարտվածներին նույնպես երբեմն ժպտում է բախտը: Զորօրինակ. Վիետնամի իշխանությունները հետաձգել են ավելի քան 400 մահապատժի ի կատար ածումը: Հետաձգել են` ոչ թե դատավճիռները վերանայելու անհրաժեշտությունից մղված, այլ մահացու ներարկումներում օգտագործվող թունանյութի բացակայության պատճառով (հաղորդել է Reuters-ը):

- Անցած տարի կասեցվել է 400 դատապարտյալների նկատմամբ վճիռների կատարման ընթացքը,- տեղեկացրել է Վիետնամի ՆԳՆ ղեկավարը` պարզաբանելով, որ երկրում խնդիրներ են ծագել ներարկվող նյութերի ներկրման առնչությամբ:

2011 թ. հուլիսից այստեղ գնդակահարությունը փոխարինվել է մահացու ներարկումներով: Եվ այդ ժամանակից ի վեր այդ երկրում մահապատիժ չի իրականացվել` մահաբեր նյութերի ներկրման բարդության պատճառով: Իսկ բարդության գլխավոր հիմքն այն է, որ Եվրամիությունն արգելանք է դրել մահացու պատրաստուկների վաճառքի վրա` ի նշան մահապատժի դեմ բողոքի:

Ներկայում ճիշտ այդպիսի խնդիր ունեն նաև ամերիկյան Օկլահոմա նահանգի բանտերի աշխատակիցները: Այս նահանգն, ի դեպ, առաջատարներից է մահապատիժների թվով (նշել է «Ռադիուսը»-):

Վիետնամում տարեկան 10 մահապատիժ է իրականացվում, և դրանից շատերը թմրանյութերի տարածման հանցանքի համար: