ԲԺԻՇԿ, ՄԻ´ ՎՆԱՍԻՐ


 

Բժշկի դիպլոմ ստացող յուրաքանչյուր ոք պարտավոր է կարդալ ու բարձրաձայն կրկնել Հիպոկրատի երդման կարևորագույն պահանջներից մեկը` հավաստելով իր պատրաստակամությունն` օգնելու մարդկանց և չվնասելու: Բժշկական համալսարանի ցանկացած դիմորդ անգամ պաթոսով ու ներշնչված կասի, որ ուզում է բժիշկ դառնալ, որպեսզի օգտակար լինի մարդկանց: Իրականում, գիտենք` շատերը այս մասնագիտությունն են ընտրում, որովհետև այն եկամտաբեր է: Շատ բժիշկներ վաղուց հանուն փողի` դարձել են սովորական արհեստավորներ ու աճուրդի հանել մարդկային կյանքերը: Պատահական չէ, ուրեմն, որ հատկապես վերջին շրջանում շատացել են քրեական գործերի հարուցումները բժիշկների դեմ, շատ են կոռուպցիայի և կաշառակերության բացահայտումները: Նայենք Առողջապահության նախարարության շատ աշխատակիցների, նայենք հենց նախարարի սեփականության ցանկին և կհասկանանք, թե ինչի է վերածվել Հայաստանում բժշկությունը:

1988-ի երկրաշարժին հաջորդած օրերին համաշխարհային օգնությունն էր գալիս Հայաստան, «Էրեբունի» բժշկական կենտրոնում Գյումրիից ու Սպիտակից բերված վիրավորներին պառկեցնում էին հնամաշ սպիտակեղենով ծածկված մահճակալներին` նույն պահին հիվանդանոցի հետնամուտքից տանելով բեռնատարներով բերված անկողնային թարմ պարագաները, հագուստները, դեղամիջոցներն ու սննդամթերքը: Այդ ամենը հետո հարստացրեց բոլոր նրանց, ովքեր այսօր առողջապահության կառավարմամբ են զբաղված, ովքեր սեփականաշնորհել են հիվանդանոցներ` 70 տարի շարունակ ուրիշների փողերով կառուցված բուժհաստատությունները վերածելով սեփական բիզնեսի աղբյուրների…

Բիզնեսի է վերածվել նաև մարդկային կյանքը, քանզի այն վստահվում է փողով բուհ ընդունված և փողով ավարտած իբր բժիշկներին, մասնագիտական գրագիտությունից ու բարեխղճությունից հեռու կանգնած մարդկանց, ովքեր շատ հաճախ հիվանդին թողնում են բախտի քմահաճույքին` քանի դեռ չեն հայտնվել հարազատներն ու չեն վճարել:

Մասնագիտական անբարեխղճության և հակամարդկային արարքի հերթական դեպքն էր գրանցվել Վանաձորում, ինչի հետևանքով էլ երկու բժիշկ է ձերբակալվել: Ըստ քննչական մարմինների տրամադրած տեղեկատվության` «Լոռու մարզի դատախազի ցուցումով ձերբակալվել են Վանաձորի թիվ 1 հիվանդանոցի մասնագիտացված բաժանմունքի վարիչ, կրծքային վիրաբույժ Գ. Իլոյանը և նույն հիվանդանոցի ռենտգենաբան Վ. Մխիթարյանը: Նրանք կասկածվում են մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ: ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 2012թ. մարտի 23-ին հարուցվել է քրեական գործ` հիվանդանոցի վիրաբույժի ու ռենտգենաբանի կողմից իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ:

Նախաքննությամբ պարզվել է, որ «2011թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 22:00-ի սահմաններում, շտապ բուժօգնության ուղեկցությամբ ողնաշարի գոտկային շրջանի և կրծքավանդակի սալջարդ ախտորոշմամբ Վանաձորի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ Վ. Մարկոսյանը, ով կարճ ժամանակ անց հիվանդանոցում մահացել է: 2011թ. հոկտեմբերի 11-ին Վ. Մարկոսյանն իր բնակարանի շքամուտքում անզգուշաբար ընկել է` ստանալով մարմնական վնասվածքներ: Հաջորդ օրը` ժամը 14:00-ի սահմաններում, ահազանգել է շտապ բուժօգնություն և տեղափոխվել Վանաձորի թիվ 1 հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է. «ձախից 9-րդ կողի մեկ կոտրվածք և թոքերի տուբերկուլյոզ»: Բժշկական կենտրոնում ախտորոշումից և ցավազրկող դեղամիջոցներ ներարկելուց հետո Վ. Մարկոսյանին առաջարկվել է դիմել մասնագիտացված բժշկի` թոքաբանի: Սակայն տուն վերադառնալով ` Վ. Մարկոսյանի վիճակը վատացել է և նույն օրը` ժամը 23:10-ին, կրկին հիվանդանոց տեղափոխվել, որտեղ և մահացել է: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն ` Վ. Մարկոսյանի մոտ կոտրված է եղել ոչ միայն մեկ` 9-րդ կողը, այլև` 5-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կողերը: Հայտնաբերվել է նաև պլևրայի պատռվածք, ներքին օրգանների արյունահոսություն, որն էլ Վ. Մարկոսյանի մահվան պատճառն է հանդիսացել: Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հիմնավորվել է հիվանդանոցում Վ. Մարկոսյանի ախտորոշման թերի լինելը: Մասնավորապես ` ռենտգեն հետազոտությամբ նրա կողերի 4 կոտրվածքները բժիշկ-ռենտգենաբան Վ. Մխիթարյանի կողմից չի հայտնաբերվել, իսկ բուժող բժիշկ, վիրաբույժ Գ. Իլոյանի կողմից հիվանդը դինամիկ հսկողության տակ չի պահվել, կրծքավանդակի ռենտգենային լուսանցում թոքերի լսում, ընդհանուր հետազոտություններ չեն կատարվել, Վ. Մարկոսյանը համապատասխան բուժում չի ստացել, որի հետևանքով վերոհիշյալ զարգացած բարդություններից էլ հիվանդը մահացել է»:

Եթե շա˜տ մեղմ արտահայտվենք` հերթական մահվան դեպքը` հերթական անբարեխիղճ վերաբերմունքից: Սակայն արդյո՞ք սա կարող ենք հերթական համարել և մոռացության տալ, երբ մարդ է մահացել, երբ ընդհատվել է մեկի կյանքը: Մարդուն կյանքից զրկելու համար ծանրագույն դատավճիռներ են կայացվում, մինչդեռ բժշկի կողմից մարդու սպանությունը դիտարկվում է մասնագիտական անփութություն: Դե, մասնագիտական անփութությունն էլ դատապարտվում է մի քանի տարի ազատազրկմամբ կամ էլ` դատավճռի հետաձգմամբ: Այսինքն, մարդկային կյանքը չի արժևորված Քրեական օրենսգրքում, ինչն էլ առիթ է տալիս, որ բժիշկները չափազանց հանգիստ վերաբերեն նմանատիպ դեպքերին` արդարանալով ինչ-ինչ պատճառներով:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ