ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՆՐԱՆՑ ՈՉ ՈՔ ՉԻ ԼՍՈՒՄ


 

«Գապբնակշին» ընկերության կողմից խաբված գնորդների խնդրին մեր թերթը համակողմանիորեն չի անդրադարձել, սակայն դեռ մեկ տարի առաջ եղել է համառոտ հրապարակում: Երեկ մեզ էին զանգահարել մի քանի բնակիչներ և իրենց մտահոգությունն էին հայտնում, որ չնայած բազմաթիվ բողոքներին, մինչև օրս ամեն ինչ մնացել է իր տեղում, իրենք անհայտության մեջ են, իսկ քրեական գործի շրջանակներում էլ որևէ քայլ չի կատարվում…

Իսկապես, ծանր ու անելանելի վիճակ է. մարդիկ հայտնվել են խաբեբաների որոգայթում և չգիտեն` ինչպես պաշտպանել իրենց իրավունքները… Արամի փողոցի 72/80 հասցեում «Գապբնակշին» ընկերությունը կառուցել է շենք: Կառուցել ու շահառուներին դրել է ծանրագույն դրության մեջ: Գործի քննությամբ զբաղվող մարմինը պարզել է, որ`

- Ընկերության բաժնետերեր Գագիկ Պապոյանն ու Սիմոն Աղազարյանը շենքի 172 բնակարանների համար առուվաճառքի պայմանագրեր են կնքել մոտ 700 անձանց հետ: Գնորդներից յուրաքանչյուրը վճարել է մի քանի տասնյակ միլիոն դրամ` քաղաքի կենտրոնում բնակարան գնելու համար: Արդյունքում հարյուրավոր մարդիկ են խաբվել, իսկ սեփականատերերը ահռելի գումարներ են յուրացրել և փախուստի դիմել: Մարտի 5-ին ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները բերման էին ենթարկել  «Գապբնակշին» և «Նարեկ_Դավիթ» ՍՊԸ_ների տնօրեն, 63-ամյա Գագիկ Պապոյանին, ում դեմ մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Քր.օր.-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Ըստ մեղադրանքի, նա 407 մլն 413 հազար դրամ է կորզել քաղաքացիներից:

Այս ողջ պատմության մեջ մի հետաքրքիր հանգամանք կա: «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Անահիտ Բախշյանը պարզել էր, որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանն ու կինը` Էվելինա Միրզաբեկյանը, մեկ քմ-ի համար վճարելով ընդամենը 500 դոլար և պարտավորվելով վճարել 175 մլն դրամ` դարձել են 5 բնակարանի տեր այն դեպքում, երբ շարքային քաղաքացիները վճարել են քմ-ի համար 1100 դոլար և ավելի: Ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյայից վախեցել ու նրան տրամադրել են միանգամից հինգ բնակարան, բայց ահա շարքային քաղաքացիներին կողոպտելով ` ընկերության ղեկավարները կարողացել են մեծ գումարներ շորթել: Անշուշտ, այս ողջ պատմությունը չէր լինի, եթե մասնավոր ընկերությունները նման նախագծեր իրականացնելիս գտնվեին տեղական ինքնակառավարման մարմինների կամ էլ Քաղաքաշինության նախարարության հսկողության ներքո, եթե տրամադրելով համապատասխան տարածքներ ` ՏԻՄ ղեկավարները նաև հոգ տանեին այն մասին, որ չոտնահարվեն մարդկանց իրավունքները, Երևանը կառուցվի ոչ թե ոմանց քմահաճույքով, այլ սահմանված սկզբունքներով, քաղաքաշինական նորմերի նպատակայնությամբ և կառուցող-շահառու փոխադարձ պայմանավորվածությունների հարգման մթնոլորտում: