Քրիստոնյաների դեմ հարձակումներն ավելանում են


 

Տխուր վիճակագրություն է հրապարակվել Միացյալ Նահանգներում. բարեպաշտություն, սեր, եղբայրասիրություն դավանող քրիստոնյաների դեմ աճում են հալածանքները` մուսուլմանների կողմից: «Քրիստոնյաների հետապնդումը մուսուլմանների կողմից, 2012 թ. ապրիլ» հետազոտության հեղինակը` ամերիկյան ճանաչված պատմաբան և կրոնագետ Ռայմոնդ Իբրահիմը, ով սերում է ղպտիների (Եգիպտոսի բնիկներ) ընտանիքից, գրել է.

- Քրիստոնյաներին հալածելու դեպքերը սկսել են հանդիպել նաև այն շրջաններում, ուր նախկինում նման բան չի եղել. օրինակ` Մալիում: Մուսուլմանական աշխարհում քրիստոնյաների հալածանքներն իրենց մասշտաբներով մոտենում են համաճարակի:

Ըստ կրոնագետի եզրահանգման` այդ երևույթները որոշակի արտահայտչաձևեր ունեն. ատելություն` քրիստոնեական խորհրդանիշերի հանդեպ, քրիստոնյա կանանց բռնաբարություններ, ինչպես նաև` պարզապես բռնություն ու սպանություններ:

Ռայմոնդ Իբրահիմն իր հնչեցրած ահազանգը հիմ-նավորող բազմաթիվ օրինակներ է նշել: Դիցուք, Մալիում, որտեղ վերջերս ծնունդ է առել քոչվոր-բերբերների ինքնահռչակ պետությունը, «Ալ-Քաիդա»-ի անդամները կտրել են տեղի քահանայի գլուխը և սպառնացել են նույն կերպ վարվել նաև տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների հետ:

Ճնշումների է ենթարկում և Թունիսի ուղղափառ եկեղեցին. համայնքի անդամներն այնտեղ ապրում են ահաբեկչության պայմաններում: Օրինակ, եկեղեցու խաչը փաթաթել են աղբի տոպրակների մեջ` հայտարարելով, որ չեն ցանկանում քրիստոնեական խորհրդանիշ տեսնել: Իսկ տեղի եպիսկոպոսը նամակ է ստացել, որով պահանջել են իսլամ ընդունել կամ վճարել ոչ մուսուլմանների հարկ: Իրավիճակն այնքան է սրվել, որ Ռուսաստանի դեսպանը ստիպված է եղել դիմել Թունիսի արտգործնախարարություն` խնդրելով պաշտպանել ուղղափառներին:

Քենիայում 2 նռնակ է նետվել եկեղեցի` վիրավորելով ավելի քան 50 մարդու և սպանելով մի կնոջ ու մի երեխայի:

Ինդոնեզիայում զինված մեկը կրակահերթ է բացել եկեղեցու վրա: Իսկ Բեկասի քաղաքի բողոքականների միաբանությունը դժգոհել է, որ տեղի մուսուլմանները, ոստիկանության թողտվությամբ թույլ չեն տալիս հոգևոր ծառայություն անցկացնել եկեղեցու շրջակայքում:

Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում ծեծի են ենթարկվել մի խումբ քրիստոնյաներ. նրանց թվում և 65-ամյա մի կին:

Սիրիական Համա քաղաքում զինված ընդդիմադիրները հափշտակում են քրիստոնյաներին և փրկագին պահանջում` կտտանքների ենթարկելով իրենց գերիներին: Արդյունքում Համայի քրիստոնեական 60 հազարանոց համայնքը նվազել է` մնալով 1000. մարդիկ փախչում են` չհանդուրժելով ահաբեկչությունը:

Այս երևույթը ոմանք բացատրում են այսպես. շատ իսլամիստների համար նույնական են «արևմտյան աշխարհ» և «քրիստոնեություն» հասկացությունները, և Արևմուտքի քաղաքականության հանդեպ թշնամանքն (հատկապես` «արաբական հեղափոխություններից» հետո) ինքնաբերաբար անդրադառնում է եկեղեցու վրա:

Մուսուլմանական շատ երկրներից այդ առումով տարբերվում է Իրանը: Այնտեղ բարեհաճ չեն ակտիվ քարոզչություն ծավալողների հանդեպ, բայց ավանդական քրիստոնեական եկեղեցիներն ու համայնքները լիովին հանգիստ են զգում իրենց: