ՀԱՎԵԼՈՒՄՆ`
Ֆրանսիո նախագահը հավանական է համարել ներխուժումը


 

Մոսկվան ու Պեկինը անվանելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի դեմ առավել կոշտ պատժամիջոցների դեմ գլխավոր խոչընդոտ, Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ փորձում է հորդորել Պուտինին` սատարելու Անվտանգության խորհրդի պատժամիջոցները: Օլանդի խոսքերով` Սիրիայում արևմտյան կոալիցիայի ռազմական գործողությունները հնարավոր են, բայց միայն այն դեպքում, եթե հիմնավորված է այդ գործողություններն արտոնող ՄԱԿ-ի բանաձևը:

- Անհնար է Բ. Ասադի վարչախմբին թույլ տալ` սպանելու սեփական ժողովրդին: Ռազմական միջամտությունը չի բացառվում, եթե այն կիրականացվի միջազգային իրավունքի հովանու ներքո, և հատկապես` Անվտանգության Խորհրդի բանաձևի միջոցով: Մեր խնդիրն է համոզել Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև գտնել որոշում, որը պարտադիր չէ, որ ուժային լինի,- ասել է Ֆ. Օլանդը:

Նրա այս խոսքերում որոշակի թեականություն կա. կարծես թիվ 1 ֆրանսիացին առանձնապես կողմ չէ ռազմական միջամտությանը, թեև օրավուր թեժանում է չհայտարարված պատերազմը Սիրիայում:

Նախօրեին Ֆրանսիան միացել է ԱՄՆ-ին, Ավստրալիային, Մեծ Բրիտանիային, Կանադային, Գերմանիային, Իտալիային և Իսպանիային, որոնք որոշել են իրենց երկրներից վռնդել Սիրիայի դիվանագետներին: Որոշման պատճառը Հուլա քաղաքում զինված բախման արդյունքում առնվազն 116 զոհերն ու ավելի քան 300 վիրավորներն են: Պաշտոնական Դամասկոսը զանգվածային սպանությունների համար մեղադրել է «Ալ-Քաիդա»-ին:

Երկու նորընտիր նախագահները` Պուտինն ու Օլանդը կհանդիպեն այսօր` Ֆրանսիայում: Ֆրանսիա կատարելիք իր այցի շրջանակներում ՌԴ առաջնորդը հանդիպելու է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Ավելին, առաջիկայում նաև Փարիզում կանցկացվի «Սիրիայի բարեկամներ» հանդիպումը` սիրիական ընդդիմությանն աջակցող արևմտյան և արաբական երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Կհաջողվի՞ Սիրիա ներխուժելու ծրագրին չմիացող Պուտինին համոզել` ստորագրելու այդ դատավճռի ներքո: Դժվար է ասել, որովհետև անկանխատեսելի են քաղաքական շրջադարձները: Այդուհանդերձ` Ռուսաստանի շահերն այս պարագայում ևս չեն համընկնում արևմտյանին: