Մենք անցողիկ ենք, Հայաստանը` հավերժ


 

Առաջիկայում տարածաշրջանային այցով մեր երկիր կժամանի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնը: Պաշտոնական տեղեկատվությունն ասում է, որ հանրապետության ղեկավարի և արտգործնախարարի հետ հանդիպումներում Քլինթոնը քննարկելու է հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները: Սակայն մեր քաղաքագիտական շրջանակները ենթադրում են, որ Ամերիկայի Պետդեպի քարտուղարի հերթական այցը Հայաստան շատ ավելի խորն ու լայն` տարածաշրջանային նպատակներ է հետապնդում: Կոնկրետ որո՞նք կարող են լինել այդ նպատակները: Այս թեմայի շուրջ է զրույցը քաղաքագետ Լևոն ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ:

- Ընդհանրապես, ընդունված է, որ մեր երկիր գերտերության արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի այցի, դրա նշանակության մասին խոսում, քննարկում են այցից հետո, երբ քիչ թե շատ հայտնի է լինում նրա ունեցած հանդիպումների ու բանակցությունների նյութը: Սակայն, խախտելով այդ ավանդույթը, փորձենք նախապես ենթադրել` ի՞նչ խնդիրներ կարող են քննարկվել Երևանում Քլինթոնի այցի ընթացքում :

- Հնարավորինս չսխալված լինելու համար շատ կարևոր է հաշվի առնել, թե աշխարհագրական ի՞նչ դիրքում ենք գտնվում, աշխարհաքաղաքականության մեջ ի՞նչ դիրք և ի՞նչ նշանակություն ունի Հայաստանը: Հարավային Կովկասը Մերձավոր Արևելք մեծ տարածաշրջանի մասն է. տարածաշրջան, որն այսօր եռացող կաթսա է հիշեցնում: Քլինթոնը Երևանում հավանաբար կփորձի արթնացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այսօր Թուրքիայի վերաբերյալ Արևմուտքի գնահատականը ռազմավարական է: Անցած փուլ է այն կարծրատիպը, ըստ որի` Արևմուտքը ողջունում է աշխարհիկ քեմալական Թուրքիան: Անցած էտապ է նաև այն, որ ամերիկացիները չեն սիրում իսլամը: Այսօր աշխատում են, որպեսզի Թուրքիայի նոր կերպարը` փափուկ իսլամ կոչվածը, որ իբր լավն է, արմատական չի, Մերձավոր Արևելքի համար ընդունելի դառնա: Միացյալ Նահանգները ջանում է, որպեսզի Հայաստանի հետ Թուրքիայի հարցերը թեթև լինեն, որովհետև գլոբալ քաղաքականության մեջ հայկական լոբբին հայկական հարցով խանգարում է:

Իսկ դեր չի՞ կարող խաղալ վերջերս ՀԱՊԿ-ի հանդիսավոր միջոցառմանը Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի նախագահների առանձին հանդիպում չունենալը: Դա հայկական մամուլում մեկնաբանվեց, թե Հայաստանը հեռանում է Ռուսաստանից և մոտենում Արևմուտքին:

- Հասկանալի չէ, թե նման մեկնաբանությունների նպատակը որն է. Ռուսաստանի հոգսն այսօր Եվրասիական միության գաղափարն ընկալելի դարձնելն է: Իսկ Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի դրսևորում չեմ տեսնում: Սերժ Սարգսյանը գնացել, շնորհավորել է: Ռուս-հայկական հարաբերությունների մակարդակն այնպիսին է, որ մի երկու բառ փոխանակելն էլ բավարար է: Նաև սկսել են շահարկել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ս.Սարգսյանի չմասնակցելը: Բայց Արևմուտքն այդպիսի հարցերն այդ տեսանկյունից չի դիտարկում. նրանք շահերի համադրման քաղաքականություն են վարում: Արևմուտքը Հայկական հարցը շատ լավ գիտի, Թուրքիային էլ շատ լավ գիտեն: Չգնալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Ս. Սարգսյանը պոկեց Բորդյուժայի հայտարարությունը: Իսկ Բորդյուժան հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք մասնակից է, և Ռուսաստանը նրա հանդեպ բոլոր պարտավորությունները կկատարի: Բորդյուժան փաստորեն ասում էր` դե թող փորձի որևէ մեկը Հայաստանին ձեռք տա: Մի՞թե պարզ չի` եթե փորձեն ձեռք բարձրացնել Արցախի վրա, Հայաստանը դիտորդի դերում չի լինելու: Բոլորն էլ գիտեն` Արցախը Հայաստանից առանձին չի:

- Իսկ ի՞նչ ասել է` քննարկել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա խորացումը: Այդ մասին ասվում է Երևանում Քլինթոնի քննարկելիք հարցերի օրակարգի մեջ:

- Ես բազմիցս եմ ասել` հայկական գործոնը մխրճվում է համաշխարհային քաղաքականության մեջ: Հայաստանի Հանրապետության և Ղարաբաղի Հանրապետության դերակատարությունը խիստ բարձրանում է: Ես նույնիսկ վստահ եմ, որ արդեն օրակարգում է նաև Ջավախքի ժողովրդի` իր հողի վրա ինքնավար ապրելու հարցը: Եվ գերտերության արտգործնախարարը Հայաստան ու Վրաստան է գալիս` այդ հարցերը քննարկելու: Իսկ քաղաքականության մեջ միակողմանի թեքումները մահացու վտանգներ են պարունակում: Մենք Ռուսաստանի ռազմաստրատեգիական ազդեցության գոտում ենք, դրա վերացումը ոչ թե ամերիկյան ռազմաստրատեգիական գոտու առաջացում է նշանակում, այլ թուրքական գոտու առաջ մղում: Համաձա՞յն է արդյոք դրան որևէ մեկը Հայաստանում: Ամեն ինչ շատ նորմալ է: Մեր հիմնական խնդիրը երկրի ներքին վիճակն է, որը չի կարգավորվում: Այնպես որ, Հայաստանի ռազմավարական ներկայիս խաղը ես դրական եմ գնահատում: Կարևորն այն է, թե Հայաստանը դրանից շահ ունի՞: Դա է կարևորը. մենք անցողիկ ենք, Հայաստանը հավերժ է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ