ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՁԵՎԱՎՈՐՎԵՑ

Շնորհավորում ենք, մաղթում և պահանջում


 

Ինչպես ասում են` ամեն ինչ իր տեղն ընկավ: Մնում է, որ արձակուրդից հետո խորհրդարանն աշխատի ուժերի կենտրոնացմամբ և ընդունի այնպիսի օրենքներ ու որոշումներ, որոնք օգտակար լինեն մեր պետությանն ու ժողովրդին: Եվ մի ցանկություն էլ. գոնե խորհրդարանում շատերը հասկանան, որ այն առաջին հերթին քաղաքական մարմին է, ուր պետք է հնչեն նաև քաղաքական ելույթներ և հայտարարություններ: Ամենակարևորը` մեր երեսփոխանները պետք է պարտավորվեն ներկայացնել, թե արդյո՞ք հիշում ու կատարում են իրենց նախընտրական խոստումները:

Երեկ տեղի ունեցած հինգերորդ գումարման ԱԺ առաջին նիստը, որին սպասել էին շատերը` ի վերջո տեղեկանալու, թե ո՞վ է գլխավորելու խորհրդարանը, ովքե՞ր են լինելու տեղակալներ: Թերևս, ամենամեծ հետաքրքրություն ներկայացնող ինտրիգը ԱԺ նախագահի հետ էր կապված, չնայած արդեն մեկ օր առաջ ՀՀԿ խորհուրդը հաստատել էր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը: Իհարկե, Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե ինքն իշխանություն է վերադառնալու առավել բարձր կարգավիճակով, հիմա կարելի է մեկնաբանել այսպես. ԱԺ նախագահի պաշտոնից նա հեռացավ և ստանձնեց ՀՀԿ նախընտրական շտաբի պետի պաշտոնը, հետևաբար պետության երկրորդ դեմքի պաշտոնն առավել բարձր է շտաբի պետից: Էդուարդ Շարմազանովը պահպանեց իր տեղը: Իսկ ավելի վաղ ԲՀԿ-ի քվոտայով ԱԺ նախագահի` արդեն ՀՀԿ-ին հասնող փոխնախագահի պաշտոնում ընտրվեց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ-ում հստակեցվեցին հանձնաժողովների խնդիրները: Չնայած Կանոնակարգով սահմանված է 10 հանձնաժողով, սակայն նոր ԱԺ-ն կունենա 12, որոնցից 8-ը կտրվի ՀՀԿ-ին, 4-ը` ԲՀԿ-ին: Ըստ էության, ՕԵԿ-ը ոչինչ չի ստանա: Խոսքն, իհարկե, առաջին տեղերի մասին է, նրան բաժին կհասնեն տեղակալների երկու պաշտոն:

Այն խոսակցությունները, թե Հեղինե Բիշարյանը դառնալու էր ԱԺ փոխնախագահ, ինչպես տեսնում ենք, իրականություն չդարձան: Դեռ մեկ օր առաջ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի միջև ստորագրված կոալիցիոն հուշագրի հիմքում մնացին 2008 թ. մարտի 21-ի հուշագիրը, 2009 թվականի նորացված հայտարարությունը: ՕԵԿ-ի նախարարական պորտֆելները կլինեն այն չափով, որքան և եղել են արդեն նախկին կառավարությունում` 3:

Եթե Սերգո Կարապետյանն ու Արմեն Երիցյանը պահպանելու են իրենց պաշտոնները, ապա տակավին մշուշոտ է Մանուկ Վարդանյանի խնդիրը, ով չի անդամակցել ՕԵԿ-ին, իսկ վարչապետն էլ դեմ է նրա պաշտոնավարման շարունակությունը: Հիմա ՕԵԿ «կուլուարներում» խոսում են այն մասին, որ հնարավոր է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնն արդեն Արթուր Բաղդասարյանը խոստացած լինի Մարգարյան Հովհաննեսին. մանավանդ որ նա ևս մասնակցում էր կոալիցիոն հուշագրի ստորագրմանը: Չնայած վատ չէր լինի, եթե Մարգարյան Հովհաննեսին նշանակեին այնպիսի պաշտոնի, որ նա գործ ունենար սննդի արտադրության հետ, քանի որ մարդը հենց այդպիսի կրթություն ունի և, ըստ որոշ տեղեկությունների` նրան է պատկանում Գյումրիում գտնվող հրուշակեղենի գործարանը` նշանավոր «Անուշարանը»...