«Անօրենության շատանալուց` շատերի սերը պիտի ցամաքի»


ԴԺԲԱԽՏԱԲԱՐ, մեր օրերում նույնիսկ Տիրոջ խոսքն է հայեցողաբար մեկնաբանվում, այն էլ` ոչ թե ճշմարիտ հավատքով դարձի բերելու, այլ որոշ մեկնաբանողների շահը ներկայացնելով: Ու քանի որ կատարյալ չենք այնքան, որպեսզի լիարժեքորեն ճիշտ ըմբռնենք Աստծո խոսքը, ոմանք ակամա հավատում են մոլորեցնողներին, որոնցից զգուշացնում էր Տերը: Շնորհակալ գործ է կատարել «Գթություն» հրատարակչությունը` «Մխիթարիչ» բարեգործական միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանի աջակցությամբ և գործարար Վաչագան Պետրոսյանի հովանավորչությամբ` ընթերցողին ինքնօրինակ ուցեցույց ներկայացնելով: Ինչպես նշում է «Տեսիլքներ և մարգարեություններ հայոց մասին» գիրքը կազմող և խմբագիր Աշոտ Հունանյանը` - Հուսով եմ, որ հոգեշահ գրքերի շարքում այս ժողովածուն էլ կնպաստի մեր ժողովրդի բազմադարյան հավատի ամրապնդմանը: Գրքում զետեղված են պատառիկներ` մեր երկրի ու ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային վերաբերող նյութերից, ինչպես նաև` զանազան տեսիլքների հայտնութ յունների նկարագրություններ: Ներկայացվող այս հատվածը, կարծում ենք, օգտակար կլինի քրիստոնյա հայ ընթերցողին: Սուրբ Գրիգոր Լուսավորչի հարցումները հրեշտակին Սուրբ Գրիգորը իր որդուն` Արիստակեսին իրեն փոխանորդ նշանակելուց հետո, ինքը գնում է լեռները: Մի օր խնդրում է Աստծուն, որ հրեշտակներից մեկին ուղարկի իր մոտ, որպեսզի իմանա, թե մահանալուց հետո արդարների և մեղավորների հոգիները ո՞ւր են գնում և ի՞նչ ճանապարհ են անցնում, և ի՞նչ է պատահում նրանց այդ ճանապարհին: Հրեշտակների հետ մերթընդմերթ տեսնվելով` իր իմացածը պատմում էր Սրիստակեսին, որ երբեմն իր մոտ էր գալիս: Աստված Ս. Գրիգորի խնդրանքը ընդունում է և մի հրեշտակ է ուղարկում: Հրեշտակը գալով` ասում է. - Աստված ինձ ուղարկեց, որպեսզի քո բոլոր հարցերին պատասխանեմ, ինչ որ ուզում ես, հարցրու: - Ով ս. հրեշտակ,- ասում է ս. Գրիգորը,- երբ մարդու հոգին մարմնից դուրս է գալիս, կարո՞ղ է ամեն բան որոշել և իմանալ: Հրեշտակ.- Այո¯, կարող է ճանաչել և գիտե` ինչ որ իրեն է վերաբերում, ինչ որ պիտի լինի անմիջապես, հասկանում է. եթե արդար է, փառքի պիտի արժանանա, իսկ եթե մեղավոր է, չարչարանքներ պիտի կրի: Ս. Գրիգոր.- Ի՞նչ է հոգին: Հրեշտակ.- Արդարի հոգին լույսի նման է, ու արևի պես փայլում է, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեր արտաքին մարդը ապականվում է, բայց մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրէ» (Բ. Կորնթ. 4.16): Սա մարմնի և հոգու մասին է: Իսկ մեղավորի հոգին խավարի պես մշուշ է ու մեղքով սևացած: Ս. Գրիգոր.- Մեղավորի հոգին ինչպե՞ս եք առնում: Հրեշտակ. - Մեղավորի հոգին առնելու համար շատ բարկությամբ ենք գալիս ու հրեղեն սրով ենք երևում նրան: Մեզ տեսնելուն պես վախից լեզուն բռնվում է, աչքերը փակվում են, գլուխը թաքցնում է, երեսը դարձնում է, ուզում է փախչել, բայց չի կարող, որովհետև բոլոր կողմերից ենք տեսնվում: Այն ժամանակ հոգու աչքերը բացվելով, նա գնալիք մութ ճանապարհները և քաշելիք չարչարանքները բացահայտ է տեսնում: Իր շուրջը եղող ազգականներին, զավակներին և բարեկամներին է նայում, աղաչում է, գոռում, որ իրեն ազատեն, բայց նրանք չեն լսում, որովհետև լեզուն կապված է: Ինքը կարծում է, թե ձայնը դուրս է գալիս, բայց ոչ ձայնն է ելնում, ոչ էլ խոսքերն են հասկացվում: Ս. Գրիգոր.-Հոգին հրեշտա՞կն է առնում, թե՞ ինքն իրեն է անջատվում: Հրեշտակ.- Հոգին մարմնի ցավից անջատվում է և հրեշտակն առնում-տանում է: Ս. Գրիգոր.- Մեղավորի հոգին ինչի՞ է նման: Հրեշտակ.- Ինչպես ասացի, մեղքերի մեջ թաղված, կեղտոտ և խավար մի բան է, այնպիսի վատ հոտ ունի, որ հնարավոր չէ մոտենալ: Ս. Գրիգոր.- Իսկ արդարի հոգին ինչպե՞ս եք առնում: Հրեշտակ.- Երբ գալիս ենք արդարի հոգին առնելու, կարծես իրեն հարսանիքի ենք հրավիրում: Երբ մեզ տեսնում է, հոգով-մարմնով ուրախանում է, որովհետև գիտի, որ այս անցավոր աշխարհի ցավ ու կսկիծներից դրախտի անհուն ուրախություն և հանգստություն պիտի տանենք: Մարդկանց միջից հրեշտակների մեջ պիտի գնամ ասելով` ուրախանում է, այն ժամանակ արդարի հոգին առնում ենք և մեծ պատվով տանում երկինք: Երկնքում առաջին աստիճանին դևեր են գալիս, բայց արդարների հոգիները արևի պես փայլում են, որից դևերի աչքերը շլանում են և չեն կարողանում նայել: Միայն տեսնում են, որ արդարի բերանը շարունակ աստվածավայել խոսքեր է ասել, միշտ ողորմություն է արել, եկեղեցի գնալով` քահանային խոստովանել: Սուրբ Հաղորդությունը այդ հոգու վրա մատանու ադամանդի պես է երևում, որից դևերը մնում են ապշած ու չեն կարողանում մոտենալ նրան: Երկրորդ աստիճանը շատ մութ է, բայց արդարի հոգին արևի պես փայլում է և իր ճանապարհը լուսավորում: Իսկ մեղավորի համար ամեն ինչ խավար է: Երրորդ աստիճանը շատ ցուրտ է, բայց արդարի հոգին Քրիստոսի սիրուց այնքան է ջերմացել, որ ցուրտ չի զգում: Չորրորդ աստիճանը տաք է, բայց արդարի հոգին զով է: Հինգերորդ աստիճանը նեղ ճանապարհներից է բաղկացած, որոնց նմանը չկա, բայց արդարի ճանապարհը լայն է: Վեցերորդ աստիճանը արևից ավելի պայծառ լուսեղեն կամարներ են, որոնցով արդարի հոգին զմայլվում է: Յոթերորդ աստիճանը հրեշտակների կարգն է: Երբ արդարի հոգին տեսնում են, ուրախանում են: Իսկ երբ մեղավորի հոգին են տեսնում, տրտմում են: Ութերորդ աստիճանը Տերություններն ու Զորություններն են, որ արդարին տեսնելով ու սաղմոսներ երգելով` նրան դիմավորում են փառաբանելով: Վերջապես արդարի հոգին կանգնում և երկրպագում է Երկնավոր Թագավորին: Սուրբ Ձայնն ասում Է. «Բարի° եկար, սիրելի° որդիս, աշխարհի մեջ չարչարվեցի¯ր, հիմա հանգիստդ մտիր»: Եվ հրեշտակները անտեսանելի լուսեղեն պատմուճաններ բերելով` հագցնում են նրան և տանում մյուս արդարների մոտ: Ս. Գրիգոր.- Մեղավորի հոգին ո՞ւր է գնում: Հրեշտակ.- Առաջին աստիճանում իրեն անթիվ դևեր են դիմավորում, ոմանք հարստության, ոմանք նախանձի, ոմանք բարկության և ուրիշներ` այլևայլ փորձություններ տալու: Մեծ աղմուկ են հանում և ուզում են հրեշտակի ձեռքից հափշտակել այն: Խեղճ հոգին շատ է չարչարվում, լալիս Է, կանչում, բայց օգնություն չկա: Դևերը չեն կարող հոգուն տիրել, որովհետև մինչև դատաստանի օրն այդ արգելված Է: Երկրորդ աստիճանը խավարով է պատած: Շատ չարչարվելուց հետո ցուրտ աստիճանին է հասնում, հետո տաք աստիճանում բավականին այրվելուց և ողբալուց հետո նեղ ճանապարհներ Է մտնում, լուսեղեն աստիճանին է հասնում, բայց իր համար դա խավար է: Հրեշտակների աստիճանն է ելնում, բայց հրեշտակները տրտմում են: Ութերորդ աստիճանում Տերություններն ու Զորությունները փակում են ճանապարհը և տանող հրեշտակին հրամայում են, որ ետ դառնա և մյուս մեղավորների մոտ տանի և մինչև Քրիստոսի դատաստանի օրը այնտեղ պիտի մնա: Դատաստանի օրը մարմինը հոգու հետ միանալով, դժոխքի անշեջ կրակը պիտի նետվի, ուր հավիտյանս հավիտենից պիտի չարչարվի, ինչպես Քրիստոս Է ասել. «Եվ նրանք պիտի գնան դեպի հավիտենական տանջանք» (Մատթ. 26. 46): Ս. Գրիգոր.- Ի՞նչ Է Աստված: Հրեշտակ.- Սստված Մեկ է և Սուրբ ու որևէ բանի չի նմանվում: Նրան անկարելի է տեսնել, բայց արդարները և սուրբերը դատաստանի օրը Նրա Սուրբ Երեսը պիտի տեսնեն: Ս. Գրիգոր.- Երկինքը քանի՞ աստիճանից է բաղկացած և հրեշտակները ո՞ր աստիճանում են գտնվում: Հրեշտակ.- Երկինքը բաղկացած է տասը աստիճաններից: Հրեշտակները վերջին աստիճանում են գտնվում, որ լուսեղեն երկինք է ասվում: Հրեշտակների տեղը ինը կարգ է. բոլորն էլ Սուրբ Երրորդությանն են փառաբանում: Ս. Գրիգոր.- Աստծո փառքը և շնորհը աշխարհին և մարդկանց ինչպե՞ս է տրվում: Հրեշտակ.- Աստծո շնորհը նախ հրեշտակներին է տրվում և հետո` մարդկանց: Ս. Գրիգոր.- Ննջեցյալների հոգու համար, որն է ավելի օգտակար, պա՞հքը, աղո՞թքը, թե՞ ողորմությունը: Հրեշտակ.- Աղոթքը և ողորմությունը ննջեցյալների համար է, իսկ պահքը` պահողի համար: Եթե Սուրբ Պատարագ մատուցողն արդար է, այն օգտակար կլինի ննջեցյալների համար, իսկ մեղավորների համար որևէ բան օգուտ չունի: Ս. Գրիգոր.- Մի մեղավոր, եթե մեռնելուց առաջ խոստովանի, «մեղա¯» ասի և լացով սուրբ հաղորդություն ուզի, արժանի՞ է նրան տալ: Հրեշտակ.- Այո, արժանի է, որովհետև Աստված շատ ողորմած է, ինչպես Հիսուսն ասաց. «Նա, ով Մարմնովս և Արյունովս հաղորդվի, նա Ինձ հետ է և Ես նրա հետ պիտի լինեմ»: Բայց պետք է մեռնելուց առաջ հաղորդվել, որովհետև մարդ չգիտի, թե երբ պիտի մեռնի: Եթե մեղավորի լեզուն կապվի և «մեղա» չասի, անպայման դժոխք կգնա, ինչպես որ Հիսուս զգուշացրեց. «Արթուն եղեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա»: Ս. Գրիգոր.- Ո՞ր մեղքն է ավելի մեծ, ինչը դատաստանի օրը ամոթահար է թողնում մարդուն: Հրեշտակ.- Այն մեղքն է մեծ, որ մարդ փոքր համարելով չի խոստովանում: Ս. Գրիգոր.- Խոստովանությունը, ապաշխարությունը, լացն ու կոծը ինչպե՞ս են քավում մեղքերը: Հրեշտակ.- Ինչպես մոմը կրակից է հալչում, խավարը փախչում է լույսից, խոստովանությունն ու ապաշխարությունն էլ ոչնչացնում են մեղքը: Ս. Գրիգոր.- Եթե մարդը խոստովանի և նորից մեղք գործի, հետո դարձյալ խոստովանի, վերստին թողություն կստանա՞: Հրեշտակ.- Այո, վերստին թողություն կստանա, ինչպես Հիսուս Պետրոս առաքյալին ասաց. «Եթե մեկը քո դեմ նույնիսկ 70 անգամ 7 մեղք գործի, և մեղա¯ ասի, պետք է ներես»: Իսկ Աստված շատ ավելի ողորմած է և միշտ ներում է, եթե զղջումով խոստովանեն: Ս. Գրիգոր.- Եթե մեկը լեռան վրա կամ անապատում գտնվի և մեռնելու ժամանակ մեղքերը հիշելով` առանց քահանայի և խոստովանության «մեղա¯» ասի, թողություն կստանա՞: Հրեշտակ.- Ամեն մարդ շաբաթը մեկ անգամ պետք է խոստովանի իր մեղքերը, կամ գոնե տարին հինգ վեց անգամ: Իսկ եթե քահանա չկա, կարող է որևէ մեկին խոստովանել: Քրիստոս այն կընդունի, որովհետև բոլոր այն քրիստոնյաները, ովքեր մկրտության Սուրբ Ավազանից են ծնվել, մասնակցում են Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Երրորդությանը դավանում և երկրպագում Քրիստոսի Խաչին, նրանք Իր արյունով են գնված: Ս. Գրիգոր.- Ի՞նչ բան է պահքը: Հրեշտակ.- Պահքը մարդկանց նմանեցնում է հրեշտակների, պայքարում է դևերի դեմ և արգելք է լինում սատանային, որ մարդկանց մեջ մտնելով նրանց չմոլորեցնի: Ս. Գրիգոր.- Ի՞նչ բան է աղոթքը: Հրեշտակ. - Աղոթքը մարդու հոգին Աստծուն է կապում: Շարունակ աղոթող մարդը մեղք գործելու ժամանակ չի ունենա: Ս. Գրիգոր.- Ինչո՞ւ է սաղմոսի մեջ գրված, թե մեղավորի մահը չար է: Հրեշտակ.- Եթե մի մարդ առանց խոստովանության մեռնի, հիրավի այդ մարդու մահը չար է: Քանի որ դատաստանի օրը պիտի լսի այն զարհուրելի ձայնը, թե «Հեռացե°ք Ինձանից, անիծյալներ, դեպի հավիտենական կրակի մեջ, որովհետև միշտ սատանայի հետևից գնացիք»: Աստված, որ այնքան ողորմած է, չզղջացող մեղավորներին չի ներում, այլ միշտ բարկությամբ է նայում նրանց: Ս. Գրիգոր.- Կարելի՞ է արդյոք մահը սուրբ ասել: Հրեշտակ.- Այո, որովհետև արդարը չխաբվեց աշխարհին, աշխարհի ցանկությունների համար իրեն մեռած համարեց և իր հույսը Քրիստոսի արքայության վրա դրեց: Դրա համար արդարի մահը սուրբ է: Նա միշտ սպասում է մահվան, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ցանկանում եմ ժամ առաջ այս մարմնից դուրս գալ և Քրիստոսի մոտ գնալ» (բ. Կորնթ. 5.8), որովհետև արդարների համար այս աշխարհը բանտ է: Ս. Գրիգոր.- Դատաստանի օրը մարդուն իր գործերին համեմատ ի՞նչ է տրվելու: Հրեշտակ.- Արդարներին այնպիսի փառք է տրվելու, որ Պողոս առաքյալի ասածի պես` ոչ աչքն է տեսել, ոչ էլ ականջը լսել և ոչ էլ մարդ կարող է երևակայել: Մեղավորներին էլ նմանը չունեցող չարչարանքներ կտրվեն: Ինչպես Արքայության փառքը, այնպես էլ դժոխքի չարչարանքը վեր է մտքից: Ս. Գրիգոր.- Ո՞ր գործն է ավելի օգտակար: Հրեշտակ.- Զղջումը, խոստովանությունը և ապաշխարությունը: Ով այս երեք գործերը կատարի, նրա համար, անտարակույս, արքայությունն իրական է: Ս. Գրիգոր.- Ո՞ր գործն է ամենավատը: Հրեշտակ.- Ամենավատը, եթե մարդ առանց զղջման ու խոստովանության մեռնի, այդպիսին, անտարակույս հավիտենական դժոխք կգնա: Ս. Գրիգոր.- Եթե մեկը մեղքերը խոստովանի, բայց առանց ապաշխարելու մեռնի, ի՞նչ կլինի նրա հետ: Հրեշտակ.- Եթե անմնացորդ զղջացել է, եկեղեցու աղոթքն ու պատարագը նրա մեղքերը կքավեն, որովհետև եթե առողջ լիներ, անպայման պիտի ապաշխարեր: Ս. Գրիգոր.- Մարմնից դուրս եկած հոգիները ի՞նչ են ցանկանում: Հրեշտակ.- Արդարի հոգին ցանկանում է դատաստանի օրը արքայության անբավ փառքը վայելել, իսկ մեղավորի հոգին խորհում է, թե դատաստանի օրը իր վիճակը ի՞նչ պիտի լինի և դժոխքի չարչարանքները մտաբերելով` միշտ լալիս է: Ս. Գրիգոր.- Գնացող հոգիները մնացողներին հիշո՞ւմ են, թե՞ բոլորովին մոռանում: Հրեշտակ.- Անպայման հիշում են: Եվ եթե ապրողները նրանց անունով ողորմություն բաժանեն և Սուրբ Պատարագ մատուցեն, ապա ննջեցյալների հոգիներն էլ նրանց համար կաղոթեն, որպեսզի Աստված բարի օրեր պարգևի ու փրկի զանազան փորձություններից, հակառակ պարագայում անհիշատակ կմնան: Ս. Գրիգոր.- Հոգիները իրար տեսնել, ճանաչել և սիրել կարո՞ղ են: Հրեշտակ.- Եթե չտեսնեին` կույրի պես կլինեին: Եթե չճանաչեին` +անասունի պես կլինեին: Ս. Գրիգոր.- Արքայության մեջ ինչպե՞ս են սիրում միմյանց: Հրեշտակ.- Այնտեղ մարմնավոր սեր չկա, այլ հրեշտակների պես հոգևոր սեր ունեն միմյանց հանդեպ: Ու բոլորը հավիտենական փառքով զարդարված, անդադար ուրախությամբ փառաբանում են Աստծուն: «Մարդուց ավելի մեծ հրաշք չկա»