Տարածաշրջան. ԻՐԱՆ «Կանաչ հեղափոխությունը» պատվեր էր Լոնդոնի՞ց


Միջազգային հանրության ուշադրության կիզակետում են Իրանում շարունակվող հուզումները: Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ռաջաբ Սաֆարովը ռուսական մամուլում ներկայացրել է իր տեսակետներն այդ իրադարձությունների վերաբերյալ: - Լարվածությունը ստեղծում է հասարակության այն մասը, որը վերջին հաշվով, բացարձակ անտարբեր է ինչպես Ահմադինեջադի, այնպես էլ Մուսավիի հանդեպ: Նրանք դժգոհ են աշխարհում ամեն ինչից: Եվ եթե նրանց նաև գրգռեն, ապա կվերածվեն բավական եռանդուն ուժի, որով հնարավոր կլինի կառավարել: Հենց դրանից էլ օգտվում են այս խառնաշփոթով շահագրգիռ մարդիկ,- ասել է Սաֆարովը: Նա համոզմունք է հայտնել, որ այդ ճգնաժամը նախապատրաստված է Արևմուտքի կողմից: Իրանում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ վաղուց են աշխատանք ներ տարվում: Եվ դժգոհներին առաջնորդելու ունակություն ունեցող որոշ մարդիկ ֆինանսավորվել են ու գաղափարապես պատրաստվել: - Ավելին,- ընդգծել է Ռ. Սաֆարովը,- արդեն հայտնի է, որ բոլոր գործողությունները պատվիրված են Լոնդոնից: Օրինակ, իրանական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսագրություն, երբ երիտասարդության մի ներկայացուցչի հստակ հանձնարարություններ են տալիս` թե ինչ անել: Ցուցադրվել է, թե ինչպես մի կին մի պատանու ասում է, որ հարկավոր է հիմա մտնել ավտոբուս և հայտարարել, թե ինքն ականապատված է: Եվ երբ բոլորը դուրս կգան` պետք է այրել ավտոբուսը: Այդ պատանուն բռնել են, և նա անձամբ խոստովանել է կատարվածը: Ինչ վերաբերում է արևմտյան լրագրողներին, ապա նրանք յուղ էին լցնում կրակին: Ոչ ավելի, քան 200 մարդկանցով հանրահավաքները ներկայացնում էին այնպիսի դիրքերով, որ թվում էր 2000 մարդ է հավաքված… Ծանոթ պատկեր չէ՞: 2008-ի փետրվարին էլ Հայաստանում էր նմանատիպ սցենար բեմականացվում: Իրանում մինչև ընտրությունների արդյունքների մասին պաշտոնական հայտարարությունը, թեկնածուներից ոչ մեկը և որևէ կառույց իրավունք չուներ հանրահավաք անցկացնել, առավել ևս` բողոքի ցույցեր: Սկզբում այդ ապօրինությունը հանդուրժել է գործող վարչակարգը: Բայց հետո սկսվել է խանութների թալանը, ծեծկռտոցներ են սարքվել: Իշխանությունների միջամտությունն էլ նոր վայնասուն է բարձրացրել… Հար և նման մեր հետընտրական ողբերգության: Ճիշտ նույն կերպ էլ սփյուռքահայերն օտար ափերից մեզ պատմում էին իրենց ներկայացված այնպիսի չափազանցութ յուններ, որ մեր տեսած խառնաշփոթն անիրական էր թվում անմիջական ականատեսներին: Իրանում, սակայն, ինչպես և աշխարհի բոլոր երկրներում, ժողովուրդը կայունություն ու անդորր է ուզում: Ու հենց ժողովուրդն էլ պետք է փորձի սաստել հրահրումների գործում մասնագիտացած մի խումբ արկածախնդիրներին: Պետք է սաստի, բայց ոչ նրանց մեթոդներով: ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեղադրել է Բարաք Օբամային` որն իր պահվածքով նմանվում է Սպիտակ տան նախկին ղեկավար Ջորջ Բուշին` Թեհրանի հանդեպ իր բրիտ պահվածքով: Անվտանգության ուժերի միջոցով Թեհրանում ցուցարարներին ցրելուց հետո, Միացյալ Նահանգները նկատելիորեն խստացրեց մինչ այդ զգուշավոր իր դիրքորոշումը: Նախագահ Օբաման էլ հայտարերեց, որ վրդովված է Իրանի իշխանությունների գործողություններից, և Վաշինգտոնը հունիսի 12-ին կայացած ընտրությունների օրինականութ յունը վիճարկող լուրջ հարցեր ունի: - Միստր Օբաման սխալ թույլ տվեց` այդ ամենն ասելով: Մենք հարցնում ենք մեզ` ինչու նա ընկավ այդ ծուղակը և սկսեց ասել այն, ինչը նախկինում Բուշն էր ասում,- հայտարարել է Ահմադինեջադը: Ինչպես հաղորդել է Reuters-ը` Իրանի առաջնորդը նաև պահանջել է Օբամայից` ներողություն խնդրել` ԻԻՀ ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության համար: Ավելին, Իրանի ՆԳՆ ղեկավար Ալի Քորդան մեղադրել է ԿՀՎ (ՃՀձ)-ին` հուզումների մասնակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար: Լրատվություն է տարածվել նաև, որ երկկողմ բանակցություններում Իրանը ընդգրկելու ամերիկյան ծրագիրը կարող է հետաձգվել: Մասնավորապես, հետ են կանչվել հուլիսի 4-ի Անկախության օրվա կապակցությամբ իրանցի դիվանագետներին ուղարկված հրավերքները: - Ակնհայտ է, որ Իրանի ներգրավման` նախագահի քաղաքականության իրականացումը հետաձգվում է: Բայց բոլոր դեպքերում հարկ կլինի գործ ունենալ Իրանի կառավարության հետ,- հայտարարել է սենատի արտասահմանյան գործերի կոմիտեի նախագահ, սենատոր Ջոն Քերրին: