Տգիտությունը ծածկելով «խոսքի ազատության» թզատերևով


Հարցրեք ցանկացած դպրոցականի, թե Հայաստանը ե՞րբ է ամենից ավելի հզոր պետականությունն ունեցել: Առանց վայրկյան իսկ մտածելու կհնչի միևնույն պատասխանը` Տիգրան Մեծի օրոք: Իսկ Տիգրան Մեծը ժողովրդավա՞ր էր: Նրա կառավարման շրջանում, մ. թ. ա. 95-55 թվականներին, ժողովուրդը երջանի՞կ էր: Զրկվածներ, զարկվածներ, դժգոհներ չկայի՞ն: Իրականում ինչպիսի՞ն է եղել մի կարճ շրջան նույնիսկ պարսից շահից «Արքայից-արքա» տիտղոսը խլած մեր երևելի թագավորը որպես մարդ, որպես պետության ղեկավար` բացի նեղ-մասնագիտացված պատմաբանների փոքր շրջանակից, հիմա, թերևս, ոչ մեկին չի հետաքրքրում: Սակայն անխտիր բոլորը հպարտանում են Տիգրանով, քանզի, ինչպես Խորենացին էր մատենագրում, «մեր ազգը, որ լծի տակ էր, բարձրացրեց և լծադիր դարձրեց»: Ժողովուրդների պատմական հիշողության մեջ մնում է նախ և առաջ հզոր պետության քաղաքացի լինելու հպարտ գիտակցությունը, ո°չ այն, թե ինքը, նույն այդ ժողովուրդը, ինչպե՞ս է ապրել, նյութական բարեկեցության ի՞նչ աստիճանի վրա է եղել, քաղաքացիական ազատությունների ի՞նչ մակարդակ է ունեցել այդ հզոր պետության մեջ: Այնպիսի մի մարդակերպ հրեշ, ինչպիսին բոլոր անցյալ ու գալիք ժամանակների ամենամեծ բռնակալներից մեկը` Իոսիֆ Ստալինն էր, հետխորհրդային պետությունների ժողովուրդների պատմական հիշողության մեջ մինչև հիմա էլ պահպանում է իր հիպնոսային ազդեցությունը, իր սատանայական գրավչությունը, ներշնչում է պատկառանք, որոշ տգետների նույնիսկ…հիացումն է շարժում: Որովհետև երբեմնի Խորհրդային Միությունը իր հզորության գագաթնակետին էր հասել հենց այդ բեղավոր հրեշի դիվային կառավարման տարիներին: Տասնյակ-միլիոններին վայրագ բորենու պես հոշոտում էր, սակայն մյուս տասնյակ-միլիոններին, ում բախտ էր վիճակվել խույս տալ այդ հրեշի արյունոտ երախից` պարգևում էր հզոր հայրենիքի քաղաքացի լինելու մեծագույն հպարտությունը: Ժողովուրդների, հասարակությունների խոշոր զանգվածների կողմից այս կամ այն անհատին տրվող բարոյական գնահատականների տեսակետից ո՞ր մոտեցումն է ավելի արդարացի, ավելի օբյեկտիվ: Բռնակալին բռնակալ ասե՞լը, թե՞ նրա ստեղծած հզոր պետականությունը գնահատելը: Ո՞վ կարող է ասել` ժողովուրդների, հասարակությունների ո՞ր մասն է իր համար գերակա համարում… ազատությունը: Ո՞ր մասն է, որ կուշտ, ապահով գոյության, հզոր պետության քաղաքացի լինելու հպարտ գիտակցության դիմաց պատրաստ չէ վճարել… անգամ սեփական ազատության որոշակի սահմանափակումների գնով: Բարոյական արժեքների ներկայիս աղետալի խեղաթյուրումների համապատկերում ժողովուրդն ինքը, ցավոք, գնալով բարոյազրկվում է: Ընչաքաղցությունը, խաբեություն ների, հարստահարումների, հափշտակությունների գնով ի վերուստ տրված միակ կյանքը «վայելելու» մոլուցքը մոռացնել է տալիս հազարամյակների խորքից եկող այլ պատկերացումներ` հայրենասիրություն, ազնվություն, մերձավորի հանդեպ սեր, նվիրվածություն, հավատարմություն, մարդուն մարդ դարձնող ու վեհացնող այլ զգացումներ: Մենք, ավա¯ղ, դժբախտություն ունենք վկան ու տարեգիրը լինելու մեր ժողովրդի որոշակի մասի բարոյական նկարագրի այդ աղճատման, նրա բարոյական դիմագծի այդպիսի աղավաղման: Անցյալ շաբաթ այդ ամենին մեծագույն ցավով անդրադարձավ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը` «Արարատ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Մեծ դերասանը անսահման դառնացած էր, որ մեզանում տեղից վեր կացողն իրեն իրավունք է վերապահում խոսելու…ժողովրդի անունից: Եղբա°յր, դու ո՞վ եղար, որ վկայակոչում ես…ժողովրդին: Ի՞նչ գիտես, թե ժողովուրդն այս կամ այն հարցի մասին ի՞նչ է մտածում: Եվ հետո` ո՞վ ասաց, թե ժողովուրդը…Ճի¯շտ է մտածում: Սոս Սարգսյանը, վկայակոչելով հին աշխարհի հույն մեծ փիլիոսոփա Սոկրատեսին, հեռուստաէկրանից ուղղակի տնքում էր` «ժողովրդի մեջ էնքա¯ն հիմարներ կան,-ասում էր նա,- 100 հիմարը կարո՞ղ է մեկ խելացի մարդ ընտրել…»: Սա մեծ արտիստի հայացքն էր ժամանակակից ժողովրդավարության, ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններով սեփական իշխանությունները ձևավորելու նրա իրավունքի մասին: Անշուշտ, կգտնվեն մարդիկ, ովքեր ի զորու չեն ընկալել այս ճշմարտությունը: Որովհետև անպատկառությունը, քողարկվելով «խոսքի ազատության» ժողովրդավարակա¯ն շղարշով, նույնպես դարձել է մեր ներկա կյանքի մեծագույն խայտառակություններից մեկը: Ամեն թերուս, ամեն համբակ, իր տգիտությունը ծածկելով «խոսքի ազատության» թզենու տերևով, լկտիություն ունի…խե¯լք սովորեցնել իրենից միլիոնապատիկ ավելի խելոքներին, վաստակյալներին, կենսափորձով իմաստնացածներին: Մեր պատմության մեջ սեփական ժողովրդին սթափության կոչելու, նրան խրատելու, նրա արատները երեսով տալու քաղաքական քաջություն ունեցողները քիչ չեն եղել: Սկսած Մովսես Խորենացուց, մինչև Թումանյան, Նժդեհ, Դեմիրճյան, Սևակ… ժողովրդի լավագույն զավակները ոչ թե քծնել են նրան, այլ`…ապտակել: Որպեսզի ուշքի գա, չհրապուրվի ամեն հիմարի ետևից առանց մտածելու վազելու կոչերով: Մենք միայն այն ժամանակ ենք մեծ կամ փոքր հաջողությունների հասել, երբ լսել ենք ոչ թե ժողովրդին քծնողներին, այլ… ապտակողներին: Որովհետև ժողովրդին քծնում են միայն նրանք, ովքեր ուզում են նրան հիմարացնելով` քաղաքական դիվիդենդներ շահել, ձայն ու համակրանք մուրալ և այդ կապիտալը ծառայեցնել…իշխանության հասնելու իրենց նպատակներին: Մինչդեռ ժողովրդին ապտակելով սթափության մղողները երբեք իշխանության չեն ձգտել: Եթե երբևէ ձգտել էլ են, ինչպես մի ժամանակ նույն Սոս Սարգսյանը, որ տարիներ առաջ նույնիսկ նախագահի թեկնածու էր առաջադրվել, երբեք հաջողության չեն հասել: Ճակատագրի հեգնանքն է` մեծերին գնահատում են ոչ այնքան իրենց ժամանակակից ները, որքան` հետնորդները:

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ