Գրադարանը թվայնացվում է


Թվայնացման ու ավտոմատացման հանրապետության առաջատար մասնագետը նշանակվեց Ազգային գրադարանի տնօրեն: Առաջին օրն սկսվեց ղեկավար կազմի ու բաժինների վարիչների հետ ծանոթությունից: Երբ արդեն հավաքվել ու սպասում էին, թե ով է խախտելու լռությունը, աշխատակցուհիներից մեկը փռշտաց: Հիմնարկը կուլտուրական, տնօրենը` նոր: Ուստի չորս կողմից փռշտացողին առողջություն մաղթեցին, բայց նոր տնօրենն առաջարկեց, որ առողջություն մաղթելու փոխարեն լավ կլինի մտածել, թե ինչպես պետք է ազատվել փոշու բուն դարձած, փռշտացնող գրացուցակներից ու քարտարաններից` դրանք մտցնելով համակարգիչների մեջ: Ապա հավելեց այսպես. - Անցան գյուղական ժամանակները,- ասաց նա,- երբ բոլորդ անուններ ունեցող մարդիկ էիք: Այսօր յուրաքանչյուրդ կստանաք ձեր նիշը, որովհետև թվայնացվում ենք: Այս սարքը,- ասաց նա` ցույց տալով կողքին տեղադրված համակարգչային մի սարք,- նրա համար է, որ ես կարողանամ ձեզնից յուրաքանչյուրի մոտ տեղադրված ձայնային ազդանշանով հարկ եղած դեպքում ձեզ կանչել ինձ մոտ: Հասկանալի է, որ այստեղ վերանում է քարտուղարուհու գործոնը: Քանի որ թվայնացումը ժամանակի խնայողութ յուն է, առաջնորդվենք այդ կարգախոսով ու սկսենք ձեզ իրարից նիշերով տարբերակման գործընթացը: Սկսենք 0-ից: Թեպետ ձայնային ազդանշանով այն կանչել հնարավոր չէ, բայց քանի որ հավերժության նշան է, թող այդպես անվերջ էլ մնա` որպես նախկին տնօրենի տարբերանշան: Այսպես, առաջին մի քանի թվերն ստացան համակարգիչների հետ առընչվող աշխատակիցները` նոր տնօրենի կիսաժպիտի հավելումով: Ստանալով 5-րդ համարը, փոխտնօրենը պահելով ավանդական միջոցառումների ոգին, կանգնեց և ուզեց ասել, որ հին ու բարի ժամանակներում 5-ը գերազանցության նշան էր, բայց... կարկամեց ու նստեց: Մի տիկին, որը ստացավ 8-րդ համարը, հավանաբար, ինչ-ինչ ոգեշնչման աղբյուրներ հիշելով, գեղեցիկ ու շնորհակալական խոսքեր ուղղեց տնօրենին, բայց վերջինս կոշտ ու հատու դրեց այդ զեղումների վերջակետը: Հաջորդ օրը բաժիններում սովորականի պես ընթացող աշխատանքներին ավելացել էր նոր տնօրենի մոտ կանչող ազդանշանային սարքին ականջալուր լինելը: Փոխտնօրենն, իմանալով, որ նոր տնօրենն իրեն հաճախ է կանչելու, աշխատում էր` սպասելով իրար ետևից կարճ ու կտրուկ հինգ անգամ հնչող ազդանշանին: Ահա և հնչեց այն, նույնիսկ լուսային թարթումներով` մեկ-երկու, երեք-չորս-հինգ: «Ինձ է կանչում»- մտածեց նա ու թեթևակի թակելով տնօրենի դուռը, բացեց այն: Նոր տնօրենը գլուխը բարձրացնելով` զարմացած նայեց փոխտնօրենին ու հարցրեց. - Էս բոլորի տեղը դուք ե՞ք աշխատում: - Կանչեցիք... - կես հարցական ասաց փոխտնօրենը: - Ես 2-ին ու 3-ին կանչեցի,- դժգոհեց նոր տնօրենն ու շարունակեց: ¬«Պրաբելից» բան չե՞ս հասկանում: - «Պրաբելից» կարող է չհասկանամ, բայց «սեյվը» գիտեմ, այ, եթե դուք ինձ «սեյվ» անեք ու պահեք, լավ կլինի: Բայց նոր տնօրենը բարդացրեց իրավիճակը: - «Մենակ «սեյվ»-ով չի լինի, ինձ «սեյվ ազ» է պետք, որպեսզի կարողանամ Ձեր միջոցով գործ անել,- ասաց նա: Փոխտնօրենն, իհարկե, «սեյվ ազի» պահով անգրագետ չէր, բայց մտահոգ հեռացավ, որովհետև «պրաբելի» գործն էր դժվար: Ճիշտն ասած, այդքան էլ դժվար չէր, որովհետև հաջորդ օրը նա հստակորեն տարբերեց հինգ անգամ տրված ազդանշանը` առանց ընդհատման: Գործը դժվարացավ նրանով, որ, երբ ուզեց իր սենյակից դուրս գալ, ազդանշանը կրկնվեց: Ոտքը կախ գցեց. «Գուցե 10-րդի՞ն է կանչում»: Քիչ հետո նորից կրկնվեց: «Գնա՞լ, թե չգնալ..., գնա՞լ, թե չգնալ..., գնալ»: Կրկին կարճ թակոցով բացեց տնօրենի դուռը: Վերջինս առանց հայացքն իր կողքի սարքից կտրելու` դիմեց փոխտնօրենին, թե` «ետ գնացեք ու նորից հանգիստ եկեք, էս անտերը կախվել է»: - Ինչո՞ւ, փչացել է՞,- գլուխը բարձր հարցրեց փոխտնօրենը: - Մի բան, որ չփչանա, կկախվի՞,- դժգոհեց նոր տնօրենը փոխտնօրենի չիմացությունից: Բայց վերջինիս գլուխը դեռ բարձր էր, ու նա այդպես էլ պատասխանեց սարքին անընդհատ մատով հարվածող տնօրենին, ասելով` - Ի՞նչ իմանամ, իմ պրակտիկայում այդպիսի բան չկա: - Չկա, կլինի, առայժմ գնա, մինչև էս կախված սարքը կարգի գցեմ, նոր կկանչեմ: - Բա որ չսարքվի, ո՞նց կկանչեք...,- մինչ փոխտնօրենը լուրջ էր հարցնում, նոր տնօրենը ծիծաղեց. - Մի բան կմտածեմ,- ասաց նա: - Չէ, ըստեղ ուրիշ բան կա,- առանց նոր տնօրենի կողմը նայելու ինքն իրեն ասաց փոխտնօրենը: Բայց նոր տնօրենն աչալուրջ անձնավորություն էր. - Ի՞նչ պետք է լինի,- հարցրեց նա: - Էս հո նրա անեծքն է... - Ու՞մ: - Կաշխատեք, կտեսնեք: (Եթե դեռ էլի չիմացող կա, ասեմ, որ մարզային գրադարաններից մեկի տնօրենն անվարժ ռմբահարող էր` թիրախը երկար ժամանակ ուղղած այս փոխտնօրենին): Վերջինս դուրս եկավ նոր տնօրենի կաբինետից, իսկ ազդանշանային սարքը դեռ երկար հնչում էր, որովհետև «կախվել էր»: Ի՞նչ էր ազդարարում այն, ո՞վ գիտե. Գուցե օրհնությու՞ն... Շուշանիկ ՈՍԿԱՆՅԱՆ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փոխտնօրեն